«Ինձ մոտ մի հատ կարմիր լույս է վառվում, դա կոչվում է ժառանգականություն: Այսինքն, ի՞նչ է ստացվում, մենք ինչ-որ բան բերել ենք մեր հետ եւ մեր հետ պետք է տանե՞նք: Իմ համար շատ տարօրինակ է, որ իր հարցազրույցների մեջ տիկին Հարությունյանը կամ անձամբ է իրեն այսպես ներկայացնում՝ որպես գործող նախագահ․ հուսամ, սխալմունք է եղել, չի կարող լիազորությունները դադարած մարդն այդ գործն անի, այդտեղ նույնիսկ քրեական հոդված կա, կոչվում է ինքնիրավչություն»,- այսօր ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Նա հարցրեց. «Այդ որտեղի՞ց եք վերցրել, որ որեւէ ընտրված անձ, որն իրականում կարող է ունենալ 4 տարվա լեգիտիմ ակնկալիք պաշտոնավարելու, պետք է նորից լեգիտիմ ակնկալիք ունենա եւս 4 տարի կամ եւս 4 պաշտոնավարելու: Նույնիսկ մենք այստեղ ունենք ընդամենը լեգիտիմ ակնկալիք պաշտոնավարելու ընդամենը 5 տարի: Ես, օրինակ, չգիտեմ, 5 տարին լրանալուց հետո պատգամավոր լինելո՞ւ եմ, թե՞ չէ: Նեղանալ, վիրավորվել կարո՞ղ եմ, եթե պատգամավոր չդառնամ երկու պատճառով կամ ցուցակում չլինեմ, կամ չընտրվեմ: Դա շատ տարօրինակ կլինի»:
Նա ասաց, որ շահերի բախում է եղել, երբ Հայկուհի Հարությունյանը փորձել է օրենք փոխել, դա նույն է, որ իրենք՝ պատգամավորներն էլ օրենք փոխեն, որ ավելի երկար պաշտոնավարեն:
Արսեն Թորոսյանն ասաց, որ այս ամեն ինչը նեպոտիզմ է, որը նույնպես կոռուպցիայի ձեւ է. «Լրագրողներից մեկի կողմից, որը մեզնից շատ գիտեր, թե ինչ է տեղի ունեցել մեր հանդիպմանը, հետաքրքիր հարցադրում եղավ, որ 1 տարի առաջ իշխանությունները խնդրել են տիկին Հարությունյանին մնալ: Հետաքրքիր է, ո՞վ է եղել իշխանությունների կողմից խնդրողը: Այդպիսի մեխանիզմ չկա մնալու համար խնդրելու: Կա նոր ընտրություն: Իշխանության մեջ կարող են լինել մարդիկ, որոնք համակրեն կամ հակակրեն որեւէ թեկնածուի, բայց իշխանության անունից խոսել նրանք չեն կարող:
Կարդացեք նաև
Տարօրինակորեն, հանդիպման արտահոսքերի հրապարակումներում հիշում են իմ անձը, չգիտես ինչու՝ դիտողականություն ապահովելու համար՝ լայքերի՝ հղում անելով մի 3-4 տարվա վաղեմության վարույթի: Ոչ այն ժամանակ էին այդ վարույթ հարուցողները այդ վարույթից շատ բան հասկանում, ոչ էլ հիմա են հասկանում: Խնդրում եմ, տիկին Հարությունյան, եթե այդ արշավը պիտի շարունակվի, ոնց որ մինչեւ հիմա էլ շարունակվում է, խնդրում եմ, ուրիշ հերոսներ փնտրեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ