Բռնության կոչերի համար վկայի կարգավիճակով այսօր հարցաքննվել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Ես հասկացել եմ, որ ՀՀ իրավապահ համակարգը չի տիրապետում hate speach-ին, այսինքն՝ ատելության խոսք, անհանդուրժողականություն, բռնություն գործադրելու կոչեր, դա տարածել եւ այլն: Ներկայիս Քրեական օրենսգրքի 329 հոդվածին եւ 330 հոդվածին: Հարգելիներս, հենց հիմա դասընթաց ենք անցկացնում հենց նրանց համար, որոնք ապօրինի նախաձեռնում են վարույթներ, վերանում ենք այս քրեական գործից, ընդհանրական ենք խոսում, որովհետեւ մեզ արգելել են խոսել այս քրեական գործից: Միայն կասեմ, որ հանցակազմ չկա ո՛չ պարոն Իսագուլյանի, ո՛չ պարոն Նահապետյանի խոսքերի մեջ:
Մարդիկ փորձագետներ են, գիտեն՝ ինչ են խոսում, մտածված են խոսում: Ինչ վերաբերում է ատելության խոսքին, բռնության կոչերին, երբ այս հոդվածները ներարկում էիք, հարգելի իրավապահ համակարգ, հարգելի Ազգային ժողով, երբ հավանություն էիք տալիս, դուք պետք է հաշվի առնեիք, որ գոյություն ունի Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, ինչ է ասում այս հոդվածը, ասում է ՝ օրենքը պետք է օրենքից բխող լինի: Եթե համարում եք սա օրենք է ու ձեւակերպումներ եք տվել, չարաչար սխալվում եք, որովհետեւ ունենալու եք մի շարք արդարացնող որոշումներ: Որեւէ մեկը կասի՞, ո՞րն է այն չափանիշը, որ ասում են hate speach »,- հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում հարցրեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի պաշտպան Աննա Ծառուկյանը:
Կարդացեք նաև
Պաշտպանը նկատեց, որ ՄԻԵԴ-ը հատկապես Թուրքիայի դեմ «գորշ գայլերի» գործով կայացրած նախադեպային որոշումներով հստակ սահմանումներ է տվել, որ եթե օրենքը հստակ չէ, դրա կիրառողը՝ բոլոր սուբյեկտները, չեն կարողանում պաշտպանվել դրանից: «Ցանկացած բառ տեղավորում ենք խտրականության, ատելության խոսքի մեջ: Ավելին՝ ավելացրել են այդ հոդվածի քաղաքական հասկացությունը: Սահմանադրության 42-րդ հոդվածը դա իր մեջ չի ներառում: Ավելին Կոնվենցիայի 10-րդ հոդվածը թույլ է տալիս ցանկացած քաղաքական հայտարարություն խիստ քննադատել: Այսինքն՝ կրկին միջազգային հանցակազմ պարունակող չափանիշները չեն պահպանվել այստեղ, ինչու, որովհետեւ այս իշխանությունները ասում են՝ մեզ պետք է սիրեք, դա իմպերատիվ է, ինչը իրավաբանության մեջ անհնար է: Եթե ասում եք ատելության խոսքի քարոզն արգելված է, պետք է քրեականացնեք ատելությունը, դուք դա չեք կարող անել: Չեք կարող ստիպել, որ անձինք սիրեն ձեզ… արդեն իրավական բեսպրեդել ա սկսել, այսպես չի կարող շարունակվել»:
Փաստաբանը նկատեց, որ եթե չկան բռնության կոչերին հաջորդող հետեւանքներ՝ ընդվզումներ, խմբային գործողություններ, հետեւաբար չկա հանցակազմ: Նրա խոսքով, այդ դեպքում անիմաստ է մարդկանց կանչել հարցաքննության, դա հակասահմանադրական քայլ է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ