Լրահոս
Օրվա լրահոսը

Հանվի՛, հլը էս գժին նայի…հրելո՞ւն ես սովոր, հրեմ, ընկնես, որ ֆայմե՞ս. դրվագներ թիվ 94 մանկապարտեզից

Դեկտեմբեր 07,2023 15:30

Aravot.am-ը ներկայացնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզի ավագ խմբի առօրյայից մի քանի դրվագ: Ինչու ենք որոշել ներկայացնել, որովհետեւ այս խմբի դաստիարակի մոտեցումներն ու աշխատանքային մեթոդները, մեր համոզմամբ, իսկական վարպետության դաս կարող են լինել բոլոր մանկավարժների համար:

Դաստիարակի այս մոտեցումներին ծանոթ են երեխաների շահերի պաշտպանությամբ «մտահոգ» պետական կառույցների համապատասխան բաժինների ղեկավարները՝ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը, վարչական շրջանի կրթության բաժնի պետը: Նրանք այս կոնկրետ դեպքերով արձանագրել են հակամանկավարժական գործունեություն, եզրահանգել, որ մանկավարժը պետք է աշխատանքից անհապաղ հեռացվի:

Իսկ ինչ է տվել այդ արձանագրումը. գործնականում՝ ոչինչ:

Ներկայացնենք ընթացակարգը. որպեսզի մանկավարժը աշխատանքից ազատվի հակամանկավարժական գործունեության համար, քաղաքապետարանի կամ վարչական շրջանի կրթության բաժնի պետը պետք է մանկապարտեզի տնօրենին գրավոր ցուցում տա, իսկ գրավոր ցուցումի համար պետք է հիմք՝ համապատասխան ապացույցով ծնողը ահազանգ ներկայացնի թեժ գծերին:

Խնդիրն այն է, որ վարչության պետի՝ այսինքն` մանկապարտեզի տնօրենի վերադասի ցուցումը պարտադիր կատարման ենթակա չէ, մանկապարտեզի տնօրենը կարող է շատ հանգիստ հակափաստարկներ ներկայացնել, որ հակամանկավարժական գործունեություն չի տեսնում ու մերժի ցուցումը կատարել:

Իսկ մերժման հետքերով զբաղվում է ծնողը, ոչ թե պետական կառույցը, որը արձանագրել է հակամանկավարժական գործունեություն: Այսինքն՝ պետական կառուցի գործունեությունն ավարտվում է ծնողին թեժ գծեր ուղղորդելով:

Ինչու են ծնողները հիմնականում նախընտրում լռել պարտեզի խնդիրների մասին

Այն տարածված մտայնությունը, որ միեւնույնն է՝ խնդիրը բարձրաձայնելու դեպքում էլ ոչինչ չի փոխվի, պարզվում է՝ շատ էլ իրական է: Ու շատ դեպքերում ծնողները հենց այս պատճառով են նախընտրում խնդիրների վրա աչք փակել: Խնդիրը բարձրաձայնելուց հետո լավագույն բանը, որ կարող են առաջարկել ծնողին՝ երեխայի խումբը կամ պարտեզը փոխելն է: Այսինքն՝ խնդիրը բարձրաձայնելուց հետո ծնողին մնում է միայն «բողոքականի» պիտակն իր բոլոր վատ հետեւանքներով:

Խնդիրների այսպիսի լուծումները կանաչ լույս են վառում բոլոր մանկավարժների առջեւ՝ երեխաների հետ խոսելու ու վարվելու այնպես, ինչպես ուզում են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Gohar says:

    Երեխայի աղիողորմ , անմխիթար, օգնություն աղերսող լացը ականջներումս է։ Հետագայում երեխայի ատելությունը կարող է փոխվել վրեժխնդրության։ Նա ատելով իր մանկության այդ չար աշխարհը ,նրա զոհից կարող է վերածվել դաժան հանցագործի։ Ահա եվս մեկ ապացույց այն բանի , որ հասարակության կայացման հիմքը կրթությունն է։ Իմ կարծիքով , որքան էլ որ դաստիարակը մեղանչի , նրան պետք է դատել եվ ընդմիշտ զրկել կրթության ոլորտում աշխատելու իրավունքից։

  2. Սուսաննա says:

    Հինգ տարի ազատազրկում խստացված ռեժիմով:

  3. Շուշան says:

    Հինգ տարի ազատազրկում դաստիարակչուհուն՝ մի շարք հոդվածներով և խստացված ռեժիմով:

  4. Նվեր Սարգսյան says:

    Ցավոք այս մոտեցումները ոչ միայն պետական նախակրթարաններում են այլ նաև մասնավոր դպրոցներում՝ վճարովի։ Ոչ-մանկավարժները դառնում են մանկավարժ ու ցավոք պետության վերահսկողական գործառույթը կաղում է հատկապես մասնավոր կրթական համակարգում։ Հաճախ այսպիսի վարմունքը արդարացվում է ցածր աշխատավարձով կամ ծնողի դաստիարակման բացով։ Մոռանում են, որ ծնողը մասնագիտություն չէ։ Իսկ մանկավարժը՝ մասնագիտություն է, որի համար 5-7 տարի սովորում են։ Նման «մանկավարժները» խեղում են մի ամբողջ սերունդ։ Պետությունը պետք է խիստ մտահոգվի այս տեսակ ազգային անվտանգության խնդիր հանդիսացող դեպքերով։ Սա ասելով բնավ չեմ արդարացնում որոշ ծնողների դաստիարակությունը ևս ու ցավոք ունենք այն ինչ ունենք։ Սա, ի դեպ, բոլոր մանկավարժներին չի վերաբերում։ Հարգանք ու խոնարհումս՝ իրական, իրենց գործի նվիրյալ մանկավարժներին։

  5. Anonymous says:

    Դեռևս պարզ չէ, թե երեխան ինչու չի ուզում հանվել, հնարավոր է, երեխան բնավ էլ անդաստիարակ չէ, պարզապես դաստիարակների անտանելի պահվածքի հետևանքն է երեխայի պահվածքը։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031