Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ ոտքն է տրորել Հայկուհի Հարությունյանը. Արծվիկ Մինասյանը բացահայտումներ է անում՝ Նազելի Բաղդասարյան, Էդուարդ Աղաջանյան…

Դեկտեմբեր 07,2023 14:13

ՔՊ-ականների դատափետումն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված՝ հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ պահվածքը ստիպել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին փորփրել հանձնաժողովի կայքէջն ու գտնել՝ այդ ի՞նչ է արել Հայկուհի Հարությունյանը, որ արժանացել է ՔՊ-ականների այդ ոտնձգությանը:

Պարզվել է, անբարենպաստ որոշումներ կան ՔՊ նախկին պատգամավոր, ներկայումս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ կապված. «Որպես Շիրակի մարզպետ՝ նա իր եղբորը նշանակել է խորհրդի անդամ եւ այդ խորհուրդն իրենց ցանկալի տնօրենների է ընտրել դպրոցում՝ որպես Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն: Բացահայտեցի, որ հանձնաժողովը 2 որոշում է կայացրել ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ, մեկը՝ հայտարարագիրը ոչ ճիշտ լրացնելու, ընդ որում, հետաքրքիր է խրոնոլոգիան՝ 8 սխալ հայտարարագրերից մի մասին հանձնաժողովը արդարացիորեն ընդունելով բացատրությունները, հանել է այդ հատվածից։ Բայց այնպիսի տեղեկություններ չներկայացնելը, որ ակնհայտ է, չէր կարող չներկայացնել, օրինակ, բիզնես մասնակցության, կամ գույք ունենալու վերաբերյալ, դրանցով ճանաչել է, որ խախտվել են օրենքի պահանջները եւ պարոն Աղաջանյանը ենթարկվել է 200 հազար դրամ տուգանքի: Բիզնես շահի տեսակետից 3 ՍՊԸ-ում ունենալով 50% բաժնեմաս, մարդը չի հայտարարագրել, ի՞նչ աներ հանձնաժողովը: Հնարավորություն է տվել բացատրություն տալու: Ընդ որում, հանձնաժողովը կարեւոր համակարգային որոշում է կայացրել, ասել է՝ եթե դու բաժնետեր ես ու չես ներկայացրել, էլի խնդիր չի, եթե այդ կազմակերպությունը գործունեություն չի ծավալել, որովհետեւ առարկայական, իրական շահերի բախում չկա: Բայց երբ կազմակերպությունը շրջանառություն է ունեցել, շահ է ստացել, այդ դեպքում հնարավոր է անհամատեղելիության պահանջների խախտումն առկա է:

Մենք տեսնում ենք որոշումներ, որտեղ հանձնաժողովը, որպես գործունեության վարքագիծ, բոլորին տվել է այդ եզրակացությունը: Օրինակ, պատգամավորներ Գուրգեն Արսենյանի, Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ կարճվել են գործերը, հանձնաժողովի աշխատանքը օբյեկտիվ է եղել:

Ընդդիմությունից էլ են եղել մարդիկ, որոնք չեն ներկայացրել պատշաճ հայտարարագիր եւ վարույթները հարուցվել են: Հետագայում, երբ ներկայացրել են, կարճվել են վարույթները, նույնը՝ ինչ մեծամասնության մասով է եղել:

Հանձնաժողովի օբյեկտիվությունը կասկած չպետք է հարուցեր: Բայց ի՞նչն է պատճառը՝ անձնական, խմբային վերաբերմունքը»:

Անդրադառնալով այն հարցին, որ Հայկուհի Հարությունյանը միջազգային կազմակերպություններին հորդորել է կոնկրետ փորձագետների հետ չհամագործակցել՝ Արծվիկ Մինասյանը հարցրեց. «Այսինքն, Հայկուհի Հարությունյանը այն ազդեցությունն ունի, որ կարող է միջազգային կազմակերպություններին ենթարկեցնել իրե՞ն, դուք լո՞ւրջ եք ասում, Ռեմբո՞ դարձրեցիք: Արդար չեք, դուք շարժվում եք սեփական, սուբյեկտիվ մոտեցումներով»:

Նա հորդորեց հրապարակել այդ փորձագետների անունները, եթե նրանց հետ որեւէ կերպ կապվածություն ունեն, անձնական հարաբերություններ, նաեւ այն կազմակերպությունների անունները, որոնք այսպես ասած ենթարկվել են Հայկուհի Հարությունյանի կամքին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031