Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրին Armeno a Meta (Կիսով չափ հայ) խորագրով ջազային երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազային երաժիշտ, դաշնակահար, գործիքավորող, դասախոս Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ:
Իտալացի երաժշտի հետ հանդես եկան կոնտրաբասահար Դավիթ Գյոդակյանը եւ շեփորահար Տիգրան Հարությունյանը: Համերգի հատուկ հյուրն էր մեցցո սոպրանո Սոֆյա Թումանյանը:
Հնչեցին իտալացի կոմպոզիտորների հայտնի երգերի գործիքային կատարումներ, մասնավորապես ներկայացվեց նեապոլիտանական եւ իտալական երաժշտության խորհրդանիշներից մեկի՝ Պինո Դանիելեի երաժշտությունը: Պինո Դանիելեն վաղուց երկնային կյանքով է ապրում, սակայն նրա երգերը շարունակում են ապրել՝ հնչելով տարբեր համերգրասրահներում:
Ինչ վերաբերվում է Վիտտորիո Մեցցային, նա համերգներով հանդես է եկել 5 մայրցամաքներում անցկացված բոլոր ջազային փառատոներում՝ Տորոնտոյի ջազ փառատոնից մինչեւ Սիդնեյի ջազային փառատոն:
Կարդացեք նաև
Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն փոքր պատմական էքսկուրս անցկացրեց այն մասին, թե ինչպես է ջազը թափանցել Իտալիա, ապա ներկայացրեց նեապոլիտանական երաժշտությունը, իր նոր ոճը ստեղծած Պինո Դանիելեին, որը երգել է Նեապոլի բարբառով, որոնք համեմված էին անգլերեն արտահայտություններով: Դեսպանը հավելեց, որ Պինո Դանիելեն մեծագույն սեր ուներ Նեապոլի հանդեպ եւ ուզում էր ցանկացած առիթով իր սերն արտահայտել հարազատ քաղաքի ու ժողովրդի հանդեպ, ինչը Իտալիան փոխադարձում էր նրան: Համերգի ժամանակ կադրեր ցուցադրվեցին, որտեղ այդ ամենը արտացոլված էր:
Վիտտորիո Մեցցայի երեւանյան համերգի «Կիսով չափ հայ» խորագրին էլ անդրադարձ եղավ: Դեսպանն ասաց, որ խորագիրը նախ սերում է Պինո Դանիելեի Nero a meta (Կիսով չափ սեւամորթ) հայտնի ալբոմի վերնագրից: Ապա հավելեց. «Մաեստրո Մեցցան երկրորդ անգամ է գալիս Հայաստան, ուստի կարելի է ասել, որ նա կիսով չափ հայ է, Նեապոլն էլ կիսով չափ հայկական է, որովհետեւ հենց Նեապոլի պատմական կենտրոնում են գտնվում Հայ առաքելական եկեղեցու կարեւորագույն սրբի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները»:
Համերգն անցավ ջերմ մթնոլորտում, դահլիճը բուռն ծափահարություններով ընդունեց բոլոր կատարումները, ջազը գեղեցիկ երեւույթ է, իտալական ջազը՝ օրիգինալ ու շատ զգացմունքային:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ