Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Նիկոլ Փաշինյանն իր ելույթով երաշխիք տվեց Ալիեւին. Ալեն Սիմոնյանը պարզաբանում է

Դեկտեմբեր 07,2023 12:46

Հայաստանը տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Առավոտի» հարցին, որ երեկ Ալիեւը հայտարարում էր, թե Հայաստանը պետք է երաշխիք տա, որ ռեւանշ չի լինի, ինչից մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ԱԺ ամբիոնից կրկնեց Արցախից հրաժարվելու իր թեզը, արդյոք դրանով Փաշինյանը երաշխիք էր տալիս Ալիեւին, ինչպե՞ս է ստացվում, որ երբ Ալիեւը նման հայտարարություններ է անում, Հայաստանից ամենաբարձր մակարդակով նման արձագանք է լինում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նման ինտրիգան, որը փորձում եք դնել հարցի մեջ, թե ինչպես է ստացվում, կարող են երկրների ղեկավարները երկակի ինչ-որ բաներ պայմանավորվեն եւ համատեղ հայտարարություն անեն։ Բայց ձեր նշած դեպքում նման բան տեղի չի ունեցել։ Ինչո՞ւ եմ վստահաբար սա ասում, որովհետեւ երբ ես վարչապետին ճանապարհում էի, ասում էի՝ պարոն վարչապետ, տեղյա՞կ եք, որ Ալիեւը այսպիսի բան է ասել, ասաց՝ չէ, ինչ-որ հարցազրույց է տալի՞ս։ Նման բան չկա, ինտրիգա մտցնել եւ ասել՝ ո՞նց է լինում… Շատ է լինում, որ երեք երկրների կամ երկու երկրների տարբեր գործիչների մեջ համատեղ հայտարարության բան լինի, բայց այս պարագայում նման բան չկա։

Առաջին անգամ չէ, ամեն ճեպազրույցի ժամանակ մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջներ չունի հարեւանների նկատմամբ։ Ի դեպ, սա նաեւ հայտարարել են բոլոր իշխանությունները։ Երբեւիցե որեւէ իշխանություն չի ասել, որ ինքը տարածքային պահանջ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները չեն խոսել դրա մասին»։

Մեր դիտարկմանը, որ նախորդ իշխանությունները չեն հայտարարել, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այո, չեն ասել, բայց մենք դրա մասին բարձր ասել ենք, որ տարածքային պահանջ չունենք եւ հավակնություններ չունենք հարեւան որեւէ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ»։

Հարցին, թե այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը փաստո՞ւմ է, որ Հայաստանը Արցախի կարգավիճակի եւ քաղաքական հարցերը չի բարձրաձայնելու, ԱԺ նախագահը նման պատասխան տվեց. «Հիմա դուք փորձում եք մի բանը, որը բազմիցս քննարկվել է, նոր երանգ տալով, նոր չափանիշներ կիրառելով՝ հարցնել ինձ։ Ես նորից նույն բանը պետք է պատասխանեմ՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ տարածքային պահանջ իր հարեւաններից որեւիցե մեկի նկատմամբ չունի»։

Անդրադառնալով արցախցիների վերադարձի հարցին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ անվտանգային խնդիրներից ելնելով՝ պետք է ինչ-որ ժամանակ անցնի։ «Դա չի նշանակում, որ դրա հետ կապված քննարկումներ չկան կամ որոշում կա, բայց ես անկեղծ չեմ պատկերացնում՝ ինչպես հայերը կարող են վերադառնալ այսօր Լեռնային Ղարաբաղ այն պարագայում, երկու-երեք օրվա ընթացքում 100 հազարից ավելի հայ իրենց տներն ուղղակի թողել ու արտագաղթել են, փախել են՝ վախենալով ադրբեջանցիների կողմից հնարավոր վտանգներից։ Այո, իհարկե, ուզում ենք, որ բոլորը վերադառնան իրենց տները, դա չի բացառում այն փաստը, որ մենք մեր հայրենակիցներին ՀՀ-ում փորձում ենք ամեն ինչով ապահովել։ Եվ ի հեճուկս շատ ու շատ կանխատեսումների՝ կարելի է ասել, որ մաքսիմումն արել ենք եւ շարունակելու ենք անել։ Բայց կվերադառնան, չեն վերադառնա, իմ կարծիքով ժամանակ է պետք»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031