Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարող եմ մի բառով գնահատական տալ՝ ե-րախ-տա-մո-ռու-թյուն, ուրիշ բառ չեմ կարող ասել». Փաշինյանը՝ Ղարաբաղը մենակ թողնելու մասին

Դեկտեմբեր 06,2023 17:34

«Արցախի ապագայի վերաբերյալ ի՞նչ ռազմավարություն կա, ի՞նչ է արվում՝ գերիներին վերադարձնելու, հատկապես՝ ռազմաքաղաքական ղեկավարներին պաշտպանելու եւ դիվանագիտական ճանապարհներով վերադարձնելու համար, որովհետեւ նրանք ահաբեկիչներ չեն»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ պետբյուջեի քննարկման ժամանակ այդ հարցին անդրադարձել է ու ասել է. «Մեր ռազմավարությունն է Հայաստանի պետականությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը ամրապնդելը եւ մենք շարունակելու ենք այս ճանապարհով: Որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցը օգտագործվել է մի նպատակի համար, որ ՀՀ-ում չկայանա պետականություն: Այդ համոզմունքը գնալով ավելի է ինձ համար խորանում: Ես հայտարարեցի, որ 1996-ի Լիսաբոնի գագաթաժողովից հետո, ըստ էության, ԼՂ հարց չի եղել, մենք չենք առերեսվել այդ իրականության հետ: Սա մեր խորքային պրոբլեմներից մեկն է, այդ թվում՝ մեր կառավարության: Ինքնորոշում եզրույթի հետ կապված բազմաթիվ ելույթներ ունեցել եմ: Ուզում եմ հիշեցնել Լիսաբոնի գագաթաժողովի արդյունքներով ընդունված փաստաթուղթը, նախագահողի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման եւ իրավունքի շրջանակներում, այն է՝ ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում: Միշտ չի, որ մենք մեր օգտագործած տերմինները համեմատել ենք այդ տերմինները ստեղծած կառույցների մեկնաբանությունների հետ, ինչի արդյունքում իրականության եւ մեր նպատակադրումների միջեւ առաջացել են անհաղթահարելի խզումներ»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ Ադրբեջանը պետք է պատժվի իր հանցագործ գործունեության համար. «Սուբյեկտայնությունը եւ ինստիտուտների պահպանությունը անհրաժեշտություն է: Արցախն ինտեգրված է եղել: Ինչ ուզում եք ասեք, ձեր իշխանության ժամանակահատվածում է, որ Արցախը հայաթափվել է, բանակցությունները գնացել են եւ ձեր ժամանակ է, որ ընդհատվել են, որովհետեւ դուք իրարամերժ հայտարարություններ եք արել ու այսօր նորից ոչ մի բան չեք ձեռնարկում՝ Արցախի պատմական մեր տարածքը հետ բերելու, գոնե բանակցելու այդ ուղղությամբ»:

Փաշինյանը պատասխանեց. «Որպես ՀՀ վարչապետ՝ իմ խնդիրը ՀՀ ապագան է, եւ իմ լիազորությունների շրջանակը ՀՀ սահմանադրությունը ինձ տալիս է պատասխանատվություն ՀՀ ապագայի վերաբերյալ եւ ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա: Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ մենք Ղարաբաղին անտարբեր մնացինք, ինչ-որ իրավիճակում մենակ ենք թողել, ես նման արձագանքներին կարող եմ մի բառով գնահատական տալ՝ ե-րախ-տա-մո-ռու-թյուն, ուրիշ բառ չեմ կարող ասել»:

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին՝ Փաշինյանն ասաց, որ արվում է ամենօրյա աշխատանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031