Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քվեարկության արդյունքների պատասխանատվությունն իմը չէ, ժողովրդի քվեն ստացած պատգամավորներինն է, բոլոր հարցերին իրենք պետք է պատասխանեն». Հայկուհի Հարությունյան

Դեկտեմբեր 07,2023 17:12

Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության անցկացման մասին հայտարարվեց, բայց ընտրությունը չկայացավ, քանի որ պատգամավորները չմասնակցեցին։ ՔՊ եւ «Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին ընտրությանը չմասնակցելու մասին։ Առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը  եւ Նարինե Ավետիսյանը։

«Առավոտի» հետ զրույցում, հարցին, թե իր համար սպասելի՞ էր այս արդյունքը, Հայկուհի Հարությունյանը պատասխանեց. «Եկեք չմեկնաբանեմ, ամեն դեպքում թողնում եմ հանրության դատին։ Թեեւ որեւէ չակերտավոր ճնշում, ըստ իրենց նշածի, այլ տեսակի ազդեցություն, դրսից կամ ներսից, կամ նույնիսկ խոսույթով որեւէ նպատակ բացարձակ չկար, բայց ամեն դեպքում, քանի որ որակումներն այդպիսին են, ես այդ մասը չեմ մեկնաբանի։ Բայց կարծում եմ նաեւ, որ ընդհանուր քննարկումը նաեւ ամբողջ հանրությանն է։ Եվ մարդիկ, ովքեր հետաքրքրված են, ինքնուրույն դատողություն անելու հնարավորություն են ունենում»։

Հայկուհի Հարությունյանը նշեց, որ պետք է հավասարակշռել։ «Չի կարելի մի դեպքում ասել՝ մենք ժողովրդի մանդատը ստացած ենք, ոչ ոք այս Ազգային ժողովից մեզ չի կարող դուրս հանել, հետո ժողովրդի պահանջը, կապ չունի, իրենց դուր է գալիս, թե ոչ, որակել որպես ճնշում կամ ճնշման փորձ։ Այստեղ առնվազն ձեւակերպումների մակարդակում, բայց նաեւ իրական գործողությամբ ակնկալիք կա ավելի իրական դրսեւորումների»,- հավելեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրվել, եթե ի սկզբանե այս իրավիճակը սպասելի էր, Հայկուհի Հարությունյանը պատասխանեց, որ ժողովրդավարական երկրում երբեմն նաեւ այս տեսակի դժվար ճանապարհով պիտի ցույց տալ գործընթացները։ «Եվ պրոցեսներն առանձին կայանում են նաեւ հենց այս տեսակի գործընթացների միջոցով, այլապես այս ամբողջը՝ որպես հռչակագրային դրույթներ, ժողովրդավարության մասին չէ իրականությունը։ Եթե ընդունում ենք, որ գործընթացը մրցակցային է, որ մրցութային խորհուրդը ներկայացրել է ընտրված թեկնածուներին՝ ըստ կոնկրետ հատկանիշների, ապա այլ տարբերակ, քան մինչեւ վերջ այդ գործընթացն անցնելը, ես ինքս իմ ինձ համար չեմ դիտարկում։ Եվ կարծում եմ՝ իմ ընկալած կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից դա նաեւ հենց այն վճռականության հարցն էր, որը ես դրսեւորեցի։ Անկախ այն բոլոր տեսակի հայտարարություններից, վերաբերմունքից, որը դրսեւորվեց, միեւնույն է, ես ինքս ինձ եւ իմ պատկերացրած կոռուպցիայի կանխարգելմանը հավատարիմ լինելով՝ պատասխանատվությունը նաեւ վերցրեցի։ Քվեարկության արդյունքների պատասխանատվությունն այլեւս իմը չէ, քվեարկության արդյունքների պատասխանատվությունը ժողովրդի քվեն ստացած պատգամավորներինն է, բոլոր հարցերին իրենք պետք է պատասխանեն»,- հավելեց նա։

Հայկուհի Հարությունյանը նաեւ ասաց, որ մրցույթը հայտարարվելուց հետո դարձյալ առաջադրվելու իրավունք ունի, բայց այդ պահին նույնիսկ չի էլ ուզում դրա մասին մտածել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031