Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով Դավիթ Շահնազարյանի նյութի տակ լայք է դրել, ես նրա գրառումները «Գրանիշից» հեռացրել եմ». ՔՊ-ի ընտրած թեկնածուն ու լայք դնողների հետապնդումները

Դեկտեմբեր 07,2023 12:11

«Կարելի է մարդուն դեմ լինել, բայց չի կարելի այս ձեւով մարդուն վերաբերվել, հատկապես, երբ որ եղել է փակ հանդիպում, որտեղ կարող էիք անկեղծ վերաբերմունք արտահայտել»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը դեկտեմբերի 6-ին այսպես էր իր զարմանքը հայտնել ՔՊ-ականների պահվածքի մասին, որոնք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին տառացիորեն դատափետում են՝ իր ճեպազրույցի, «սխալ» մամուլից մեջբերումներ անելու եւ այլնի համար:

Գեղամ Նազարյանն ասաց. «Կառավարող ուժը իրեն այսպես չպետք է պահի: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ արդարության համար պայքար ենք մղելու, բայց երբ արդարությունը ընտրովի է լինում, այսինքն՝ մեկի դեմ արդար ենք, մեկի դեպքում՝ մի քիչ ենք արդար, մեկի դեպքում՝ ընդհանրապես անարդար չենք, այդ արդարությունը վերածվում է ամենամեծ անարդարության»:

Գեղամ Նազարյանը հիշեցրեց, թե ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ինչպես է իրեն պահում, երբ ՔՊ-ի համար անցանկալի թեկնածու է հայտնվում ԱԺ ամբիոնի մոտ, գտնում ու մեջբերում են ֆեյսբուքյան գրառումները, լայքերը, մեկնաբանությունները, իսկ, օրինակ, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված իրենց թեկնածուների դեպքում այդ «ստատուսային պեղումները» չեն արել. «Վահագն Ալեքսանյանը մի թեկնածուի՝ Անահիտ Սարգսյանի վերաբերյալ եկավ, ասաց տեսեք ինչ եմ հայտնաբերել, այդ թեկնածուն մարդկանց մի խմբի վիրավորանք է ներկայացրել եւ շատերի կարծիքը փոխվեց: Երեկ սպասում էի, որ նա էլի կգա ու կասի՝ ժողովուրդ, ստոպ, կանգ առեք, մեր թեկնածուն՝ Հասմիկ Հակոբյանը, այսպիսի արարք է իրեն թույլ տվել, նա, ով համարձակվել է լայքել Դավիթ Շահնազարյանի գրառմանը, որն ընդամենը ոչ հայհոյանք է պարունակում, ոչ եսիմ ինչ, ուղղակի գրել էր կարծիք, որ ճիշտ կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այս կինը գրել է՝ «ով էդ նյութի տակ լայք է դրել, ես նրա գրառումները «Գրանիշ» ամսագրից հեռացրել եմ՝ լայք դնելու համար»: Այդ մարդուն ձեր խմբակցությունը առաջադրեց ու տարավ այնտեղ, որտեղ ինքը կարեւոր որոշումներ պետք է կայացնի: Բա որ հիմա ինքը նայի, ասենք, այս հեռուստաընկերության այսինչ-ներկայացուցիչները like կամ dislike են դրել, դրանո՞վ է: Մյուս թեկնածուն՝ Նունե Հախվերդյանը սովետական զինվորի արձանի մասին գրել է՝ «իհարկե, ոմանք կարող են պնդել, որ այս արձանին չարժե լուրջ վերաբերվել, մի կույտ աղբ ավել կամ պակաս նշանակություն չունի»: Սովետական զինվորը եղել է իմ պապը, ձեզանից շատերի պապը կամ մեծ պապը: Այդ թեկնածուներին առաջադրեցիք ու որեւէ ջանք չգործադրեցիք՝ պարզելու, թե նրանք ովքեր են:

Իսկ այս դեպքում՝ Հայկուհի Հարությունյան, որը բավական բարդ կառույց է ղեկավարել ու բավական լավ, այս վերաբերմունքն իր նկատմամբ ողջունելի չի: Եթե իրոք արդարության համար պայքարն է ձեր արածը, այսպես արդարության համար չեն պայքարում: Չեմ էլ ուզում իմանամ՝ իրական պատճառը որն է, որ այսպիսի վերաբերմունք եք որդեգրել Հայկուհի Հարությունյանի նկատմամբ, բայց դեմ արտահայտվելը ձեւ ու կարգ ունի»:

Այսօր ԱԺ նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց Գեղամ Նազարյանին՝ ասելով, որ ճշտել է, թե ինչ գրառումներ է արել Հասմիկ Հակոբյանը. «Պատերազմի 4-5-րդ օրը ստատուս է գրում, որ պետք է ՀՀ վարչապետը հրաժարական տա: Հասմիկ Հակոբյանն էլ գրում է՝ ով այս ստատուսը լայքում է, իրենց գրառումները ես փակում եմ «Գրանիշում: Թե ինչո՞ւ չենք ասում այդ մասին՝ ցանկացած կայք ունի իր խմբագիրը եւ խմբագիրը որոշում է իր քաղաքականությունը: Հիմա խմբագիրը կուզի կորոշի, որ օրինակ՝ իմ հոդվածները այնտեղ պետք է չդրվեն, ես դրա հետ պետք է հաշտ լինեմ: Խոսքի ազատությունը հենց դա է, որ մարդը իր սեփական կայքում իրավունք ունի հրապարակել այն, ինչ ինքը ուզում է եւ իրավունք ունի չհրապարակել այն, ինչ ինքը չի ուզում: Դա խոսքի ազատությունն է: Եթե դա պետական լրատվականի, հեռուստաընկերության վերաբերվեր, ձեր կարծիքը ընդունելի կլիներ: Իսկ համեմատել մի մարդու գրառման հետ որտեղ նա 680 հազար քաղաքացու ժեխ էր անվանել, կարծում եմ, համեմատությունն անընդունելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031