Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս բիզնեսը մեծ եկամուտներ է ապահովում բյուջե, պետք չէ վնասել ընկերություններին»․ ավտոներկրողները կրկին բողոքի ցույց են անում․ պահանջում են վերանայել օրենքը

Դեկտեմբեր 06,2023 18:11

Ավտոներկրող ընկերությունների ներկայացուցիչներն այսօր կրկին բողոքի ցույց էին անում, այս անգամ ԱԺ շենքի մոտ, քանի որ այսօր խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրն է, եւ ցույցի մասնակիցներն ակնկալում են, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց պահանջը կներկայացնեն խորհրդարանում։

Հիշեցնենք, որ ավտոներկրողները դժգոհ են նոյեմբերի 16-ին ընդունված օրենքից, ըստ որի՝ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով չափազանց բարձր հարկ է սահմանվում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար:

Ցույցի մասնակիցներն ասում են՝ նոր ընդունված օրենքով պարտադրվում  է ½ գործակից կիրառել գործարքների վրա․ «Այսինքն մեզ պարտադրում են ունենալ նվազագույնը 20% շահույթ ամեն գործարքից, որից հաշվարկվեն հարկերը։ Հավատացնում եմ՝ վերջին տասը տարվա փորձը ցույց է տալիս, որ չի եղել դեպք, որ մեկ մեքենայի իրացումից 20% եկամուտ ունենանք։ Հիմա փաստորեն պարտադրում են, որ նույնիսկ այդ 20% շահույթը չլինի, շահութահարկը, մեկ է, պետք է վճարվի 20%-ի հաշվարկով»։

Ցույցի մասնակիցները վստահեցնում են, որ մի գործարքից ընդամենը 150-180 հազար դրամ եկամուտ են ստանում։

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ամերիքըն գլոբալ գրուպ» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր, ավտոներկրող Վարդան Օնանյանն ասաց, որ  բողոքի ցույց էին անում նախագահի նստավայրի մոտ, հիսունից ավելի ընկերությունների անունից նամակ էին փոխանցել նախագահին եւ խնդրել չստորագրել օրենքը։

«Ցավոք, որեւէ պաշտոնական պատասխան չենք ստացել։ Հաջորդ օրը նախագահականի կայքում հաղորդագրություն հրապարակվեց, ըստ որի՝ նոյեմբերի 20-ին նախագահը ստորագրել է օրինագիծը, բայց նշված չէր կոնկրետ նախագծի համարը։ Տարակարծություն կա, որ դա այլ փոփոխությունների մասին է։ Հետո տեղեկատվություն եղավ, որ նոյեմբերի 29-ին է ստորագրել, բայց պարզ չէ՝ ի վերջո ստորագրե՞լ է, թե՞ ոչ»,-ասաց Օնանյանը։

Նրա ներկայացմամբ՝ ՊԵԿ փոխնախագահի հետ են հանդիպել, ՊԵԿ-ը հավաստիացրել է, որ ավտոներկրողների պահանջների մի մասը կարող են բավարարել․ «Բայց դա մի փոքր մասն է։ Խոսքը այն ավտոմեքենաների մասին է, որոնք արդեն գտնվում են ՀՀ-ում։ Մեզ առաջարկեցին մինչեւ դեկտեմբերի 1-ը հարկային հաշիվ դուրս գրել, այսպես ասած թղթի վրա կատարել առքուվաճառքը, հետո երբ  հաճախորդները մեքենաները այն վիճակի կբերեն, որ արդեն կարելի  է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում գրանցել ու ստանալ պետական համարանիշ, այդ դեպքում հետին թվով հարկային պարտավորություններ չեն լինի։ Բայց սա էլ, ըստ մասնագետների, վստահելի չէ, քանի որ չգիտենք, թե տարիներ հետո ինչ կլինի, ասենք՝ մի հարկային տեսուչ չի հայտնվի ու կասկածի տակ դնի այդ թուղթը։ Ամեն դեպքում, ՊԵԿ-ից հայտնեցին մեզ, որ որոշում են կայացրել այդ մասով»։

Օնանյանի ներկայացմամբ՝ ցույցի մասնակիցները պահանջում են այդ որոշումը տարածել  նաեւ այն ավտոմեքենաների վրա, որոնք այս պահին դեռ ճանապարհին են, քանի որ  դրանք աճուրդով են գնվում, ներկրումը մի քանի ամիս է տեւում․ «Խնդրում ենք այն մեքենաները, որոնք  դեկտեմբերի 1-ից հետո են աճուրդում գնվել կամ պայմանագիր կնքվել, դրանց վրա եւս տարածվի ՊԵԿ-ի այս վերջին որոշումը։  Սա մեր նվազագույն պահանջն է։ Իսկ մեծ պահանջն այն է, որ տարբերակում չդրվի պաշտոնական դիլերների, դիստրիբյուտորների եւ մեզ նման ընկերությունների միջեւ»։

Ցույցի մասնակիցներից Գոռ Մանասերյանը լրագրողներին իր օրինակով ներկայացրեց խնդիրը, պատմեց, որ Մերսեդես մակնիշի մեքենա է գնել, հաշվարկել է՝ մեքենայի արժեքը, մինչեւ ՀՀ հասնելն ու մաքսատուրքերը միասին 32 հազար դոլար է, ու հենց այդքան գումար էլ ունեցել է, ուստի տվյալ մեքենան է ընտրել, ընդ որում՝ 9250  դոլար  է վճարել մաքսազերծման համար․ «Դրանից ավելի գումար չեմ նախատեսել։ Իմ մեքենան չորս-հինգ ամսից նոր հասել է, դեկտեմբերի 4-ին,  ու այս օրենսդրական փոփոխությամբ 900  հազար դրամ հավելյալ պարտադրվում է վճարել։ Այսինքն, պետք էր հաշվի առնել, որ ճանապարհին մեքենաներ կան, ու հնարավորություն տրվեր, որ դրանց վրա օրենքը չտարածվեր։ Եթե ես նախապես իմանայի, որ նման օրենք է լինելու՝ կամ էժանը կգնեի կամ չէի գնի»։

Հարկային այս փոփոխությունը, ըստ ցույցի մասնակիցների, մեծ բեռ է իրենց համար, ընկերություններից շատերը կփակվեն, մեքենաների ներկրումը կնվազի, նաեւ՝ ավտոների գները կբարձրանան, ինչը ենթադրում է, որ ընկերությունների շրջանառությունն էլ կնվազի։

«Այս բիզնեսը բյուջե մեծ եկամուտներ է ապահովում, պետք չէ վնասել ընկերություններին»,-հայտարարեցին ցույցի մասնակիցները։

Ընկերությունները նամակ են ուղղել նաեւ ՀՀ վարչապետին, սակայն պատասխան չեն ստացել։

 Մանրամասն՝ տեսանյութում

Ցույցի մասնակիցների հետ հանդիպեց «Հայաստան» խմբակցությունից Թադեւոս Ավետիսյանը, որը նրանց հետ զրույցում ասաց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովում խնդիրը ներկայացրել է, սակայն որեւէ արդյունքի չի հասել, նախագծի հեղինակները պնդել են, թե ոլորտում ստվեր կա, ստվերի դեմ են պայքարում․ «Եթե ստվեր կա, թող ստվերում գտնվող կոնկրետ այդ տնտեսվարողին գտնեն, ոչ թե վնասեն մաքուր բիզնես անողներին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031