Այսօր ԱԺ նիստում 1 րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը, այնուհետեւ ՔՊ-ականները շարունակեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված՝ հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին դատափետելը:
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ուսումնասիրել էր, թե տիկին Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում ինչ էր ասել, որ հարցին ինչ էր պատասխանել: Մասնավորապես, հարցին՝ կա՛մ լավ չեք կատարում ձեր գործին, որ պատգամավորները ձեզ դեմ են, կա՛մ ձեզ փորձում են ճնշել, որ հետագայում որոշ բաների վրա աչք փակեք, տիկին Հարությունյանը պատասխանել է՝ երկրորդ տարբերակը: Արթուր Հովհաննիսյանին սա հիասթափեցրել է, խոշորացույցի տակ է առել նաեւ, թե նա ԱԺ իր ելույթում ինչ մտքեր է ասել: Ըստ Արթուր Հովհաննիսյանի, ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպման մանրամասները, երբ արտահոսք են ունեցել՝ ուղղորդումով, թե իրեն ճնշում են, իրականում փորձ է ազդել պատգամավորների քվեարկության վրա եւ ասել, որ եթե իրեն չեն ընտրում, չեն պայքարում կոռուպցիայի դեմ. «Սա անընդունելի է: Ֆեյսբուքյան գրառումներով ՔՊ-ին ճնշել անհնար է: Այլ գործիքներով են փորձել ճնշել ՔՊ պատգամավորներին եւ հանդիպել են մի շատ հաստ պատի՝ անանցանելի»:
Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ՔՊ-ն բոլոր թեկնածուների հետ էլ հանդիպում է ունենում փակ եւ բաց, դա զուտ աշխատանքային քննարկում է ու եթե այդ փակ հանդիպումը Հայկուհի Հարությունյանի հետ ներկայացվում է իբրեւ ճնշում, դա լուրջ խնդիր է թեկնածուի համար:
Թեկնածուի հաջորդ «մեղքն» այն է, որ երբ պաշտոնյայի մասին եզրակացությունում կցում է մամուլի հրապարակումներ, այսպես ասած ՔՊ-ի սրտի մեդիաներից չի կցում: Մասնավորապես, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Եզրակացության մեջ տեղ են գտնում տարբեր տեսակի մամուլի հրապարակումներ: Բայց դե մենք գիտենք մամուլի հրապարակումները ոնց են ծնվում: Օրինակ, ինչ-որ մեկը կարող է «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, հոդված պատվիրի ինչ-որ մեկի մասին՝ վատ, որ պախարակի այդ մարդուն, ինչը նորմալ երեւույթ է «Ժողովուրդ» օրաթերթի համար, կամ, օրինակ, Asekose.am-ի համար, կամ «Հրապարակի» համար ու հետո այդ հրապարակումները տեղ գտնեն եզրակացությունում: Մենք խաղում ենք տվյալ պաշտոնյայի հեղինակության հետ: Այդ եզրակացությունները փակ չեն, դրանք ուղարկվում են բոլոր պատգամավորներին, ուստի բաց են առնվազն պատգամավորների համար: Այսինքն, փողով տպված հոդվածը տեղ է գտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ իքս պաշտոնյայի վերաբերյալ, այսինքն, մենք ֆեյք եզրակացություններ ենք կարդում: Այստեղ խնդիր է, որովհետեւ թվային գործիքներ չկան, 4 տարի է՝ չի ներդրվել»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հայտարարագրերին, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Շատ լուրջ խնդիր է ինձ համար, որ ԿԿՀ-ն ինքը մեզ ուղեցույցներ է ուղարկում հայտարարագրերի, հանձնաժողովի նախագահն ինքը իր հայտարարագիրը սխալ է ուղարկում: Ինքը մեր նկատմամբ կարող է վարույթ հարուցի խախտման դեպքում: Իր հետ համատեղ բնակվող անձինք չեն ներկայացնում հայտարարագրեր եւ նրանց նկատմամբ վարույթ չի իրականացվում: Ավելին՝ երբ պարզաբանում են հարցնում, ասում է՝ ուղարկել են ծանուցում, հետ է եկել հասցեի խնդրի պատճառով, նորը չեն ուղարկել, որովհետեւ հասցեի խնդիր կա: Տիկին Հարությունյանը այդ հասցեից ամեն օր է գալիս հանձնաժողով, նույն հասցեից, որտեղ ծանուցում են ուղարկում ու հետ է գալիս: Ներողություն, սա աբսուրդ է: Սիրողական մոտեցում է: Մեկ այլ դրվագ էլ. ԿԿՀ-ի նախագահի քույրը սեմինարներ է անցկացնում հանձնաժողովում, այն նույն քույրը, որը համատեղ բնակվում է տիկին Հարությունյանի հետ: Սա, ներողություն, չափազանց մեծ բացթողում է»:
Այս ելույթի վերջում ՔՊ խմբակցության քարտուղարն ասաց, որ ընտրվել ցանկացող պաշտոնյան բոլորովին «այլ կերպ» է աշխատում եւ «այլ կերպ» է պատասխանում հարցերին ու ճեպազրույցներին, չի մտնում մի դաշտ, որտեղ մտնել չի կարելի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ․ Գ․ «Հրապարակն» ավելի ուշ «զրպարտություն եւ կեղծիք» որակեց լրատվամիջոցների հասցեին Արթուր Հովհաննիսյանի ասածները․ «Ինչի համար շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ: Մեր իրավաբաններն արդեն աշխատում են հայցադիմումի վրա: Բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություն անող, լրատվամիջոցների բարի համբավն արատավորող բոլոր վնասատուները պետք է պատասխան տան իրենց ասածների ու արածների համար»։