4000 ուսուցիչ արդեն իսկ ստանում է բարձրացված աշխատավարձ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանն՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ուսուցիչները դժգոհում են աշխատավարձի ձեւավորման կարգի փոփոխությունից, ասում են՝ դասղեկական ժամերի համար չեն վճարվում, դա տնօրենի հայեցողությանն է թողնված, աշխատավարձերը մի բան էլ նվազում են, կառավարությունը հայտարարում է, որ ուսուցիչները 400 հազար դրամ են ստանում համապատասխան ատեստավորումից հետո, բայց որեւէ ուսուցիչ այդքան չի ստանում։
Նախարարը հորդորեց գնալ մարզային ցանկացած փոքր դպրոց եւ հարցնել, թե որքանով է ավելացել ուսուցչի աշխատավարձը։
Անդրեասյանն ասաց, որ 4000 ուսուցիչ ստանում է բարձրացված աշխատավարձ, եւ սա ներառում է 200 հարյուր հազար դրույքաչափը, 30-50%-ը՝ կամավոր ատեստավորման համար. «Ունենք բազմաթիվ ուսուցիչներ, որոնք տարակարգ ունեն, եւ նրանք նաեւ հավելում են ստանում՝ մինչեւ 50%։ Այս տարվա սեպտեմբերից ունենք ուսուցիչներ, որոնք բնագիտական առարկաներ են դասավանդում, այդ ուսուցիչները 25% հավելավճար են ստանում՝ անկախ ատեստավորումից, իսկ ովքեր ատեստավորված են՝ 200 հազար դրամ դրույքաչափի հաշվարկով»։
Նախարարի ներկայացմամբ՝ գյուղական փոքր դպրոցների ուսուցիչները մինչեւ 50% տոկոս հավելավճար են ստանում բոլոր առարկաների մասով:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ