«Ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ, այնուամենայնիվ, ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին։ Բայց դա ոչ մի ձև չի ազդելու Հայաստանի Հանրապետության որոշման վրա՝ ապահովելու ՀՀ անվտանգությունը։ Ներողություն եմ խնդրում, բայց եթե իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում, իսկ դա փաստ է, որ չեն կատարվում, ՀՀ-ն միանշանակ պետք է պաշտպանի իր շահերը, եւ այլ կարծիք չի կարող լինել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ կողմից Հայաստանին զենք չմատակարարելու հարցը հնարավո՞ր է գործընկերային մթնոլորտում լուծել։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի նիստին չմասնակցելու իր որոշմանը, Սիմոնյանն ասաց. «Անկեղծ ասած, իմաստ չեմ տեսնում մասնակցելու, որովհետեւ կան չլուծված հարցեր, մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում: Մենք լսում ենք, որ միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում։
Այնինչ, եթե նայենք նոյեմբերի 9-ից այս կողմ, ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ շատ-շատ վատ է դրսևորել իրեն՝ որպես ՌԴ դաշնակից՝ սկսած ռուս զինվորներ սպանելուց, վերջացրած պայմանավորվածությունները խախտելով։ Այսինքն՝ Ադրբեջանն ինչ ուզել, մեր տարածաշրջանում արել է, իսկ Ռուսաստանը կամ չի կարողացել, կամ չի արձագանքել։ Ռուսական կողմը մեծ աղմուկ բարձրացրեց, որ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, երբ որ ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ նման օգնություն է ուղարկել, բազմաթիվ անգամ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին։ Բայց ոչ մի ծպտուն Ռուսաստանի չակերտավոր «արդարացի» ԱԳՆ-ից մենք չլսեցինք: Խախտվել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, խախտվել են ներքին պայմանավորվածությունները, գերիների վերադարձը, եւ այլն։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը, ցավոք սրտի, Հայաստանի պարագայում շատ ցավոտ է արձագանքում, իսկ Ադրբեջանի պարագայում, իմ կարծիքով, կամ չի կարողանում, կամ ձեւ է անում, որ չնկատի, որպեսզի լավ դեմքը պահպանի վատ խաղի ժամանակ»,- հավելեց ԱԺ նախագահը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ