«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր միակողմանիորեն խզեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ դեռ երկու տարի առաջ ստորագրված համագործակցության մասին հուշագիրը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական հաղորդագրության համաձայն, պատճառն այն է, որ «Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»։
Aravot.am-ին քիչ առաջ քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ համայնքապետի ՔՊ-ական տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանն արդեն իսկ ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները։ Պաշտոնից ազատվելու դիմումներ ներկայացրել են նաև բաժինների բոլոր ՔՊ-ական պետերը։
Գյումրիում այս պահին խոսակցություններ կան, որ այս ամենը կատարվում է Գյումրու համայնքապետի պաշտոնը Վարդգես Սամսոնյանից ազատելու համար, այս մասին տևական ժամանակ է՝ խոսակցություններ են պտտվում։
Կարդացեք նաև
Թե ի՞նչ է կատարվում իրականում․ ՔՊ-ն «Բալասանյան դաշինքի» հետ կուլիսային պայմանավորվածության արդյունքո՞ւմ է նման գործողության գնում, թե՞ ՔՊ-ն իրոք ուզում է դառնալ ընդդիմություն, ինչպես որ լուրեր են շրջանառվում, քաղաքական ուժերից և ոչ մեկը դեռ չի պարզաբանում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մամուլի ասուլիս է հրավիրել հինգ օր անց՝ դեկտեմբերի 11-ին։
Լուռ է նաև «Բալասանյան դաշինքը»․ մեզ միայն պաշտոնապես տեղեկացրել են․ «Բալասանյան դաշինքն» առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։
Եվ մինչ նրանք կխոսեն, Գյումրիում շրջանառվում են մի քանի վարկածներ, դրանցից մեկն այն է, որ այս ձևով «Բալասանյան դաշինքը» համայնքապետի ղեկը կհանձնի ՔՊ-ականներին․ դեռ վաղուց կար կուլիսային պայմանավորվածություն, թե Սամվել Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի՝ Իրաքի Հանրապետությունում դեսպան նշանակվելու դիմաց «Բալասանյան դաշինքը» կազատի քաղաքապետի պաշտոնը։
Թեև նշենք, որ դեսպան Միսակ Բալասանյանն, Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով այդ հարցին, ասել էր․ «Առիթ ունեցել եմ նշելու և կրկին պետք է ընդգծեմ, Գյումրիում իշխանությունը ձևավորվել է գյումրեցու քվեով և իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, իսկ գյումրեցիների քվեն սակարկման, փոխանակման, առևտրի ենթակա չէ»:
Երկրորդ վարկածը, որը սկսել է ակտիվորեն շրջանառվել ՔՊ-ական որոշ շրջանակների կողմից, այն է, որ ՔՊ-ն-ն պատրաստվում է Գյումրու ավագանու կազմում ընդդիմադիր դառնալ։ Թե որքանով է հավանական, պարզ կդառնա առաջիկայում, թեև այս դեպքում էլ «Բալասանյան դաշինքը» չի կարող միանձնյա ստանձնել իշխանությունը, քանի որ չի հավաքել ընտրողների ձայների կեսից ավելին, և եթե այլ քաղաքական ուժեր չմիանան «Բալասանյան դաշինքին», ապա նոր ընտրություններ կսպասվեն։
Ավագանու կազմում գտնվող մյուս քաղաքական ուժերն էլ չեն շտապում մեկնաբանել կատարվածը, թեև մեր հետ զրույցում նշում են՝ սպասելի էր։
Գյումրու ավագանու նախկին անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է․ «ՔՊ-ն «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիոն համագործակցությունը դադարեցնում է։ Գյումրու համայնքապետը «Բալասանյան դաշինքից» է (36%), երկու տեղակալները՝ ՔՊ-ից են (29%):
Հիմա ՔՊ-ն քաղաքապետի պաշտոնն ունենալու համար կարիք է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների քվեները ստանալ, ինչը քիչ հավանական է, եթե հավես կունենա՝ իհարկե։ Բայց և քիչ հավանական է, որ հաշտվի ընդդիմադիր խմբակցություն լինելու ճակատագրի հետ։ Դժվար է պատկերացնել, որ ՀՀԿ եւ ԱԵ ավագանու խմբակցությունների անդամները կկոալիցվեն ու կսատարեն ՔՊ-ին։
Չեն բացառվում անդրկուլիսյան ճնշումները «Բալասանյան դաշինքի» խմբակցության անդամներից մի քանիսի վրա, այն նպատակով, որ ելնեն խմբակցությունից, ինչպես արեցին Ախուրյանում եւ Ալավերդիում։ Այնինչ պիտի հաշվի առնվի, որ «Բալասանյան դաշինքը» կառուցվել է ամուր ընտանեկան, ազգակցական ու ընկերային կապերով։ Բացի այդ չանտեսենք, որ ՔՊ-ն նպատակահարմար է գտել Ս. Բալասանյանի որդուն Իրաքում ՀՀ դեսպան նշանակել։ Այսով տարօրինակ է վերոհիշյալ խզումը»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ գրում է․ «Եթե Բալասանյան Սամվելի որդին` Միսակ Բալասանյանը, չհրաժարվի Իրաքում դեսպանի պաշտոնից, ապա այս հուշագրի չեղարկումը և քայլիստների կողմից Գյումրու քաղաքապետի պաշտոնի «զավթումը» երկուստեք ծրագրված քայլ է` «դու ինձ քաղաքապետի պաշտոնը, ես քեզ դեսպանի պաշտոնն Իրաքում» սկզբունքով, և այն պետք չէ համեմատել երեկ Ալավերդիում քայլիստների կատարած խուլիգանության հետ…
Եթե «Բալասանյան դաշինքը» խաղերի մեջ չէ քայլիստների հետ, ապա կմիանա ՀՀԿ֊ին ու ԱԵ֊ին ու ունենալով 16 մանդատ՝ կձևավորի կոալիցիա։
Այլ տարբերակներ էլ կան...»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ