Ազգային ժողովի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ հանձնաժողովի նախկին նախագահ, թեկնածու Հայկուհի Հարությունյանի հայտարարությանը՝ 25 պատգամավորի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին։
«Դուք ասացիք, որ ՔՊ խմբակցության 71 պատգամավորներից մոտ 25-ի վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Դրանից կարճ ժամանակ հետո լրատվական կայքերից մեկն այսպիսի վերնագիր է դնում՝ 25 ՔՊ-ականի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ֆիքսել է․ ղեկավար Հարությունյանին կվերընտրե՞ն։ Եվ խեղճ պարոն Եղոյանի նկարն են դրել, մարդ կմտածի, թե ինքն է։
Մենք ԿԿՀ կայքից պարզեցինք, որ մեր 5 պատգամավորի վերաբերյալ է վարույթ հարուցվել։ Դուք ասել եք՝ մինչեւ 25, այնինչ՝ 5 է։ Պարզ հարց՝ դուք սխալ տեղեկատվություն եք տվել այս ամբիոնից, որի արդյունքում մեդիա կարծիք է ձեւավորվում, այդ թվում՝ այս ընտրության շուրջ։ Հիմա մենք ո՞նց ձեզ ընտրենք, եթե դուք այս պրիմիտիվ հարցի դեպքում 5-ը ներկայացրել եք 25։
Դուք եկել եք Ազգային ժողով, եւ ձեզ ընտրելու են պատգամավորները։ Դուք պատգամավորների վերաբերյալ վարույթի հարուցման մասով էականորեն սխալ տվյալ եք ներկայացնում։ Սա ուղղակի չորրորդական ինֆորմացիա չէ, սա ֆունդամենտալ ինֆորմացիա է, որը հետո դառնում է քաղաքական շահարկման առարկա։ Արձանագրենք, տիկին Հարությունյան, որ դուք սխալ թիվ եք ներկայացրել, եւ ԿԿՀ-ն 5 պատգամավորի վերաբերյալ է վարույթ հարուցել, որոնց մի մասը էլ պատգամավոր էլ չէ նույնիսկ մեր 71 հոգանոց խմբակցությունում»,- ասաց Կոնջորյանը։
Կարդացեք նաև
Հայկ Կոնջորյանը նաեւ հարցրեց․ «Ովքե՞ր են ԿԿՀ-ի կամ ձեր նկատմամբ փորձել ճնշում գործադրել, հրապարակային հնչեցրեք։ Երկրորդ, ճնշումների վերաբերյալ դուք արդյոք հաղորդում ներկայացրե՞լ եք իրավապահ մարմիններին։ Եթե չեք ներկայացրեք հաղորդում իրավապահ մարմիններին, ապա ինչո՞ւ չեք ներկայացրել»։
Հայկուհի Հարությունյանն ի պատասխան ասաց, որ ճնշման վերաբերյալ մեկ դեպք կներկայացնի։ «Այո, եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։ Ներողություն եմ խնդրում, բայց ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ, զանգ է եղել Ազգային անվտանգության ծառայությունից, որ այն թեկնածուի մասով, որի թեկնածությունն ԱԺ-ում պիտի քննարկվեր, բայց արժանացել էր բացասական եզրակացության։ Դա ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պետք է ապահովվեր։ Ես անմիջապես հենց այդ պահին զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշտել՝ զանգի մասին կառավարությունում ինչ-որ մեկը տեղյակ է, թե՞ ոչ։ Եվ պիտի շնորհակալություն հայտնեմ, որ արձագանքն անմիջապես եղել է։ Հաջորդ օրը պարոն Աղաջանյանը (նկատի ունի վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին), այցելեց հանձնաժողով, ես անձամբ բոլորի ներկայությամբ պարոն Աղաջանյանին դեպքը ներկայացրել եմ։ Պարոն Աղաջանյանն ասաց՝ դա մեր ու մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անհանդուրժելի են։ Դա որպես այդպիսին այլեւս որպես վարքագիծ չի դրսեւորվել։ Եթե նման վարքագիծը դրսեւորվեր, ես ինքս նման հանձնառությունը չէի շարունակի»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ