Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անձնական վիրավորանքների տեղատարափ տեղաց, հնչեց դրան համարժեք պատասխան, Ալավերդիի բնակիչներից ներողություն եմ խնդրում». Արեն Մկրտչյան

Դեկտեմբեր 06,2023 16:32

«Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը ՀՀ ՏԻՄ-ի մասին օրենքի համաձայն, գումարել է նիստ՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հետ կապված, իրացրել է իր իրավունքը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալավերդիում երեկվա դեպքերն այսպես մեկնաբանեց ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու եւ իշխանության ներկայացուցիչ Դավիթ Ղումաշյանին համայնքապետ ընտրելու գործընթաց էին նախաձեռնել: Եվ այնտեղ էր նաեւ Արեն Մկրտչյանը:

Նա ասաց. «Նիստի օրը՝ առավոտյան ժամը 8-ին Ալավերդու համայնքապետը համայնքապետարանի դիմաց հրավիրել է հանրահավաք: Փորձ է արվել հանրահավաքի մասնակիցներին հրավիրել շենքի ներս: Փորձել են մուտքերը փակել: Այդպիսով նաեւ խոչընդոտ կստեղծվեր ավագանու անդամների՝ իրենց իրավունքներն իրացնելու հարցում: Հանրահավաքի մարդաշատությունն ապահովելու նպատակով զանգեր են արվել մանկապարտեզների տնօրեններին, մշակույթի կենտրոնների, ամբուլատորիաների տնօրեններին, վարչական ղեկավարներին, քաղաքապետարանի աշխատակիցներին եւ հորդորել ժամը 8-ին լինել հանրահավաքի վայրում, իբր ժամը 9:30 բյուջեի քննարկում էր տեղի ունենալու տնօրենների հետ, երբ ժամը 10-ին անվստահության հարցն էր: 9:30 իրենք բարձրախոսներով հանրահավաք էին կառավարում: Սա ժողովրդավարությո՞ւն է, թե՞ ոչ: Նիստերի դահլիճի դուռը եղել է փակ ու գիտեք, որ անվստահություն հայտնելու ժամը կարգավորվում է օրենքով, այսինքն, եթե ժամը 10-ին ավագանու անդամները չկարողանային լինել դահլիճում, հիմա էլ ասելու էին՝ ժամը 10:20 է տեղի ունեցել, ապօրինի է: Դուռ փակելը ժողովրդավարությո՞ւն է: Քվեատուփ, քվեախցիկ, քվեաթերթիկ դրված չի եղել, աշխատակազմից որեւէ անդամ չի եղել՝ ապահովելու նիստի ընթացքը, բոլորը հանրահավաքի են եղել: Ներս են խուժել Ալավերդու համայնքապետը, «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ, շրջել են քվեատուփը քվեարկության ընթացքում, դուրս են թափել քվեաթերթիկները եւ տեղում անմիջապես քվեարկված 12 քվեաթերթիկ դարձել է անվավեր: Սա ժողովրդավարությո՞ւն է»:

Հարցին՝ իսկ ո՞րն է ժողովրդավարությունը՝ խլել ժողովրդի ձա՞յնը, դուք չեք ընտրվել, փաստացի ՔՊ-ն չի ընտրվել, գիտեք, որ այլ քաղաքական ուժ է ղեկավարում, դրա ժողովրդավարությունը ո՞րն է՝ գողանա՞լ ավագանու անդամների, համոզել, բերել ձեր շարքե՞ր, մեծ թվով ոստիկաննե՞ր տանել, դա՞ է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը, չի՞ հաշտվում ՔՊ-ն իր պարտության հետ՝ Արեն Մկրտչյանը պատասխանեց, որ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքով են առաջնորդվել. «ՔՊ-ն Ալավերդիում ընդդիմություն է եւ ընդդիմության գործունեության իմաստը իշխանության գալն է: Շատ նորմալ է, որ ընդդիմությունը փորձում է դառնալ իշխանություն՝ իրավական ճանապարհով: Ավագանու 5 անդամի ստորագրությամբ կարող է գումարվել նիստ՝ ցանկացած օրակարգով, 14 անդամի ստորագրությամբ գումարվել է նիստ»:

Արեն Մկրտչյանն ասաց, որ Ալավերդու համայնքապետը ներխուժել է խուլիգանական պահվածքով. «Ներխուժեցին, շուռ տվեցին քվեատուփը, անձնական վիրավորանքների տեղատարափ տեղաց, հնչեց դրան համարժեք պատասխան, բայց միեւնույն է, ես Ալավերդի համայնքի բնակիչներից առհասարակ կատարվածի համար ներողություն եմ խնդրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031