Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ զոհվել հանուն հայրենիքի, ուզում եմ Շուշին ետ բերել, հիվանդ չեմ, տառապում եմ հայրենասիրությամբ»

Դեկտեմբեր 07,2023 12:30

Սյունիքի մարզի դատական նոյեմբերը

Մենք հաճախ ենք անդրադառնում մարզերի խմբագրություն ուղարկված բողոքներին, դատական այն գործընթացներին, որոնք իրենց շարունակությունն են հետագայում ունենում մայրաքաղաքում:

Տարանջատել Շիրակի մարզի դատերը Տավուշի մարզի դատերից՝ իրենց բարդության, ծավալի առումով, սխալ է, ինչպես որ սխալ է Սյունիքի մարզում ընթացող դատական գործընթացները համեմատել այլ մարզի՝ Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանում իրականացվող դատական գործընթացների հետ: Ամեն մարզի դատարան ունի իր յուրահատկությունները: Ինչու են, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության դատական հայցերը, հակընդդեմ հայցերը աճ գրանցում, որովհետեւ գործող աշխատատեղերից մեկն է… բազմապիսի են իրավահարաբերությունները:

Այս տարվա նոյեմբեր ամիսն ուսումնասիրելով նշեմ, որ իմ հաշվարկով, պղնձամոլիբդենային ընկերությունը նոյեմբեր ամսին պատասխանող կողմ է եղել տասն անգամ:

Որպես ռեկորդակիր հայցվոր «Գուդկրեդիտ» լուծարվող վարկային կազմակերպություն- ՓԲ ընկերությունն է, ամեն մեկի համար 245,965.34 ՀՀ դրամից ավելի գումարների բռնագանձման պահանջների մասին գործերով:

Այս հայցվորի գործերով ողջ նոյեմբերին լսվել է 90 գործ: Նրանից հայցերի քանակով հետ չեն մնում «Ֆինքա» ու «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունները:

Պատահականության սկզբունքով ընտրում եմ ռեկորդակիր հայցվորին, նրա պահանջերից… «Գուդկրեդիտ» լուծարվող ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը կնքել է վարկային պայմանագիր 2019 թվականից: Պատասխանողներից մեկը, օրինակ, հայցվորից ստացել է 400 000 ՀՀ դրամի չափով վարկ: Ըստ հայցապահանջի՝ պատասխանողը խախտել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ թույլ տալով կետանց, որի արդյունքում նրա պարտքը հայցվորի հանդեպ 07.04.2023 թվականի դրությամբ կազմել է 1 214 051.46 ՀՀ դրամ: Վարկային պայմանագրով սահմանված տոկոսները, սպասարկման վճարները եւ դրանց նկատմամբ տույժերը հաշվարկվել են մինչեւ հայցվորի լիցենզիայի ուժը կորցնելու պահը։ … «Գուդկրեդիտ»-ի գործերով դատավորը մշտապես Գուրգեն Քոթանջյանն է:

«Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության կողմից ներկայացված հայցադիմումների գերակշիռ մասն ընտանիքների դեմ է, պահանջն էլ՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին: Այս գործերով, որպես կանոն, մարզի դատարանը որոշումներ է կայացնում գործով դատաշինարարատեխնիկական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, կատարումը հանձնարարվում է «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊԸ-ին եւ քաղաքացիական գործի վարույթը կասեցվում է մինչեւ փորձաքննության կատարումը` փորձագետի եզրակացությունը ստանալը: Ահա թե ինչու են ձգձգվում դատական նիստերը, քանի որ նրանք սպասում են եզրակացությանը: «Ֆինքա»-ի գործերով մասնագիտացել է մարզի դատավոր Ա. Թումանյանը:

«Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության գործերով դատավորը մշտապես Ռոմեն Ահարոնյանն է:

Այս ընկերության պահանջներն էլ նույնաբովանդակ են. պատասխանողն ընկերության հետ կնքել է նշված հասցեի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր: Նշված հասցեի տանը (բնակարանում) սահմանված կարգով տեղադրվել է ջրաչափական սարք (տեղակայվել է առեւտրային հաշվառքի սարք):

Հայցվոր ընկերությունը պատասխանողին մատուցել է որոշակի ծավալով խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայություններ։ Պատասխանողը օգտվել է հայցվորի մատուցած ծառայություններից եւ մասնակի վճարումներ կատարել: «Ջրի գործերից» մեկով, օրինակ, միայն 2021թ. սեպտեմբերի 17-ի դրությամբ հայցվորի չկատարած պարտավորությունները կազմել են 667,981.6 ՀՀ դրամ…

Արթուր Պողոսյանի գործը երկու տարի դատարանում գտնվելուց հետո, օրերս՝ դեկտեմբերի 1-ին դատաքննություն նշանակելու մասին որոշում է կայացվել… Գումար պահանջող կազմակերպություններից են նաեւ բանկերը:

Այս դատավորի վարույթում գտնվող գործերից նոյեմբերի ամենահնչեղը «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության դիմումն էր՝ Ս. Հ.-ին հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման եւ ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին: Դիսպանսերը դիմելով դատարան՝ հայտնել է, որ քաղաքացին Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր է բերվել Հաքարիի կամրջի մոտից Գորիսի շտապօգնության մեքենայով 2023թ. հոկտեմբերի 13-ին: Հոսպիտալացման բերելու պատճառ են հանդիսացել քաղաքացու վարքի խանգարումները, նա ախտորոշվել է «սուր փսիխոտիկ խանգարում»:

Նա իրեն հիվանդ չի համարել եւ հրաժարվել է գրել դիմում-համաձայնագիր, ինչպես բուժում ստանալու, այնպես էլ բուժումից հրաժարվելու մասին: Քաղաքացին ստացել է համապատասխան հոգեբուժական բուժօգնություն: Բռնագաղթված արցախցու մոտ Կապանի բժշկական կենտրոնում հայտնաբերվել է գլխուղեղի ձախ բլթում արյունազեղում, որի կապակցությամբ քաղաքացին 27.10.2023թ. ենթարկվել է գլխուղեղի վիրահատության եւ այժմ գտնվում է հետվիրահատական վիճակում, Կապանի ԲԿ վերակենդանացման բաժանմունքում, վիճակն այսօր գնահատվում է ծայրահեղ ծանր՝ ըստ նյարդավիրաբույժի տված տեղեկության… Բնականաբար, նրա մասնակցությունը դատական նիստին հնարավոր չի եղել նրա՝ անգիտակից վիճակով պայմանավորված:

Նույն այդ դիսպանսերի հայցապահանջները նոյեմբերին 5-ն էին:

ԼՂՀ Մարտակերտում հաշվառված, 2000թ. ծնված Ա.Բ.-ին ստացիոնար բուժման են բերել Կապանի Սյունիք գյուղում տեղակայված Արցախից եկող փախստականների ընդունման կենտրոնից, շտապօգնության մեքենայով, ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ՝ 2023թ. սեպտեմբերի 30-ին: Նրա մոտ ախտորոշվել էր … վարքային խանգարում:

Մեկ այլ հիվանդի գործով դատարանում պարզվել էր, որ Ա.Ս.-ն հոգեկան վիճակից ելնելով հրաժարվում է գրել դիմում ինչպես բուժում ստանալու, այնպես էլ բուժումից հրաժարվելու վերաբերյալ:

Նրա մասին իրազեկ էր պահվել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը: Ա. Ս.-ն դատարան էր ներկայացվել, ծեծել մեքենայի վարորդին, մեղադրել է բոլորին եւ նրանց անվանելով «շպիոններ», շարունակ խոսել է պատերազմական իրավիճակներից, իրեն ներկայացրել է որպես մահապարտ, ասելով. «Ուզում եմ զոհվել հանուն հայրենիքի, ուզում եմ Շուշին ետ բերել, հիվանդ չեմ, այլ տառապում եմ հայրենասիրությամբ»։

Ա.Ս.-ն հայտնել էր, որ «Եղբայրական գերեզման»-ի տարածքում իր վրա են հարձակվել չորս դիմակավորված անձինք եւ հարվածել իրեն:

Քաղգործերով հազվադեպ են լինում ՀՀ պաշտպանության նախարարության հայցերը: Սյունիքի մարզում քրեական գործերով են շատ պաշտպանության նախարարությանն առնչվող գործերը:

Նոյեմբերին ՊՆ-ն քաղգործով երկու հայցապահանջ էր ներկայացրել դատարան:

Դատավոր Էմին Աբգարյանի վարույթում էր գտնվում ՊՆ-ի հայցն ընդդեմ Է.Պ.-ի: Դատարանը հինգ միլիոն դրամի չափով արգելանք է դրել պատասխանողի գույքի վրա: Հետագայում դատավորը նշանակվել է Արարտի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասութույան դատարանի դատավոր, գործը տրամադրվել է դատավոր Ա. Հարությունյանին:

Դիմելով դատարան՝ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության եւ պատասխանողի միջեւ. 2021 թվականին կնքվել է «Ակադեմիական կրթության գործուղելու մասին» պայմանագիր, ինչի հիման վրա պատասխանողը 2021 թվականին սովորել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի ՆՏ ակադեմիայում: Պատասխանողը հետագայում խնդրել է իրեն արձակել ԶՈԻ պահեստազոր՝ հրաժարվելով վճարել փոխհատուցման ենթակա գումարը:

Նախարարի հրամանով պատասխանող փոխգնդապետը վերականգնվել է ծառայության մեջ, զորամասերից մեկում պետ է։ ՊՆ-ն վերջերս հրաժարվել է հայցից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031