Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը` երկու քարի արանքում

Դեկտեմբեր 07,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Թուրքիան բարդ ընտրության առջեւ է. կամ` Ռուսաստանի «գրկում», կամ` Արեւմուտքի հետ

Անցյալ ամսվա վերջին բրիտանական «Financial Times» թերթը տեղեկացրեց, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Բրայան Նելսոնը մեկնելու է Թուրքիա՝ Ռուսաստանին աջակցող ֆինանսական գործունեությունը կանխելու նպատակով: Արեւմտյան լրատվականները պարբերաբար հիշեցնում են, որ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ։ Մասնավորապես՝ Թուրքիան այս տարվա 9 ամիսներին արտահանել է 158 մլն դոլարի 45 տեսակի ապրանք, այդ թվում՝ միկրոչիպեր, որոնք նշվել են որպես բարձր առաջնահերթություն ու արտահանվել են Ռուսաստան եւ նախկին խորհրդային 5 երկրներ, որոնք միջնորդ են եղել Մոսկվայի համար։

Ինչպես հայտնում էր Ermenihaber-ը, «Financial Times»-ի հոդվածում նշվել էր, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն երկար ժամանակ փորձում էին սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունները 3-րդ երկրների միջոցով երկակի նշանակության պարագաներ ներմուծելու համար։ Ըստ այդմ՝ Ղազախստանի, Սերբիայի եւ Թուրքիայի նման երկրների ընկերությունները, պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան վերաարտահանելով, մեղադրվում են երկրի ռազմական մեքենային աջակցելու մեջ։ Նաեւ հաղորդվել էր, որ ԵՄ-ի առաջիկա ֆինանսական փաթեթը նպատակ ունի խոչընդոտել պատժամիջոցներից խուսափելու Ռուսաստանի կարողությունները։

Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում քննարկվող հարցերից է նաեւ F-16 կործանիչների գործարքը: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենն էր վերջերս անդրադարձել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի մեջ կնքված F-16 կործանիչների գործարքին: Մասնավորապես` «ըստ Ձեզ՝ որո՞նք են այն հստակ պայմանները, որոնք կարող են նպաստել, որ ԱՄՆ-ն հաստատի Թուրքիայի՝ F-16-ի հետ կապված դիմումները» հարցին ի պատասխան՝ Օ’Բրայենն այսպես էր արձագանքել. «Երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է, որ աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների արդիականացման հարցում: Այս պահին այլ բան ասել չեմ կարող, քան այն, որ հույս ունենք այս հարցում կգրանցվի առաջընթաց»: Հիմք ընդունելով F-16-երի տրամադրման հարցում փակուղային իրավիճակից՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս հայտարարել էր, թե Թուրքիան մտադիր է գնել Իսպանիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները, նաեւ հավելել էր, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան արդեն տվել են իրենց համաձայնությունը:

Նոյեմբերի վերջին կայացավ Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Հաքան Ֆիդանն ու Ջեյմս Ստոլտենբերգը հանդիպեցին Բրյուսելում, որտեղ հավաքվել էին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները:

ԱՄՆ-ում անհանգստացած են ՀԱՄԱՍ-ի՝ Թուրքիայից ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունից, այս մասին վերջերս հաղորդեց «Ամերիկայի ձայնը»։ Ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը վերահսկում է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը, ըստ Ermenihaber-ի, նշել էր, որ ինքը թուրք պաշտոնյաների հետ քննարկել է ԱՄՆ-ի խորը մտահոգությունը, որ ՀԱՄԱՍ-ը միջոցներ է հայթայթում Թուրքիայում, ինչը, հնարավոր է, խախտում է այդ երկրի օրենքները: Թուրքիան կարեւոր տեղ է զբաղեցնում ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մեջ, եւ, ըստ երեւույթին, այս խմբավորման ղեկավարությունը պետք է մեծացնի դրամական հոսքերն՝ Իսրայելի հետ շարունակվող պատերազմի ֆոնին, ըստ պարբերականի, ասել էր Ֆինանսների դեմ պայքարի եւ ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը։

Ռուսաստանի հետ ոչ ցանկալի առեւտրատնտեսական քննադատությունների ֆոնին մեկ շաբաթ առաջ Անկարան հավաստիացրեց, թե Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության: Թուրքիայի առեւտրի նախարար Օմեր Բոլաթը Նիդեռլանդներ կատարած այցի ընթացքում անդրադարձել էր Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված «Իրավիճակը Եվրամիություն-Թուրքիա քաղաքական, տնտեսական եւ առեւտրային հարաբերություններում» վերնագրով զեկույցին։ Նա նշել էր, որ այդ զեկույցում վերջերս Թուրքիա-ԵՄ հարաբերություններում գրանցված առաջընթացն ամբողջապես չի արտացոլվել։ Ապա հավելել էր, որ իրենք ի գիտություն են ընդունել զեկույցում տեղ գտած ԵՄ-ի առաջարկները՝ կապված ԵՄ-ի հետ տնտեսական եւ առեւտրային կապերի զարգացման նպատակով մաքսային միության արդիականացման, թուրք գործարարների վիզայի տրամադրման գործընթացի հեշտացման եւ բարձր մակարդակի առեւտրային երկխոսության ձեւավորման հետ։ «Մենք ակնկալում ենք, որ զեկույցի արդյունքներն ու առաջարկությունները կարտացոլվեն դեկտեմբերի կեսին կայանալիք ԵՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի որոշումներում»։ Բոլաթը հույս է հայտնել, որ սպասվելիք առաջարկները կհամապատասխանեն ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի հեռանկարին, նաեւ ընդգծել էր, որ Թուրքիան պատրաստ է առաջիկայում կառուցողական համագործակցություն ձեւավորել ԵՄ-ի հետ։

Էրդողանի շուրջ օղակը սեղմվում է: Արեւմուտքը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից ակնկալում է Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական կապերի դադարեցում, Պուտինն էլ իր հերթին ակնկալում է Ռուսաստան-Թուրքիա բարեկամական-հաստատուն, վստահելի հարաբերությունների արդյունքում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչում:

Նոյեմբերի վերջին Անկարայում հանդիպեցին Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Վերջինս Անկարա էր մեկնել՝ մասնակցելու Ռուսաստան-Թուրքիա խառը տնտեսական հանձնաժողովի հերթական հանդիպմանը: Կողմերը քննարկել էին երկու երկրների միջեւ առկա էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր: Օրակարգում էր նաեւ Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Մերսինի շրջանում Աքքույու ատոմակայանի, ինչպես նաեւ Թուրքիայում գազային հանգույցի` հաբի, կառուցմանը առնչվող հարցերը, հացահատիկային գործարքը։ Երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի էր ունեցել Անկարայում 2022թ. մայիսին։ Կողմերը քննարկել էին արդյունաբերական ապրանքների մատակարարումների ավելացման հարցը, ազգային արժույթներով վճարումների ավելացումն եւ փոխադարձ առեւտրի խոչընդոտների նվազեցումը։

Ermenihaber-ը հղում կատարելով թուրքական «haber 365»-ին, հայտնում էր, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ համագործակցությունը շարունակում է աճել մեծ տեմպերով։ Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երկու երկրների միջեւ համաձայնեցվել է, որ 2024-ին Թուրքիայում կառուցվելիք գազային հանգույցի կենտրոնը լինելու է Արեւելյան Թրակիայում:

Այդ համատեքստում վերջերս Անկարայում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի՝ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքական պատվիրակության մոսկովյան այցի շուրջ: Ալփարսլանը հանդիպման ընթացքում հույս էր հայտնել, որ 2024-ին բոլոր աշխատանքները կհասցվեն ավարտին: Այս ծրագիրն իրականացվելու է ռուսական «Газпром» եւ թուրքական «Botas» ընկերությունների համատեղ գործունեությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու առաջարկը ներկայացրել էր անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 2022թ. հոկտեմբերին թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։ Թուրքական կողմն ընդունել էր այս առաջարկը։

Հոկտեմբերի վերջին Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը թուրքական դիվանագիտական շրջանակների կողմից տրամադրված տեղեկատվության մանրամասներ էր հրապարակել, որը վերաբերում էր Թուրքիայում ստեղծվելիք գազային հաբին։

Ըստ այդմ, Թուրքիայի էներգետիկայի նախարարության եւ «Գազպրոմի» միջեւ ձեռք էր բերվել պայմանավորվածություն Թուրքիայում գազային հաբ ստեղծելու վերաբերյալ։ Ասվում էր, որ կնախապատրաստվի եւ կստորագրվի ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն կտա գործնական քայլեր ձեռնարկել ծրագրի կյանքի կոչման համար։ Հայտնում էին, որ գազային հաբ ստեղծելու ճանապարհային քարտեզը կարող է իրականացվել մինչեւ ընթացիկ տարեվերջ։

Հայտնի է նաեւ, որ ավելի վաղ` հոկտեմբերին Մոսկվայում կայացած «Ռուսական էներգետիկայի շաբաթվա» շրջանակներում հանդիպել էին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը եւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը։ Քննարկման օրակարգային հարցերից էր` Թուրքիայի տարածքում միջազգային գազային հաբի ստեղծումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք բարեկամ Էրդողանին, երբ առաջարկեց Թուրքիայում ստեղծել գազային հաբ, նշել էր, թե դրա ստեղծմամբ հնարավոր կլինի հանգիստ կարգավորել գները` «նորմալ, շուկայական մակարդակով, առանց քաղաքական երանգի»։

Էրդողանի համար Պուտինի հետ բարեկամությունն արդեն վաղուց աշխարհաքաղաքական երանգ է ստացել, այդ փոխշահավետ համագործակցությունը կարող է բավական թանկ արժենալ Էրդողանին: Մասնավորապես ԱՄՆ-ն Էրդողանին հասկացնում է, որ նա սկսել է «կարմիր գծեր» հատել: Իսկ նման գործելաոճն ինչ-որ պահից արդեն կարող է Արեւմուտքի համարժեք քայլերին արժանանալ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 06.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031