«Իրազեկ քաղաքացիների միավորում« ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է այսօր ներկայացնելու գլխավոր դատախազին՝ ոստիկանների կողմից Ալավերդիի համայնքի ղեկավարին (այդ պահին՝ դեռևս գործող) համայնքապետարանից հեռացնելու, ավագանու անդամներին ներս չթողնելու, ինչպես նաև ՔՊ-ականների կողմից առանց համայնքի ղեկավարին 30 րոպե սպասելու ավագանու նիստը սկսելու փաստի առթիվ:
Երեքն էլ մաքրամաքուր հանցագործություններ են: Ոստիկանությունը ո՞վ է, որ համայնքի ղեկավարին՝ իր իսկ ղեկավարած կառույցից (համայնքապետարանից) հեռացնի: Նույնիսկ հակառակը, համայնքապետն է այն մարդը, ով լիազորված էր ոստիկաններից պահանջելու այս կամ այն մարդուն հեռացնել համայնքապետարանի շենքից:
Մենք նաև հետևելու ենք «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած ու ճամբարափոխված ավագանու անդամ Սիմոն Զախարովի ճակատագրին և պարզելու ենք, թե որքանո՞վ են ճիշտ իրեն բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնով «առնելու» լուրերը:
Կարդացեք նաև
Եթե այդ մարդուն ոչ ճնշել են և ոչ էլ «առել», ապա իշխանության զավթում չկա (նույն կերպ իշխանության զավթում չի լինի, եթե մի օր, ասենք, Երևանի ավագանում ընդդիմությունը միավորվի ու Տիգրան Ավինյանին իմպիչմենտ անի):
Այդուհանդերձ, շատ տխուր է, որ քվեարկությունը, որը կարող էր անցնել անցնցում, տեղի ունեցավ այսպիսի աղմուկ-աղաղակով, հրմշտոցով, ոստիկանական բռնությամբ, փակ դռներով ու այդ դռները կոտրելով: