Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտ 1,5 տարի է՝ տնտեսվարողները գիտեն, որ փակ կամ շրջանառու համակարգ պետք է ներդնեն»․ փոխվարչապետը՝ ձկնաբույծների բողոքի մասին

Դեկտեմբեր 06,2023 19:30

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների բողոքին եւ օրենսդրական փոփոխություններին։

Նա նշեց, որ հարցը շրջակա միջավայրի հետ առնչվող կարեւոր հարց է՝ ստերգետնյա ջրերի արդյունավետ օգտագործման մասին է։ «ՀՀ-ում ստորգետնյա ջրօգտագործողները, եթե հորատանցք են շահագործում, գիտեին, որ դեռեւս 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի պահանջով 2024 թվականի հունվարի մեկից ձկնաբուծարաններ կարող են շահագործել, եթե ունենան ջրի փակ կամ շրջանառու համակարգ։ Խոսքը վերաբերում է տարեկան մոտ 930 մլն խմ արդյունահանման ծավալ ունեցող ջրօգտագործման թույլտվություններին, որը չափազանց մեծ է։ Այսինքն՝ ձկնաբուծության ոլորտում ընդամենը 236 տնտեսվարող սուբյեկտներ օգտագործում են ավելի շատ ստորգետնյա արդյունահանված ջուր, քան ՀՀ ողջ բնակչությունը խմելու համար։ Եվ այստեղ խոսքն արդյունավետ ջրօգտագործման տեխնոլոգիաների կիրառության մասին է»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Ըստ նրա՝ ցանկացած ջրօգտագործման իրավունք տրվում է 1,5 տարվա համար։ Որեւէ տնտեսվարող սուբյեկտ, եթե նախորդ 1,5 տարիների համար չի դիմել եւ ստացել նոր ջրօգտագործման թույլտվություն ձկնաբուծության համար, ուրեմն 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետք է այլեւս ջրօգտագործման թույլտվություն չունենար։ Դա նշանակում է, որ բոլոր 236 տնտեսվարող սուբյեկտներն այս անցած 1,5 տարվա ընթացքում դիմել ու թարմացրել են իրենց ջրօգտագործման իրավունքները՝ գիտենալով, որ 2024 թվականի հունվարի 1-ից կիրառության մեջ պետք է մտնի ջրի փակ շրջանառու համակարգի միջոցով տնտեսվարման պահանջը։ Ավելին, կառավարությունն իր աջակցության ծրագրերով ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, որ այդ կազմակերպությունները ժամանակին դիմեն՝ այդ տեխնոլոգիաները ներդնելու համար»,- հավելեց փոխվարչապետը։

Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այսինքն՝ արդեն մոտ 1,5 տարի է՝ տնտեսվարողները գիտեն, որ փակ շրջանառու համակարգ պետք է ներդնեն։ «Այսինքն՝ ես չեմ կարծում, որ ՀՀ-ում կա որեւէ տնտեսվարող, որը ցանկության դեպքում կարող էր չգիտենալ կամ չիմանալ, թե ինչ է նշանակում ջրի փակ շրջանառու համակարգ։ Այլ բան է, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, օգտագործելով տարբեր պատճառներ, որպես պատրվակ կարող են ասել, որ այս կարգավորումն անսպասելի է իրենց համար։ Բայց անսպասելի ոչինչ չկա բովանդակության մեջ, մնացած հարցերը կարող են պարզաբանվել»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031