Վարչապետ Փաշինյանը որեւէ վատ կամ սխալ բան չի տեսնում նրանում, որ ինքը՝ գործադիր իշխանության ղեկավարը, կազմակերպել է դատական իշխանության մարմինների՝ դատարանների շրջափակումը: Իշխանությունների բաժանման սկզբունքը խախտելը, պարզվում է, արվում էր «արդարության դռները բացելու համար»:
Դա մի քիչ նման է իշխանության մեկ այլ պնդմանը, թե՝ ՔՊ-ականները նշանակվում են բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներ, որպեսզի բուհերն ապաքաղաքական լինեն: Ուզում են ասել՝ մենք՝ ՔՊ-ականներս, օժտված ենք այնպիսի՜ հրեշտակային հատկանիշներով, որ մեզ թայֆայականություն թույլ չենք տա: Որքա՜ն հեռու է դա ինստիտուցիոնալ բարեփոխումներից, որոնց իմաստը հենց այն է, որ գործի դրվածքը չպիտի կախված լինի գործող անձանցից:
Հակառակ դեպքում ստացվում է՝ քանի որ առաջ իշխանությունը հրեշների ձեռքն էր, իսկ հիմա անցել է հրեշտակներին, առաջ բարեկամներին դատավոր դարձնելը կոռուպցիա էր եւ նեպոտիզմ, իսկ հիմա ազգականներին եւ «դըմփ-դըմփ-հու» թմբուկը զարկողին դատավոր նշանակելը «ինստիտուցիոնալ բարեփոխում» է:
Այն, ինչ հետեւեց դատարանների շրջափակմանը՝ հատուկենտ անկախ դատավորներին հետապնդելն ու համակարգից հեռացնելը, ԲԴԽ նախագահին փոխելը եւ ծայրահեղ քաղաքականացված գործչին նշանակելը, բնականաբար, նույնպես վկայում է «ինստիտուցիոնալ բարեփոխումների» մասին: Ըստ վարչապետի՝ արդարության դռները դեռեւս մինչեւ վերջ չեն բացվել: Դա, հավանաբար, նշանակում է, որ իշխանության դեռեւս ոչ բոլոր ընդդիմախոսներն են ճաղերի հետեւում:
Կարդացեք նաև
Դատական համակարգն, այո, «բարեփոխվել է»: Եթե մինչեւ 2018 թվականը դատավորների մեծամասնության աշխատանքի մոտիվացիան կոռուպցիան էր եւ քաղաքական հետապնդումներ իրականացնելը, հիմա դրան ավելացել են «վերեւից եկող» եւս մի քանի խթաններ՝ մասնավորապես, անձնական վրեժխնդրությունը եւ իշխանության քարոզչական հիմնական թեզը («բոլոր «նախկինները» թալանչի են») ապացուցելը:
Մնացական Մարտիրոսյանին ոչ ոք չի զանգում եւ ասում, օրինակ՝ «Ավետիք Չալաբյանի դեմ մեղադրական վճիռ կայացրու»: (Առաջ էլ չէին զանգում): Նա առանց որեւէ զանգի էլ գիտի, թե ինչ վճիռ է պետք կայացնել՝ դատավոր մնալու համար: Իսկ թե ով պետք աշխատի դատավոր՝ ինչպես առաջ, այդպես էլ հիմա որոշում է գործադիր իշխանությունը՝ լոյալության սկզբունքով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելկ պարոն Աբրահամյան
Կրկին թելում եք ՔՊ ական իշխանիկների թելը։ Նախկինում որ մի թմբուկ զարկող չի եղել դատավոր, նախկինում դատավորների արհեստավարժության խնդիր չկար։ Երբ գրում եք, որ ներկայումս նույնն է ինչ որ առաջ, դրանով նպաստում եք ՔՊ մնալու թեզին։ Ոչ , հիմա շաաատ ավելի վատ է քան առաջ, դա է իրականությունը, որը պետք է բարձրաձայնվի ամենուր, եթե իհարկե, կողմ եք այս իշխանության հեռացմանը։