Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը երկու վախ ունի՝ վախկոտ մարդու սովորական վախերը եւ իշխանությունը կորցնելու վախը». Աղվան Վարդանյան

Դեկտեմբեր 07,2023 13:27

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների դռները շրջափակելու մասին երեկվա հայտարարությանը։

«Ես ուզում եմ այդ կապը ձեզ բացահայտել, որպեսզի դուք համոզվեք, թե որքան սուտ է ասում այդ մարդը, ինչպես միշտ։ 2019 թվականի մայիսի 20-ին նա հայտարարեց, որ փակում ենք դատարանների դռները։ Եվ ասաց նաեւ այլ բաներ։ Ինչո՞ւ այդ ելույթը եղավ 2019 թվականի մայիսի 20-ին, պարզ, հասկանալի պատճառով։ 2019 թվականի մայիսի 19-ին Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ էր արձակել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ այդ ելույթն ուղղակի հակազդեցություն էր, արձագանք էր դատարանի այդ որոշման, որը հետո ապացուցվեց Սահմանադրական դատարանով։

Այդ ելույթի մեջ նա ասում էր, որ բոլոր դատավորները պիտի վեթինգի ենթարկվեն, որ բոլոր այն դատավորները, որոնց դատավճիռները ՄԻԵԴ կողմից սխալ են ճանաչվել, նրանք պետք է հեռանան կամ հեռացվեն, որ մենք պարտավոր ենք դատարանները վերափոխել, եւ եթե պետք է, անհրաժեշտ կլինի նաեւ համաժողովրդական հանրաքվե անցկացնել՝ Սահմանադրությունը փոխելու։ Իսկ բոլոր մյուս կարեւորագույն հարցերում նա ուղղակի սարսափում է հանրաքվե բառից։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ բոլոր դատավորները շատ ավելի բարձր դատարաններ են գլխավորում։ Այսինքն՝ այս մարդու ամեն ասածը սուտ է։

Երկրորդ բանը, որ ասում էր՝ մեր նպատակը խամաճիկային դատարանը չէ, մեր նպատակն ազատ ու անկաշկանդ դատարաններ ունենալն է։ Հիմա դուք նայեք 2019 թ. հայտարարությունը՝ ոչ խամաճիկային դատարաններ ունենալու վերաբերյալ, եւ տեսեք այսօրվա դատական համակարգի վիճակը՝ ամբողջովին խամաճիկային, ենթակա այս իշխանությանը։ Ասում է՝ ես տեսնում եմ, որ փորձում են հակասություն սերմանել Արցախի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ, եւ ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ ռազմաքաղաքական ղեկավարությունում, որոնք կփորձեն հրահրել պատերազմ, այդ պատերազմում տարածքներ կորցնել եւ մեղադրել Հայաստանի իշխանությանը։ Սա էլ նայեք այսօրվա պրիզմայով, այսօրվա կտրվածքով»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Նա նաեւ հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուսերի գլխավոր հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները՝ այդ դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար։ Լսեք այս խոսքը՝ Արցախի անվտանգության երաշխավորը։ Եվ համեմատեք այսօրվա իրավիճակը։

Ի՞նչ եմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ դուք տեսնեք այս մարդու հետագիծը, նախկին իր բոլոր հայտարարությունները եւ այսօրվա 180 աստիճան հակառակը եւ նաեւ հասկանաք, որ այս մարդու բոլոր քայլերի պատճառը, հիմքը վախն է։ Երկու վախ՝ վախկոտ մարդու սովորական վախերը եւ այսօր արդեն իշխանությունը կորցնելու վախը։ Եվ ես ձեզ եւս մեկ անգամ ուզում եմ ասել՝ այս ամբողջ ելույթի պատճառը եւ հիմքը Վերաքննիչ դատարանի վճիռն էր՝ երկրորդ նախագահին ազատ արձակելու մասին»,- հավելեց նա։

Աղվան Վարդանյանը նաեւ անդրադարձավ Արցախի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

«Պարոն Օհանյանը, երբ հարց էր տալիս Արցախին մենակ թողնելու վերաբերյալ, այս մարդն ասաց հետեւյալը՝ նրանք, ովքեր ինձ մեղադրում են Արցախի հարցում անտարբերության մեջ, Արցախին մենակ թողնելու մեջ, մեկ բառ կարող եմ ասել՝ երախտամոռություն։ Սա եւս այս մարդու տեսակը, բնույթը ճշգրիտ բնորոշող բառ է, երախտամոռություն։ Այս մարդու ամենահիմնական հատկանիշներից մեկն է։ Արցախին մենակ է թողել, Արցախի հարցի վիճակն այսօր բոլորդ գիտեք»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031