Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Չե՞ք հոգնել համեմատելուց… վարչապետի շարասյունը հղի կնոջ է գցում ավտոյի տակ, լայաղ չի էլ անում մի հատ կանգնի». Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Դեկտեմբեր 06,2023 18:22

«Այս իշխանությունը, ձախողելով երկրի կառավարումը, բերելով հազարավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ՝ անընդհատ թմբկահարում է, խոսում է ժողովրդավարությունից: Ժողովրդավարությունն իհարկե լավ է եւ պետք է ձգտել դրան, այն երկրները, որոնց փորձում եք հասնել, ժողովրդավար երկրներում, ուսումնասիրե՞լ եք, քանի՞ հոգի է կալանավորված՝ ֆեյսբուքյան գրառման համար, քանի՞ հոգի է հետապնդվում այլակարծության համար: Այստեղ կա տարբերակված մոտեցում, այդ ամենը աշխատում է, երբ մարդը խոսում է իշխանության կամ կառավարության դեմ: Իսկ երբ հակառակը լինում է, դրանք ընթացք չեն ունենում, եզակի դեպքերում ձեւական գործեր են լինում, այնուհետեւ կոծկվում է, անցնում, գնում է, ոչ ոք դրա մասին չի իմանում»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք չենք կարող բոլոր երկրների վիճակագրությանը հետեւել, բայց մենք կարող ենք համեմատել Հայաստանի նախկին շրջանի վիճակագրության հետ ու կարող ենք ասել, օրինակ, որ քաղաքական գործիչները «պադյեզդներում» չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, Եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհում: Մենք հետեւում ենք միջազգային կազմակերպությունների զեկույցներին, ովքեր արդեն 5 տարի շարունակ արձանագրում են ՀՀ առաջընթացը ժողովրդավարության ոլորտում»:

Փաշինյանն ասաց, որ այսօր էլ բյուջեի քննարկման ժամանակ, անդրադառնալով արդարադատության հետ կապված պրոբլեմներին, ասել է, որ հսկայածավալ բարեփոխումներ են իրականացրել ու կասկած չունի, որ անկախ դատական համակարգի, արդարության իրենց իդեալին հասնելու են:

Լեւոն Քոչարյանն արձագանքեց. «Չե՞ք հոգնել համեմատելուց, հիմա հետ գնանք ժամանակներով, մինչեւ Ստալին հասնե՞նք, որ մարդկանց էին գնդակահարում: Արդեն 6 տարի է՝ իշխանության եք, որ հարց եմ տալիս, փորձեք պատասխանել: Ես խոսում եմ շատ կոնկրետ երկակի ստանդարտների մասին: Կարող եմ խոսել, որ օրինակ վարչապետի շարասյունը հղի կնոջ է գցում ավտոյի տակ, լայաղ չի էլ անում մի հատ կանգնի: Ես այդ դաշտ չեմ մտնում, կոնկրետ հարց եմ տալիս երկակի ստանդարտների մասին, որը շատ ակնհայտ ու ակնառու է: Իսկ արդարադատության հետ կապված, խնդրում եմ, մի ծիծաղացրեք, էլի, տեսնում ենք ինչ է կատարվում, դատավորների պահվածքը, քննչականների, երբ որ խոսքը քաղաքական գործընթացի մասին է, ուղղակի այնտեղ նստած «պեչատում են» այդ ամեն ինչը»:

Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, իրավունք ունեն հիշեն Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպը նրանք, ովքեր «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանին: Ես չեմ հոգնում ձեր հարցերին պատասխանել, մանավանդ, որ դրանք շատ մեծ օգուտներ են բերում: Խորհրդարանական հարթակն օգտագործելը շատ օգտակար է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ․ Գ․ Ավելի ուշ Լեւոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է:

Եթե չզլանաք, կարող եք շրջել այդտեղ և ինքներդ համոզվել, թե ինչքան հեռու է Տոյոտան գերեզմաններից, և ինչքան շինություններ, խանութներ կան դրանց միջև: Ու սա օգտագործել մարդկանց էմոցիաների վրա խաղալու համար հերթական ստորությունն է: Սրանց իշխանության օրոք Եռաբլուրը ցավոք 2 անգամ մեծացել է և երևի նպատակ ունեն ավելի մեծացնելու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031