«ՀՀ-ն մեծ տեղ է տալիս արաբական աշխարհի հետ իր հարաբերություններին։ Եվ կարծում ենք, որ այստեղ գրեթե բոլորի հետ կան չիրացված հարաբերություններ, եւ տասնապատիկ անգամ ափսոս էր ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունենալը Սաուդյան Արաբիայի հետ»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։
«Եվ մենք, եւ Սաուդյան Արաբիայի Թագավորությունն անհրաժեշտություն համարեցինք ու ստորագրեցինք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը։ Ուզում եմ ասել, որ սա վերջը չէ, հակառակը, սա գործընթացի սկիզբն է։ Եվ որքան հասկանում եմ, նաեւ Սաուդյան Արաբիայի մեր գործընկերները կիսում են այս դիրքորոշումը։ Կան բազմաթիվ ոլորտներ, որոնք մենք դեռ նոր-նոր պետք է բացահայտենք եւ մեծ համագործակցություն ծավալենք»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի մեկնաբանությանը, թե Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցով Հայաստանն օգնության համար դիմել է մի շարք երկրների, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Կուզեմ միանգամից աներկբա ու հաստատակամ ասել, որ մենք այս հարցով որեւէ երկրի միջնորդությանը չենք դիմել, որեւէ երկրի օգնությանը չենք դիմել։ Փոխըմբռնումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրության ստորագրումը տեղի է ունեցել բացառապես երկկողմ շփումների արդյունքում, երկու երկրների մեծ պատրաստակամության արդյունքում»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ