Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր ՔՊ պատգամավորների նկատմամբ է վարույթ հարուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. Կոնջորյանին հերքում են ու անուններ հրապարակում

Դեկտեմբեր 07,2023 16:31

ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Նարինե Ավետիսյանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց, թե ՔՊ ո՞ր պատգամավորների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ են այս ընթացքում վարույթներ հարուցվել, որո՞նք են տարբեր ճնշումների ենթարկել հանձնաժողովին, որովհետեւ հենց ինքն է զբաղվել վարույթներով, ի՞նչ կոռուպցիոն դրսեւորումներ են բացահայտել:

Նարինե Ավետիսյանն ասաց, որ իրենք զբաղվել են անհամատեղելիության, շահերի բախման մասով, բայց տեղեկատվություն ունի. «2020-2023-ին բոլոր տեսակի վարույթները եղել են շուրջ 18-ը: Ունեցել ենք ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ կապված: 2021-ին 5 պատգամավորի հետ կապված ունեցել ենք անհամատեղելիության մշտադիտարկման շրջանակում հարուցված վարույթ՝ Հայկ Սարգսյան, Անի Սամսոնյան, Հակոբ Սիմիդյան, Արսեն Միխայլով եւ Վահե Ղալումյան: Ունեցել ենք 2022-ին 3 վարույթ՝ նորից Վահե Ղալումյան, Արթուր Մանուկյան եւ Հայկ Գեւորգյան: Վարչական իրավախախտումների վերաբերյալ 2023-ին ունեցել ենք Էդուարդ Աղաջանյանի հետ կապված վարույթ, 2020-ի վարույթը եղել է Գագիկ Ծառուկյանի հետ կապված եւ 2023-ին ունեցել ենք Աննա Գրիգորյան, Խաչատուր Սուքիասյան, Գեղամ Նազարյան, Գուրգեն Արսենյան եւ Արմեն Չարչյան: Ընդ որում, Արմեն Չարչյանի հետ կապված ունեցել ենք 2 վարույթ: Ընդհանուր թիվը՝ 18 վարույթ: Եղել են վարույթներ, որ կասեցվել են, տույժ եւ պատասխանատվություն չի կիրառվել, եղել են վարույթներ, որ կասեցվել եւ դատախազություն են ուղարկվել»:

Այս ցանկը հրապարակելով՝ Նարինե Ավետիսյանը փաստորեն հերքեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որը Հայկուհի Հարությունյանին ասում էր. «Դուք ասացիք, որ ՔՊ-ական 71 պատգամավորներից 25-ի վերաբերյալ վարույթ է հարուցվել, այնինչ խոսքը 5 պատգամավորի մասին է․ մենք ո՞նց ձեզ ընտրենք»:

Թագուհի Թովմասյանը նաեւ հարցրեց՝ դուք անկախ աուդիտորական կազմակերպությունից ստացել եք եզրակացություն, որ ՔՊ-ն 525 անանուն գույք է նվեր ստացել, ումի՞ց ինչի՞ դիմաց եւ ի՞նչ հանգամանքներում, կխնդրեմ տաք տեղեկություն, ինչպես նաեւ ֆինանսական մուտքերի մասով, որոնք աուդիտորական ընկերության կողմից որակվել են որպես կասկածահարույց:

Նարինե Ավետիսյանն ասաց, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում, բայց չի կարող լինել նվիրատուների ցանկ, որ փակ լինի. «Այո, ռիսկեր կարող են լինել, երբ չի հանրայնացվում, թե նվիրատվությունը ումից է եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031