«Ես կարծես թե Հայկուհի Հարությունյանի հակահերոսն եմ, ինչը ինձ սփոփում է»,- իր ելույթում հայտարարեց ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանի ամփոփիչ ելույթին, որտեղ նա ասել էր. «Պարոն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք եւ ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ: Բայց առաջարկում եմ շահերի բախման մասին խոսելիս, ինչքան էլ այդ որոշումը ամենաանպրոֆեսիոնալը թվա, հորդորում եմ օրենքը նորից կարդալ եւ հարցին պատասխանել, թե ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը, որպես առողջապահության նախարար ձեր պաշտոնավարման ընթացքում, ո՞նց է եղել, որ պայմանագրի արժեքը մեծացրել է, դարձել է մինչեւ 350 մլն-ից ավել արժեքով»:
Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ նրան որակելով խիստ քաղաքական գործունեությամբ զբաղվող. «Տիկին Հարությունյան, մենք հավանաբար կհանդիպենք դատարանում այն զրպարտանքի համար, որ դուք այստեղից հնչեցրեցիք: Օրենսդրությունը չի նախատեսում զրպարտանքի չափով փոխհատուցում՝ 350 մլն դրամի, բայց օրենքով սահմանված կարգով էդ հայցադիմումը կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ