Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարին պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի մասին, որը պատմաբաններն էին քննադատել:
Նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ երեկ քննարկել են այն արձագանքները, որոնք ստացել են դպրոցներից, ուսուցիչներից ու մասնագիտական շրջանակներից, ու անհրաժեշտ լրամշակումներ կարվեն՝ թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային. «Դրանք ամբողջությամբ երկրորդ կիսամյակում հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով: Ինչ վերաբերում է թղթային տարբերակին, այս պահին կգնանք ներդիրների ճանապարհով՝ նկատված վրիպակներն ու խնդիրներն ուղղելու համար, այնուհետեւ արդեն վերահրատարակության խնդիրը կքննարկենք: Ինչ վերաբերվում է մասնագիտական կարծիքներին, մենք շատ ուշադիր ենք այդ դիտարկումների նկատմամբ: Հանդիպում կլինի մասնագիտական շրջանակի այն ներկայացուցիչների հետ, որոնք հանրային ու ոչ հանրային ձեւով արտահայտել են իրենց դիտարկումները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ