«Դուք ի սկզբանե մտադրված տանում եք այն քաղաքականությունը, որ անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը բնական հակառակորդ է իշխանությունների, որովհետեւ կոռուպցիան այնտեղ է, որտեղ լծակ կա, ուզում եք սա էլ վերցնել, սա էլ զավթեք, որպեսզի չթողնեք որեւէ տեղ մնա անկախ անձ, պրոֆեսիոնալ անձ: Գնում եք այս ինստիտուտը զավթելու ճանապարհով: Քիչ է սահմանադրության անկախ պետական մարմինների զավթումը ձեզ, հիմա պետք է ա՞յս մարմինը զավթեք: Հանրությանը պետք է մատուցել այնպիսի հեզա…մելամաղձոտ հայտարարություններ, թե տեսեք, տիկին Հարությունյանը իր հայտարարագիրը լավ չի լրացրել: Փոխանակ ուրախ լինեք, որ այդ նույն հանձնաժողովը բացահայտել է իր անդամների վերաբերյալ: Հայկուհի Հարությունյանի վրա եք ֆիքսվել, որովհետեւ ձեր կոկորդին է մնում Հայկուհի Հարությունյանի օբյեկտիվ աշխատանքը: Ակնհայտ է»,- ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված` հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Մեր կոկորդին նույնիսկ ընդդիմությունը չի մնում, դուք անհատների եք բան անում: Ու միակ բանը, որ մենք զավթել ենք, որի հարցում ես ձեր հետ կհամաձայնեմ, դա ընդդիմության դաշտն է, որովհետեւ իրոք ընդդիմությունն այսօր բացակա է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ