Հայկական լեռնաշխարհը դարեր շարունակ ենթարկվել է ահեղ երկրաշարժերի կործանիչ ցնցումներին, որոնց հետևանքով ավերվել են բազում բնակավայրեր, հիմնովին փլատակների են վերածվել վանական համալիրներ, եկեղեցիներ, ամրոցներ ու կամուրջներ, ձորերում առաջացրել փլվածքներ՝ խաթարելով հարյուրավոր աղբյուրներ, և այս ամենը ուղեկցվել է հազարավոր մարդկային զոհերով:
Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերին անդրադարձել են ինչպես հայ, այնպես էլ օտար պատմիչներն ու աշխարհագիրները: 10-րդ դարի աշխարհագետ Իբն ալ Ֆակիհ Համադանին իր «Երկրների գիրք» աշխատության մեջ գրել է. «Ինչ վերաբերում է Հայաստանին և Ատրպատականին, այս երկու երկրները կործանվում էին հեծելազորի սմբակներից, մեկ էլ կայծակի հարվածներից և երկրաշարժերից»:
Լեոնարդո դա Վինչին 1482թ. Հայաստանում՝ Երզնկայի երկրաշարժի արհավիրքները տեսնելով, Սիրիայի տեղապահին ուղղված նամակներից մեկում գրել է, որ ականատես է եղել մի մեծ աղետի, որը իր ահավորությամբ կցնցի ամբողջ աշխարհը: Այդ երկրաշարժից զոհվել էր 30 հազար մարդ:
Բնական էր, որ երկրաշարժերը ծանր տպավորություն են թողել մեր պատմիչների ու ժամանակագիր ականատեսների վրա: Նրանք սրտի կսկիծով ու տրտմությամբ են նկարագրել դրանց մանրամասները, պատճառած ցավը և այն բնորոշել բազում անվանումներով: Ուրիշ ո՞ր ժողովուրդներն ունեն երկրաշարժը բնութագրող այդքան բառեր. ահեղ, աղետաբեր, ահագին, ահասարսուռ, ամայացնող, սաստիկ, սաստկագույն, կործանիչ, մահաբեր, ուժգին, ուժեղ, ուժգնաշարժ, վշտաշարժ, վշտաբեր, չար, անբարի, դառն, ոչնչացնող, հանկարծահաս և այլն:
Կարդացեք նաև
Երկրաշարժերն երբեմն այնպիսի ընդարձակ տարածք են ընդգրկել ու վիթխարի ուժգնություն ունեցել, որ ահաբեկված ժողովրդին թվացել է, թե աշխարհի վերջն է: Այդ սարսափն են զգացել մեր մատենագիրներից Արիստակես Լաստիվերտցին, Կիրակոս Գանձակեցին, Զաքարիա Քանաքեռցին և շատ ուրիշներ:
Երկրաշարժերին նվիրված ողբեր են գրել մի շարք տաղերգուներ: 1407թ. Սյունիքի երկրաշարժը ողբում է Թովմա Մեծոփեցին, 1457թ. Երզնկայում՝ Թորոս Մշեցին, 1469թ. դարձյալ Երզնկայինը՝ Մկրտիչ Նաղաշը, 1482թ. և կրկին Երզնկայինը՝ Մըսկին երեց Անուշպակցին ու հայազգի Ղուլ-օղլի Երզնկացին, 1679թ.՝ հայազգի Սաֆար-օղլին, 1771թ. Բասենինը՝ ոմն Սողոմոն, 1840թ. Ակոռիի երկրաշարժը՝ Ազբար Ադամը և շատ ուրիշներ: Երկրաշարժերը հիշատակել է նաև Մովսես Խորենացին իր հանրահայտ ողբում:
1185թ. երկրաշարժից, երբ հիմնահատակ կործանվել է Գետիկի վանքը, Մխիթար Գոշը գրել է «Ողբ ի վերայ բնութեան» երկը: Եվ միանգամայն իրավացի էր Առաքել Սյունեցին, երբ գրել է. «Թե ամեն աշխարհ գան զմեզ ողբան չէ բավական»:
Երկրաշարժերը հիշատակվում են նաև վիմագիր արձանագրություններում, 1176թ.՝ Կոշում, 1264թ.՝ Ուշիում, 1267թ.՝ Կողբափորի Առաքելոց վանքի խաչքարին, 1321թ.՝ Նորավանքում, 1407թ.՝ Որոտնավանքում, 1679թ.՝ Երևանում, 1840թ.՝ Կամարիսի եկեղեցում և այլուր:
Հետաքրքիր է նաև Կարին քաղաքի մոտ գտնվող Հինձք գյուղի Կարմիր վանքը երկրաշարժից փլվելու ու վերանորոգելու մասին վիմագիր բանաստեղծությունը: Սակայն ամենասոսկալին փորագրված է 1322թ. Վարդենիկ գյուղի մի տապանաքարին. «Շարժը մեզ տարավ, վայ մորը»:
Միջնադարում երկրաշարժերը տեղ են գտել նաև տեսիլքներում: Այդ առումով հանրահայտ են Հովհաննես Կոզեռնի տեսիլքները: Հայոց Հովհաննես-Սմբատ թագավորը 1036թ. Անիի երկրաշարժից հետո Գրիգոր Մագիստրոսին ուղարկել է Սևանի վանք, Հովհաննես Կոզեռնից իմանալու, թե ինչ նշան են այդ խավարումն ու երկրաշարժը: Հարկ է նշել, որ հայոց թագավորները, իշխաններն ու կաթողիկոսները մեծ ջանք ու եռանդ են գործադրել երկրաշարժերից տուժածներին օգնելու և ավերված բնակավայրերը, վանքերն ու եկեղեցիները վերանորոգելու համար: Մովսես Խորենացին գրել է, որ հայոց Սանատրուկ թագավորը (88-110թթ.) վերականգնելով երկրաշարժից ավերված Մծբին քաղաքը, կանգնեցրել է իր արձանը, ձեռքին մեկ դրամ, որպես թե բոլոր գանձերը ծախսվել են քաղաքի վրա ու իրեն այդ մեկն է մնացել: Հայտնի է, որ 893թ. Դվինի կործանիչ երկրաշարժից հետո Մաշտոց հայրապետը մխիթարական թուղթ է ուղղել տուժածներին:
Երկրաշարժերի առաջացման մասին գրել են Անանիա Շիրակացին, Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տաթևացին, Հովհաննես Սեբաստացին, Մաթևոս և Ղուկաս Վանանդեցիները և շատ ուրիշներ: Երվանդ Լալայանը Վարանդայում գրի է առել երկրաշարժերի առաջացման մասին հին ավանդազրույցներից մեկը. «Գետնի տակ ապրում է մի եղջերու, որի եղջյուրի վրա դրված է մի մեծ կաթսա, լի մի տեսակ հեղուկով: Երբ հեղուկը տաքանում է, կոտրում է կաթսան, և կտորները ընկնում են գետնին, որից և առաջանում է երկրաշարժը»: Իսկ մեկ ուրիշ պատումի մեջ նշված է, որ «…մի մեծ վիշապաձուկ պտտել է աշխարհը՝ երկնքի և գետնի միջև: Երբ հարձակվում է իր պոչի վրա, առաջ է գալիս որոտ, երկրաշարժ»: Հատկանշական է, որ վիշապածին եղջերու էր քանդակված Հին Բայազետի բերդի վրա:
Հեթանոսական Հայաստանում հայերն ունեցել են նաև երկրաշարժեր առաջ բերող աստվածություն՝ Դեդուա (հայերեն՝ դեդևել-սասանել բառից): Իսկ ինչքան տեղանուններ են կապված երկրաշարժերի հետ: Նույնիսկ պատմական Հայաստանի գավառներից մեկը կոչվել է Պատիժահար, որտեղ պարբերաբար տեղի են ունեցել երկրաշարժեր: Լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը Վաղարշապատի մոտ գտնվող Դողս գյուղի անվանումը կապել է երկրաշարժի հետ:
Սեյսմիկ ծագում ունեն նաև Երերն (Հերհեր, Վայոց ձորում), Երերունքը (Գեղարքունիքում), Երերուքը (Շիրակում), Երերանի վանքը (Վանից հյուսիս), Սաղմոսավանքի արձանագրությունում հիշատակվող՝ Երերունս և այլն: Բազմաթիվ տեղանուններ կապված են Ավերք բառի հետ, որը նույնպես մեծ մասամբ նույն ծագումն ունի:Երկրաշարժերի խոշոր հանգույց են Երզնկան ու Շամախին, որոնք հյուսիսից և հարավից միմյանց միանում են հզոր խզվածքային գոտիներով:
Բավական է նշել, որ Երզնկայում ավելի քան 20 կործանիչ երկրաշարժեր են տեղի ունեցել: Եվ պատահական չէ, որ հույները մեր մասին ասել են. «Մարդը պետք է հայի համբերություն ունենա, որ քսան Երզնկա շինէ»:
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող
Լուսանկարում՝ 1827թ․ երկրաշարժից կործանված Ուշիի Սբ Սարգիս վանքը։