Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։ Նա կատարեց Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Ժան-Պոլ Գասպարյանն ընդգծում է‚ որ ուրախ է առաջին անգամ ներկայացնել այս ստեղծագործությունը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա նշում է‚ որ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտն իր մեջ ներառում է հայկական ազգային երաժշտության տարրեր. «Կոնցերտի երաժշտության մեջ կան մելանխոլիկ և միաժամանակ ռիթմիկ ելևէջներ։ Եվ այս միաձուլումը շատ գեղեցիկ է։ Ուրախ եմ‚ որ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը նույնպես ներառվեց իմ երկացանկում։ Խաչատրյանն աշխարհում ամենահայտնի հայ կոմպոզիտորներից է‚ նրա սիմֆոնիաները‚ կոնցերտները‚ բալետներն իրենց ուրույն տեղն ունեն համաշխարհային երաժշտարվեստում»։
Համերգային ծրագրում հնչեցին նաև Արամ Խաչատրյանի Կոչնակները «Գայանե» բալետից և Թիվ 3 սիմֆոնիան։ Նշենք‚ որ Երրորդ սիմֆոնիան նվագախմբերը հազվադեպ են կատարում, քանի որ երաժիշտների հիմնական կազմին պետք է միանան 15 շեփորահարներ։ Սիմֆոնիայի մասին ինքը՝ հեղինակը‚ նշում է. «Երրորդ սիմֆոնիան ստեղծվեց պատերազմից հետո, և բնականաբար, նրանում գերակշռում է լուսավոր, հաղթական տրամադրությունը։ Այն ուրախության, վստահության ապոթեոզ է, այն աշխատանքի հիմն է»։
Նոյեմբերի 16-ին մեկնարկած Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ