Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առանց ասեղների ու ցավի․ ներկայացվել է պատվաստման նոր մեթոդ

Դեկտեմբեր 07,2023 09:30

Ավստրալիայում այս օրերին անցկացվող Acoustics 2023 Sydney կոնֆերանսի շրջանակներում ներկայացվել է Օքսֆորդի լաբորատորիայում մշակված ուլտրաձայնային պատվաստման մեթոդը, որը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել մասնակիցների կողմից։

Այս նորարարական մեթոդը թույլ է տալիս իրականացնել պատվաստումը՝ խուսափելով ներարկիչների և ասեղների օգտագործումից։ Այդ եղանակով պատվաստանյութն ուլտրաձայնային ալիքների միջոցով ուղղակիորեն ներթափանցում է մարդու օրգանիզմ՝ չվնասելով մարդու մաշկը։
Այժմ այս մեթոդը կենդանիների վրա փորձարկման վերջին փուլում է, իսկ մարդկանց վրա փորձարկումները պլանավորում են սկսել մոտ ապագայում։

Ուլտրաձայնային պատվաստման արդյունքում օրգանիզմ է ներթափանցում շատ ավելի քիչ դեղանյութ, քան սովորական ներարկման ժամանակ։ Դա նշանակալիորեն նվազեցնում է կողմնակի ազդեցությունների վտանգը՝ միաժամանակ պարզեցնելով բժշկական լոգիստիկայի խնդիրներն ու պատվաստումներն ավելի մատչելի դարձնելով։

Ընդ որում, դատելով անցկացված հետազոտությունների նախնական արդյունքներից՝ այդ եղանակով իրականացված պատվաստման արդյունավետությունն ավելի բարձր է, քանի որ այդ մեթոդով պատվաստված օրգանիզմի իմունային պատասխանն ավելի արտահայտիչ է լինում։ Այլ կերպ ասած՝ վարակներից պաշտպանությունն ավելի երկար կտևի։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց ամենատարածված կողմնակի ազդեցություններից մեկն էլ ներարկված հատվածի ցավն է, որը տևում է մինչև մի քանի օր։ Ուլտրաձայնային պատվաստումը թույլ է տալիս նույն արդյունքը ստանալ՝ խուսափելով այդ խնդրից։

Պատվաստումն իրականացնելու համար մաշկի մակերեսին պատվաստանյութի բարակ շերտ է քսվում, որից հետո բարձր հաճախականության ալիքները կարծես թե մտցնում են պատվաստանյութի միկրոսկոպիկ պղպջակներն օրգանիզմի մեջ ծակոտիների միջոցով՝ միաժամանակ հեռացնելով մաշկի մահացած բջիջները։
Հայտնվելով մաշկի տակ՝ նույն ուլտրաձայնի ազդեցությամբ այդ պղպջակները «պայթում են», այդպիսով դեղամիջոցի մոլեկուլները հաղթահարում են բջջաթաղանթը՝ հայտնվելով բջջի ներսում։ Արդյունքում իմունային ազդեցիկ պատասխան է ստացվում պատվաստանյութի ավելի քիչ քանակի ներմուծման պայմաններում։

Դրանից բացի, պատվաստման այդ մեթոդը լայն հնարավորություններ է ստեղծում ներկայումս մշակվող ԴՆԹ-պատվաստումների օգտագործման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ BBC

Գլխավոր լուսանկարը՝ GETTY IMAGES

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031