Լրահոս
Օրվա լրահոսը

Սա իշխանագողություն է, արդեն քվեի միջոցով կազմավորված իշխանության գողություն է տեղի ունեցել. Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 07,2023 11:05

Երեկ բոլորի ուշադրությունը սեւեռված էր դեպի Լոռվա քաղաք Ալավերդին, որտեղ վաղ առավոտից ոստիկանությունը շրջապատել էր համայնքապետարանի վարչական շենքը՝ Ալավերդի համայնքի գործող ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու համար։

Ալավերդիում «Ապրելու երկիրն» իշխանություն էր ձեւավորել Հայ ազգային կոնգրեսի հետ կոալիցիայի արդյունքում` միասին նրանք ունեին 14 մանդատ՝ ՔՊ-ի 13 մանդատի դիմաց: Եվ վերջին օրերին գործընթացներին նաեւ ՀԱԿ-ն է մասնակցել` Լեւոն Զուրաբյանն ասուլիս տվեց Մեսրոպ Առաքելյանի հետ, ապա մեկնեցին Ալավերդի` այս ծրագիրը տապալելու: ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ պետք է այս ամենին իրավական գնահատականներ տալ, իսկ ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա այդ մասին խոսելն ուղղակի անիմաստ է արդեն:

Նա նաեւ նշեց, որ ՀԱԿ անդամները պետք է հանդիպեն, եւ առանցքում Ալավերդիում տեղի ունեցած դեպքը քննարկելու հարցն է։ «Այն, ինչ տեղի է ունեցել, խայտառակություն է: Կարծում եմ` Հայաստանում պետք է դադարենք խոսել ժողովրդավարության մասին, որովհետեւ ամեն անգամ, երբ մենք քննարկում ենք ժողովրդավարության թեման, Ռոբերտ Քոչարյանը մի անկյունում սկսում է անհանգիստ ծխել: Եկեք ժողովրդավարության էջը փակենք: Հայաստանում ժողովրդավարության մասին անգամ չի կարող խոսք լինել այսօր: Այսօր մենք հետցնցումային իրավիճակում ենք հայտնվել: Դուք նշում եք, որ իշխանազավթում է տեղի ունեցել: Պետք է այն վերլուծել իրավական առումով: Պետք է գնահատական տալ` առկա՞ է արդյոք իշխանություն զավթելու դեպք, քրեաիրավական իմաստով: Կարծում եմ՝ այսօր իրապես դրա անհրաժեշտությունը կա: Մասնագիտական տեսանկյունից այս հարցը պետք է վերլուծել, եւ եթե գանք այն համոզմանը, որ առերեւույթ հանցագործության դեպք է առկա, ապա ճիշտն Արկադի Թամազյանի կողմից այս հարցի բարձրացումն է` իրավական առումով: Պետք է արձանագրել, որ ՏԻՄ օրենսդրության բռնաբարում է արձանագրվել: Ես՝ որպես իրավաբան, գտնում եմ, որ առկա են բոլոր հիմքերը, որպեսզի քայլեր արվեն խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Մենք հայտնվել ենք աննախադեպ մի պտույտի մեջ: Քիչ առաջ էլ տեղեկացա, որ Գյումրիում է կոալիցիոն պայմանագիր խզվում: Ենթադրվում է, որ այնտեղ եւս ինչ-որ պրոցեսներ են սկսվում: Թեւակոխում ենք պատմական նոր ժամանակաշրջան, եթե առաջ իշխանություններն ուղղակի չէին թողնում արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորվեր, ապա այսօր արդեն քվեի միջոցով կազմավորված իշխանության գողություն է տեղի ունեցել, սա իշխանագողություն է: Մեր «աննախադեպ» լիդերի «աննախադեպ» քայլերից մեկն է սա, ցավոք, մեր ժողովուրդն ու մեր պետությունը դրա համար շատ ծանր գին են վճարելու»,- ասում է Խաչատրյանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031