ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
«Շուրջ մեկ ամիս առաջ ես ձեզ փոխանցեցի թղթեր, որոնք կապված էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, որի մեղադրում են Ամերիկայում գողություն անելու մեջ։ Քաղաքացիները նորից ինձ անհանգստացնում են այդ նյութերի հարցով, կուզեի իմանալ՝ դուք ուսումնասիրե՞լ եք այդ նյութերը»,- հարցրեց պատգամավորը։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ ուսումնասիրել են թղթերը։ «Այս պահին պաշտոնական հարցում ենք ուղարկել համապատասխան մարմիններին եւ սպասում ենք պատասխանի, որի արդյունքներով արդեն կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն եւ կողմնորոշվել հետագա քայլերի մեջ։ Բայց, իհարկե, շատ լրջությամբ ենք վերաբերվում այն տեղեկություններին, որոնք շրջանառվում են։ Կարծում ենք, որ պաշտոնական հարցման պատասխանով կկարողանանք նաեւ ավելի հստակ հետագա քայլերը պլանավորել։ Եթե հարցը գտնվեր միայն մեր տիրույթում, մենք իրավասու կլինեինք որոշակի որոշումների կայացման, բայց հարցը վերաբերում է իրավական գործընթացին։ Եվ առաջին հերթին պետք է ունենալ պաշտոնական տեղեկատվություն, հարցման արդյունքներ, որոնք թույլ կտան արդեն իրավական գործընթացի մասով ունենալ հստակ տեղեկատվություն ու որոշում կայացնել։ Այն պահին, երբ պատասխանը կլինի, լուծման տարբերակները պարզ են»,- ասաց նախարարը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ