«Մենք ասել ենք, որեւիցե հանդիպումից չենք խուսափում, վերջին առնվազն երեք հրավերը մերժել է ադրբեջանական կողմը։ Հույս ունենք, որ ավելի կառուցողական կդառնա ադրբեջանական կողմը։ Եվ բացի այն հայտարարություններից, որ իրենք խաղաղություն են ուզում եւ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որ պատմական շանս կա, բացի այս հայտարարություններից, նաեւ իրականում գործնականում կկարողանան ինչ-որ քայլ անել, որը կբերի ռեալ շոշափելի խաղաղության»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը, որ Բլինքենն անհամբերությամբ սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ բանակցություններ անցկացնելու համար։
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Ալիեւի հայտարարությանը, որ Արցախի հայերի վերադարձի հարցը պետք է կապվի Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հետ։ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն միգուցե կդժվարացնեն պայմանագրի կնքումը։ Եվ դա շատ բացասական եմ գնահատում, որովհետեւ այն, ինչ մենք բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլ շատ լավ գիտեն։ Եվ հիմա անընդհատ դրա մասին խոսելն արհեստական խնդիրներ է առաջացնում։ Ակնհայտ է, որ եթե իրոք մենք խոսում ենք խաղաղության մասին եւ ոչ թե թուղթ ենք ստորագրում կամ ձեւ ենք անում, ապա հիմա վրացիները, որ գալիս են Հայաստան ապրելու, որեւիցե խոչընդոտ կա՞։ Կամ հայերը, որ գնում են Վրաստան, որեւիցե խոչընդոտ կա՞։ Դա նշանակում է, որ պետք է ինչ-որ ժամանակ անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի այդ ատելության խոսքը, որն իրենք դարձրել են արդեն իրենց բրենդային ինչ- որ մի բան։ Մեզ չի կարելի մեղադրել նույնի մեջ, որովհետեւ մեզ Հայաստանում մեր ընդդիմադիր գործիչները, լրագրողները հակառակը, մեղադրում ասում են՝ Ադրբեջանի ջրաղացին եք ջուր լցնում, պետք է հասկանալի լինի, որ, այո, ժամանակ կանցնի, չեմ բացառում, որ հայեր կգնան Ադրբեջանում կապրեն, եւ ինչ-որ ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առեւտուր կանեն իրար հետ։ Այո, խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում։ Եվ այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք, եւ դա անլուծելի խնդիր է, ինձ համար անընդունելի է, որովհետեւ պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր՝ Անգլիան եւ Ֆրանսիան 116 տարի պատերազմել են եւ այսօր ամենամեծ դաշնակիցներն են աշխարհով մեկ։ Ես չեմ ասում, որ մենք վաղը կամ մյուս օրը նման արդյունքի են հասնելու, բայց մենք պետք է ապրենք մի տարածաշրջանում եւ բոլոր խնդիրները պետք է փորձենք լուծել»,- ասաց նա։
Հարցին, թե մինչեւ տարվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չգիտեմ։ Ցանկության դեպքում 5 օրվա մեջ, 10 օրվա մեջ կարելի է այդ պայմանագիրը ստորագրել։ Հիմա մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, սա արդեն վեցերորդ փոխանակումն է, այսինքն՝ արդեն բավական աշխատանք է տեղի ունեցել։ Եվ եթե ադրբեջանական կողմը նոր առաջարկ չներկայացնի, իհարկե, կարելի է մի քանի օրվա մեջ ստորագրել»։
Անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, որ առանց պայմանագիր ստորագրելու էլ կարելի է խաղաղություն հաստատել, ինչպես Ռուսաստանի եւ Ճապոնիայի դեպքում, ԱԺ նախագահն ասաց. «Եթե ինքն այդպիսի օրինակ է բերել, անհաջող օրինակ է, որովհետեւ ես չեմ կարծում, որ այն տարածքային խնդիրը, որը ներկայացնում է Ճապոնիան Ռուսաստանին եւ այն խնդիրը, որը մենք մեր տարածաշրջանում ունենք, նույնական են։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, հիմա եկել այսքան գործ են արել, այո, կարելի է դրան հասնել, եթե Ադրբեջանի նախագահն սկսի դրական քայլերից, օրինակ, փոխի իր հռետորաբանությունը, գա այն հանդիպումներին, որոնք տարբեր հարթակներում կազմակերպվում են եւ վերահաստատի այն, ինչ ինքն ասել է հանդիպումների ժամանակ»։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ալիեւն առաջինն իր ու իր քաղաքականության մեջ պետք է փնտրի երաշխիքներ, որ ռեւանշ չի լինի։ Ըստ Սիմոնյանի՝ ադրբեջանական կողմից շատ բան է կախված։ «Չի կարելի կրակել ու հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք եւ ասել՝ ես ռեւանշիզմից վախենում եմ։ Չի կարելի չգալ խաղաղության պայմանագրի հանդիպումներին եւ ասել՝ ես ռեւանշիզմից վախենում եմ։ Չի կարելի տարբեր տեղերում ստիպել Հայաստանին, աղմուկ բարձրացնել Հայաստանի համար գնվող զինատեսակների համար, որոնք պաշտպանողական են եւ ասել՝ մենք ռեւանշիզմից վախենում ենք։ Ռեւանշիզմից վախենում ես, նորմալ հարաբերություններ հաստատիր քո անմիջական հարեւանների հետ»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ