Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ դուք հարցը տալիս էինք, մենք քննարկում էինք, թե տիկին Խամոյանը կոկաինի շարժի պրոտոկոլները մանրամասն որտեղի՞ց գիտի»

Դեկտեմբեր 06,2023 20:20

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադարձավ շուրջ 1 տոննա «կոկաինի գործին»։

«Այդ տեղեկությունն ընդամենը մի քանի օր դարձավ լրահոսի նյութ, Նիկոլ Փաշինյանն էլ ժանրի կանոններով նշանակեց մեղավորների, եւ բնականաբար այդ մեղավորները նախկիններն էին։ Եվ վերջ, քար լռություն կես տարի։ Բայց հաշվի առնելով նաեւ Հայաստանում ապօրինի թմրամիջոցների շրջանառության ապօրինի աճը, բազմաթիվ հարցադրումներ կան, որոնք հուզում են ոչ միայն ինձ, այլ նաեւ մեր բազմաթիվ քաղաքացիների։ Ես օրերս հարցում եմ ուղարկել ԱԱԾ եւ շատ կարճ պատասխան եմ ստացել, որ նախաքննական գաղտնիք է ամենը։ Բայց ուզում եմ հնչեցնել այդ հարցերի մի մասը՝ քանի՞ կալանավորված անձ կա գործով, հետախուզում էիք հայտարարել կոնկրետ անձի նկատմամբ, ի՞նչ եղավ հետախուզումը, ի վերջո պարզվե՞ց ՝ ինչպես է այդ մեկ տոննա թմրանյութը սահմանային անցակետը հատել, մաքսայինի քանի՞ աշխատակից մեղադրյալի կարգավիճակ ունի, ինչպե՞ս կարող էր 250 մլն դոլար արժողությամբ բեռն առանց իշխանական հովանավորչության 4 երկրի սահման հատելով՝ հասնել ՀՀ։ Եվ քանի որ, պարոն Փաշինյան, դուք նախաքննական գաղտնիք հրապարակելու խնդիր չունեք, եւ նաեւ հաշվի առնելով, որ ամենաինֆորմացված անձնավորությունն եք ՀՀ-ում, առաջարկում եմ անդրադառնալ այս հարցերին»,- ասաց Խամոյանը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Երբ դուք հարցը տալիս էինք, մենք այնտեղ քննարկում էինք, թե տիկին Խամոյանը էս կոկաինի շարժի պրոտոկոլները մանրամասն որտեղի՞ց գիտի։ Որ այդ ամեն ինչը ասացիք, վերջում պետք է բացատրեիք՝ բա որ այդ ամեն ինչն առանց իշխանության չի լինում, իսկ էդ բռնելը ո՞նց է լինում։ Ընդդիմությունն էլ գնաց այդ բեռը բռնեց, ասաց՝ տեսեք, դավադիր իշխանությունը կոկաին էր բերում, մենք էլ գնացինք բռնեցի՞նք։ Ես ենթադրում եմ, որ պատասխանել եմ այդ շրջանակում, ինչ ԱԱԾ-ն կամ իրավապահ մարմինները որպես մամուլի հաղորդագրություն տվել էին։ Շատ մանրամասների չեմ տիրապետում։ Անկեղծ ասած, կոկաինի շարժերի պրոտոկոլներով չեմ հետաքրքրվում։ Նախաքննությունը պիտի տա ձեր հարցերի պատասխանը»։

Ագնեսա Խամոյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո է ԱԱԾ-ն այս գործով հաղորդագրություն տարածել։ «Դուք եք հայտնել այն ընկերության անունը, որը լոգիստիկ խնդիր է ընդամենն ապահովել, թե՞ բեռն իրեն է պատկանել։ Դրանից հետո է միայն ԱԱԾ-ն տարածել հաղորդագրություն՝ հաստատելով ձեր ասածները։ Դուք եք կոնկրետ անձնավորության անուն-ազգանուն տվել՝ նաեւ խախտելով մարդու անմեղության կանխավարկածը։ Հիմա վեց ամիս է անցել, եւ դուք ուզում եմ հավատացնել մեզ, որ որեւէ տեղեկություն չեք փորձե՞լ ստանալ, չեք փորձե՞լ հասկանալ, թե ինչ եղավ այդ գործը։ Ես չեմ հավատում։ ԱԱԾ-ն հարցին, թե քանի՞ կալանավորված անձ կա, պատասխանել է, որ նախաքննական գաղտնիք է։ Այսինքն՝ երբ դուք այդ ամբիոնից մարդկանց անուն-ազգանուններ եք տալիս, ընկերության անուն եք մատնացույց անում, այդտեղ նախաքննական գաղտնիք չկա, բայց երբ պատգամավորը հարցնում է՝ գործով քանի՞ կալանավորված անձնավորություն կա, ասում են՝ նախաքննական գաղտնի՞ք է»,- ասաց Ագենսա Խամոյանը։

«Ինչքան էլ հավատաք-չհավատաք, դա ձեր իրավունքն է, բայց, այո, ես չեմ հետաքրքրվել, որովհետեւ նախաքննության մարմինը, դատախազությունը, դատարաններն իրենց գործը պետք է անեն։ Մամուլում նաեւ հրապարակում եղել է, որ այդ գործով կոնկրետ մարդ հետախուզման մեջ է գտնվում»,- արձագանքեց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031