Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է նախագծով սահմանել նոր անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը և փոփոխել լիազորությունների ժամկետը. ՀՔԱՎ

Դեկտեմբեր 06,2023 19:10

Կարծիք «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

2023 թվականի նոյեմբերի 13-ին հանրային քննարկման է դրվել «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

Նախագծով առաջարկվում է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել  հասարակական դիտորդների խմբի կազմավորման իրավական հիմքեր։

Նախագծի համաձայն՝ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողությունն իրականացվելու է Ներքին գործերի նախարարի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված հասարակական դիտորդների խմբի միջոցով։ Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը սահմանվել է երեք տարի։ Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանվելու է Ներքին գործերի նախարարի հրամանով։

Դրական գնահատելով Ներքին գործերի նախարարության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության ապահովման համար նոր գործիքակազմի ձևավորման օրենսդրական նախաձեռնությունը՝ ՀՔԱՎ գրասենյակն արձանագրել է որոշ խնդիրներ Նախագծով առաջարկվող կարգավորումներում։

Հասարակական դիտորդական խմբի կազմավորում

Փակ և կիսափակ հաստատությունների նկատմամբ հասարակական մշտադիտարկման իրականացման արդյունքում ՀՔԱՎ գրասենյակը մատնանշել է դիտորդական խմբի արդյունավետ գործունեության և կառավարման համար առանցքային նշանակության նախապայմանը՝ այն է, որ ձևավորված հասարակական դիտորդական խումբը նոր անդամի թեկնածու առաջադրելու իրավունք ունենա։ Դիտորդական խմբի գործունեության կարևոր երաշխիքներից մեկն անկախության սկզբունքն է, հետևաբար դիտորդական խումբը պետք է ինքնավարություն ունենա անդամների համալրման հարցում։

Բացի այդ, դիտորդական խումբը հնարավորինս պետք է պահպանի խմբի կայուն կազմը որոշակի ժամանակահատվածում։ Խմբի անդամների հաճախակի փոփոխություններով դժվար է կառուցողական երկխոսություն պահպանել իշխանությունների հետ։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ դիտորդական խմբի անդամների համար կայուն մանդատի ապահովման համար անհրաժեշտ է նախագծով սահմանել նոր անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը և փոփոխել լիազորությունների ժամկետը՝ նախատեսելով հինգ տարի։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031