Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էլի էն դեղին ժիգուլու պատմությունն է, ուզում եմ հարցի ենթատեքստը հասկանամ, ուզում եմ լսել ձեր պատասխանի տարբերակները՝ պատասխան ա, բ». Փաշինյան

Դեկտեմբեր 06,2023 17:19

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ 2022-ի հունվարի 24-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր «Հայկական խաչմերուկի» մասին, նամակ է ուղարկել կառավարություն՝ խնդրելով ներկայացնել այդ ծրագրի տնտեսական հիմնավորվածությունը. «Խոսում էին խաղաղությունից, ասում էին՝ լավ կապրենք, դրա համար փորձեցի հասկանալ՝ ինչքանո՞վ լավ կապրենք: Շատ պարզ հաշվարկներ էին: Փետրվարին ՏԿԵՆ-ից ստացել եմ նամակ, որ ուղարկված հարցերին հնարավոր չէ պատասխանել, քանի դեռ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն արված չէ: Ինչի՞ են խոսում տնտեսական բարեկեցության մասին առանց դրա՝ այլ խնդիր է: Երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Խաղաղության խաչմերուկի» մասին, որը «Հայկական խաչմերուկի» զարգացումն է, ես նորից նամակ ուղարկեցի ՏԿԵՆ-ին՝ խնդրելով վերջիվերջո ինձ ներկայացնել այդ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը: 2024-ի հոկտեմբերին՝ առաջին նամակից համարյա 20 ամիս անց էլի պատասխան եմ ստացել, որ այդ ուսումնասիրությունը չկա: Ուզում եմ կառավարությունը պատասխանի՝ այդ գովերգած խաչմերուկ, երկաթուղու բացումը, որ ասում եք՝ կտա օգուտ, կավելացնի ուղեւորահոսքը եւ բեռնահոսքը, ինչի՞ հիման վրա եք ասում»:

Վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ այդպիսի հաշվարկներ կան՝ միջազգային կազմակերպության կողմից արված, որը կարող են տրամադրել. «Խաղաղության խաչմերուկը միայն տնտեսական հաշվարկ չի, շատ ավելի ընդարձակ եւ համապարփակ նախագիծ է, ունի քաղաքական, անվտանգային, տարածաշրջանային նշանակություն: Այդտեղ էլ մի քիչ ֆորմուլայի հարց կա՝ բա՞ց ճանապարհն է լավ, թե՞ փակ ճանապարհը, դրա համար էլ պիտի հետազոտություն անենք»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը արտգործնախարարին հարց էր ուղղել, կանոնակարգով չի թույլատրվում երկրորդ նախարարին հարց տալ, այնուամենայնիվ, հնչեցրեց հարցը՝ ուղղված ՏԿԵՆ նախարարին. «Մինչեւ պատերազմը ի՞նչ հիմնավորում կար 1,7 մլրդ գումար հատկացնել Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարայով, դեպի Վանաձոր, դեպի Վրաստանի սահման ճանապարհ կառուցելու, երբ հայ-թուրքական երկխոսություն չկար, երբ կոմունիկացիաներ բացելու եռակողմ համաձայնագիր չէր ստորագրվել»:

Փաշինյանը անդրադարձավ այդ հարցին՝ ասելով, որ այդ ճանապարհները ՀՀ-ինն են, տասնյակ բնակավայրեր են այդ ճանապարհից օգտվում. «Նույնն է, որ այդ նույն տրամաբանությամբ հարցնեք՝ ի՞նչ կարիք կար Երեւան-Սեւան-Իջեւան, Բերդ կամ Գորիս կամ Կապան ճանապարհը կառուցելու: Բոլոր ճանապարհներն էլ կառուցում ենք: Էլի էն դեղին ժիգուլու պատմությունն է, ուզում եմ հարցի ենթատեքստը հասկանամ, ուզում եմ լսել ձեր պատասխանի տարբերակները՝ պատասխան ա, բ, ի՞նչ տարբերակ կա, ուզում եմ հասկանամ: Մտածողության ֆորմուլան եմ ուզում հասկանամ, չեմ կարողանում: Բոլոր ճանապարհները նորոգվում են, որովհետեւ դրանք ՀՀ ճանապարհներն են եւ շարունակվելու են նորոգվել»:

Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Պարոն Փաշինյան, դեղին ժիգուլին որտեղ է՝ չգիտեմ, նաեւ չգիտեմ, թե որտեղ է այն կանաչ ժիգուլին, հիշո՞ւմ եք՝ 02-ը, որը բրդում էր ձեր թիմը, ասում էին՝ սա հայկական տնտեսությունն է, նաեւ չգիտեմ այդ կանաչ ժիգուլին որտեղ է»:

Փաշինյանը պատասխանեց. «Կանաչը իր տեղում է, մեր կուսակցության անդամ Վազգեն Մանուկյանենց ժիգուլին է, լավ հիշեցրիք, մոռացել եմ հարցնել որտեղ է, պարոն Ալեքսանյանը կճշտի, մեր հարգելի ընդդիմադիրներին կտեղեկացնենք ժիգուլու գտնվելու վայրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031