«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարցրեց․ «Վերջերս կառավարության ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի հիմք հանդիսացող երեք հիմնարար սկզբունքները համաձայնեցված են Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ եթե երեք հիմնարար սկզբունքներ են գոյություն ունեցել բանակցություններում, եւ երեքն էլ համաձայնեցված են, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ չի ստորագրվում պայմանագիրը։ Ես, իհարկե, իմ տարբերակն ունեմ, որ Ալիեւը խաղաղության չի ձգտում, եւ ի վերջո ի դեմս այս կառավարության՝ ունի գործընկեր, որից կարողանում է ստանալ ցանկացած զիջում՝ առանց պարտավորություն ստանձնելու։ Բայց ես իմ հարցն ուզում եմ ուղղել երեք հիմնարար սկզբունքների մեկի՝ դելիմիտացիայի վերաբերյալ։
Վերջերս տեղի է ունեցել հերթական միջպետական հանձնաժողովների հանդիպումը, որին Մհեր Գրիգորյանն էր նաեւ մասնակցում, եւ ես ուզում եմ, որ շատ հստակ պարզաբանվի՝ եթե տեղի ունեցել սկզբունքային համաձայնություն, ապա պետք է հասկանանք, թե ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է տեղի ունենալու դելիմիտացիան։ Հայկական կողմն առաջ է քաշում 1975 թվականի քարտեզը, արդյոք Ադրբեջանն ամբողջությամբ համաձա՞յն է այս թվականի քարտեզի հիման վրա դելիմիտացիա իրականացնել, քննարկվե՞լ է արդյոք անկլավների հարցը։
Պայմանագրի կնքումից առաջ հայկական կողմը որպես նախապայման առաջ քաշո՞ւմ է արդյոք հայկական օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերումը։ Եվ առհասարակ, ձեր սկզբունքային մոտեցումը ո՞րն է, հնարավոր է արդյոք կնքել պայմանագիր, առանց դելիմիտացիայի իրականացման։ Մեր ժողովուրդը տեսել է, թե ինչպես է ադրբեջանական զինված զինծառայողը GPS-ով եկել ու ասել՝ էս ծառն իմն է, այս թուփն իմն է։ Եվ որեւէ հակազդեցություն չի եղել։ Տեսել է նաեւ, թե ինչպես է առանց բուն սահմանազատման պրոցես սկսելու որոշակի տարածքներ հանձնվել եւ ասվել՝ սա մերը չէ»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ դելիմիտացիայի գործընթացը բավական բարդ ու երկար գործընթաց է լինելու։ «Եվ կարծես թե փոխադարձ ընկալում կա, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Երկրորդ, մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են։ Օրինակ՝ կարող եմ բերել 1974-ից մինչեւ 1979 թվականները մասնագիտորեն կազմված եւ տպագրված 22 կտորից բաղկացած ֆրագմենտները, որոնք մանրակրկիտ պետք է հետազոտվեն։ Չկա դելիմիտացիայի որեւէ դիսկրետ լուծում, չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք եւ հայտարարենք՝ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է։ Եվ շատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ կողմերը միատեսակ են ընկալում այդ գործընթացի նշանակությունը եւ աշխատանքի ձեւը»,- ասաց նա։
Մհեր Գրիգորյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի վերջին հանդիպման ժամանակ։ «Դա շատ կարեւոր պայմանավորվածություն է՝ պայմանավորվել ենք, որ կհաստատենք աշխատակարգ, որը կնկարագրի մեր աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը։ Կարծում եմ՝ առաջիկայում մենք այդ աշխատակարգը կներառենք կառավարության նիստի օրակարգ, որոշում կկայացնենք։ Բովանդակության հետ կապված որեւէ լրացուցիչ տեղեկություն չեմ կարող տալ, եւ ըստ էության չի էլ քննարկվել վերջին հանդիպման ընթացքում, այդ թվում՝ անկլավների մասին»,- հավելեց փոխվարչապետը։
Աննա Գրիգորյանն ասաց, որ անկլավների մասով որեւէ իրավական հիմք չկա, ինչի մասին նաեւ ամենաբարձր մակարդակով է հայտարարվել։ «Եթե իրավական հիմք չկա, ինչո՞ւ է դա դարձել բանակցությունների առարկա, ինչո՞ւ է դա հիմա քննարկվում»,- հարցրեց պատգամավորը։
Մհեր Գրիգորյանն ասաց, որ եթե կողմերն ընդունում են, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է իրականացվի իրավական հիմք եւ հենք ունեցող փաստաթղթերի հիման վրա, դա շատ կարեւոր սկզբունք է։ «Հակառակ պարագայում այդ գործընթացը կարող էր տեւել շատ ավելի կարճ, շատ ավելի պարզ լիներ, եւ կստացվեր, որ մենք ոչ թե միասին վերականգնում ենք Հայաստանի Հանրապետության սահմանագիծը, այլ գծում ենք նոր սահման, ինչն ի սկզբանե մերժել ենք եւ կոնսենսուս ունենք, որ նման բան չի լինելու։ Ինչ վերաբերում է անկլավներին եւ էքսկլավներին, այո, դժվար է ասել վերջնականապես՝ այդ հարցն ունի՞ որեւէ իրավական նշանակություն ունեցող հիմք, թե՞ չունի։ Հանձնաժողովների աշխատանքը կայանում է նրանում, որ հանձնաժողովները միմյանց պետք է ներկայացնեն իրավիճակի իրենց ընկալումը, իրավական փաստաթղթերը, որոնց իրենք տիրապետում են, եւ սկսենք քննարկել՝ ինչքանով է այդ իրավական փաստաթուղթը լեգիտիմ եւ ինչքանով կարող է հիմք հանդիսանալ դելիմիտացիայի գործընթացում»,- նշեց Մհեր Գրիգորյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ