Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սկսել արդարանալ, որ իրենք «ժողովրդի պատկերացրած» (իրականում՝ հենց իր խոստացած) արդարադատությունը չեն իրականացրել․ «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 07,2023 10:19

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոստովանել է, որ ժողովրդի ամենամեծ ակնկալիքները հեղափոխությունից՝ արդարությունն ու կոռուպցիայի վերացումը, չեն իրականացել, ապա ընկել է խոհափիլիսոփայական մտորումների գիրկը՝ «ի՞նչ է արդարությունը» թեմայով։ Բանից պարզվում է՝ իրենք «ժողովրդի պատկերացրած» արդարադատությունը չեն իրականացրել (գույքեր չեն բռնագանձել, կոնկրետ մարդկանց կոնկրետ ձևով չեն պատժել), որովհետև ոչ թե Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն են արել, այլ «սիրո և համերաշխության հեղափոխություն»։ Իսկ արդարադատությունը, դու մի ասա, պիտի ինստիտուտներն իրականացնեն, «հակառակ դեպքում մեկը արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը ջարդելը, երրորդը՝ մյուսի բիզնեսում փայ մտնելը, չորրորդը՝ սեփականությունը ձեռքից առնելը», իսկ դա «պետության և պետականության խարխլման ուղիղ ճանապարհ է, պետություն ունենալու կամքի բացակայության բարձրագույն արգասիք»։

2018 թ․ հեղափոխությունը, ինչ խոսք, իսկապես էլ «սիրո և համերաշխության» էր։ «Սիրո» պահն ապահովվում էր սրա-նրա տան առջև դագաղներ դնելով, «համերաշխության» «մոմենտը»՝ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելով։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Փաստորեն երբ հեղափոխական Նիկոլը հինգուկես տարի առաջ ճղճղում էր, որ թալանը քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելու է, աջուձախ բոլորին ծեփելու է պատերին ու փռելու է ասֆալտին, ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու և այլն, նա «պետության և պետականության խարխլման ուղիղ ճանապարհով» էր գնում և «պետություն ունենալու կամքի բացակայության բարձրագույն արգասիք» էր ցուցաբերում։ Մենք չենք ասում, ի՛նքն է ասում։

Ավելին՝ դա այլ կերպ է՛լ էր ցուցաբերում, երբ ճղճղում էր, թե «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», ինչը նշանակում էր, որ եթե ինքը չհասնի իշխանության՝ Հայաստանն ընդհանրապես իշխանություն չի ունենա, այսինքն՝ պետականությո՛ւն չի ունենա (որովհետև առանց իշխանության պետականություն չի լինում)։

Լավ, բայց ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանկարծ սկսել արդարանալ, որ իրենք «ժողովրդի պատկերացրած» (իրականում՝ հենց իր խոստացած) արդարադատությունը չեն իրականացրել՝ սրա-նրա ունեցվածքը չեն խլել, սրա-նրա բիզնեսում փայ չեն մտել, և այլն։ Առավել ևս՝ որ արդարանալու կարիք չկա, հեղափոխական իշխանություններն այդ ամենը լավ էլ արել են։ Չեք հավատում՝ հետաքրքրվեք, թե «նախկին հանցավորների» քանի բիզնես է անցել Նիկոլի «սրտի գործարարների» վերահսկողության տակ, քանի ընկերության տնօրեն է նրա եղբայրը, «նախկին հանցավորների» կառուցած էլիտար շենքերի քանի բնակարան է «անհավանական զեղչերով» վաճառվել բարձրաստիճան հեղափոխականներին, քանի «նախկին հանցավոր» է կասկածելի ճանապարհներով «պլստացել» ու հայտնվել արտասահմանում, և այլն։ Եվ ինչո՞ւ է հանկարծ հիշել, որ «արդարադատությունն ինստիտուցիոնալ երևույթ է», և «այն, ինչ ինստիտուցիոնալ չէ՝ արդարադատություն չի կարող լինել»։

Սա միայն «ես առաջ չար էի, որովհետև հեծանիվ չունեի, իսկ հիմա՝ երբ հեծանիվ ունեմ, բարի եմ» սխեմայով չես բացատրի, ու նպատակն էլ միայն արդարանալը չէ։ Պարզապես այս իշխանությունները սկսել են հասկանալ, որ իրենց իշխանությունը հավերժ չէ, և հաջորդ իշխանությունը կարող է հենց իրենց նկատմամբ իրականացնել «ժողովրդի պատկերացրած» արդարադատությունը, իսկ դա կարող է շատ ցավոտ լինել։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031