Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան․ «Տարօրինակ էր այն առումով, որ ՔՊ-ն ուներ ավագանու 14 անդամ եւ կարող էր առանց դեբոշների հասնել իր ուզածին»

Դեկտեմբեր 06,2023 22:15

«Իրազեկ քաղաքացիների  միավորման» հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հանցագործության մասին գլխավոր դատախազին  հաղորդում տալու մտադրության մասին, որում  մասնավորապես նշվում է․  «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է այսօր ներկայացնելու գլխավոր դատախազին՝ ոստիկանների կողմից Ալավերդիի համայնքի ղեկավարին (այդ պահին՝ դեռևս գործող) համայնքապետարանից հեռացնելու, ավագանու անդամներին ներս չթողնելու, ինչպես նաև ՔՊ-ականների կողմից առանց համայնքի ղեկավարին 30 րոպե սպասելու ավագանու նիստը սկսելու փաստի առթիվ:

Երեքն էլ մաքրամաքուր հանցագործություններ են: Ոստիկանությունը ո՞վ է, որ համայնքի ղեկավարին՝ իր իսկ ղեկավարած կառույցից (համայնքապետարանից) հեռացնի: Նույնիսկ հակառակը, համայնքապետն է այն մարդը, ով լիազորված էր ոստիկաններից պահանջելու այս կամ այն մարդուն հեռացնել համայնքապետարանի շենքից:

Մենք նաև հետևելու ենք «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած ու ճամբարափոխված ավագանու անդամ Սիմոն Զախարովի ճակատագրին և պարզելու ենք, թե որքանո՞վ են ճիշտ իրեն բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնով «առնելու» լուրերը:

Եթե այդ մարդուն ոչ ճնշել են և ոչ էլ «առել», ապա իշխանության զավթում չկա (նույն կերպ իշխանության զավթում չի լինի, եթե մի օր, ասենք, Երևանի ավագանում ընդդիմությունը միավորվի ու Տիգրան Ավինյանին իմպիչմենտ անի):

Այդուհանդերձ, շատ տխուր է, որ քվեարկությունը, որը կարող էր անցնել անցնցում, տեղի ունեցավ այսպիսի աղմուկ-աղաղակով, հրմշտոցով, ոստիկանական բռնությամբ, փակ դռներով ու այդ դռները կոտրելով:»։

Aravot.am-ը կատարվածի պատկերն ամբողջականացնելու նպատակով հեռախոսազրույց ունեցավ նրա հետ։

-Հաղորդումն արդեն հանձնե՞լ եք, թե՞ դեռ պետք է հանձնեք։

-Մերոնք արդեն պետք է ուղարկած լինեն։

-ՏԻՄ-երը ինքնուրույն կառավարվող մարմիններ են։ Պատգամավորը որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ  իրավունք ունի՞ ներկա գտնվել գործող համայնքապետին անվստահություն հայտնելու, իր կուսակցության անդամին առաջադրելու եւ ընտրելու համար հրավիրված նիստին։

-Դա օրինական է։ Պատգամավորը իրավունք ունի ներկա  գտնվելու պետական ու տեղական մարմնի ցանկացած միջոցառման։

-Իսկ միջամտելու իրավունք ունի՞։

-Միջամտելու իրավունք, ոչ, չունի։

-Իսկ Արեն Մկրտչյանի պահվածքը, նրա մատ թափ տալը համայնքապետի վրա, արած արտահայտությունները, ինչպե՞ս եք դա գնահատում:

-Մենք գնահատում ենք, որ տեղի ունեցածը բավական խնդրահարույց էր եւ տարօրինակ։ Տարօրինակ էր այն առումով, որ «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ էության, ուներ ավագանու 14 անդամ եւ կարող էր առանց դեբոշների հասնել իր ուզածին։ Եվ այդ կոնտեքստում բավականին խնդրահարույց էր ոստիկանության պահվածքը եւ վիճահարույց էր նաեւ ՔՊ-ի պահվածքը, մասնավորապես, նիստը սկսելու հարցում 30 րոպե չսպասելու մասով։ Նրանք պարտավոր էին 30 րոպե սպասել։

 

Դանիել Իոաննիսյանը ձեռնպահ մնաց կարծիք հայտնել Ալավերդու նոր ընտրված համայնքապետի անվան շուրջ մամուլում հրապարակված սկանդալային պատմությունների մասին՝ պատճառաբանելով, որ տեղյակ չէ։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031