Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության կողմից եղել է զանգ, կոպիտ ասած՝ համագործակցության առաջարկ է եղել, որը մերժվել է». Հայկուհի Հարությունյանը՝ ճնշումների մասին

Դեկտեմբեր 06,2023 15:49

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ կներկայացնե՞ք, ինչպե՞ս է եղել, որ դուք միջազգային կազմակերպությանն ասել եք՝ կոնկրետ ծրագրի հետ չեք աշխատի, եթե իրենք շարունակեն համագործակցել հայաստանյան մի փորձագետի հետ:

Հիշեցնեք, որ ԱԺ նիստում այդ մասին հարց էին ուղղել ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարությունյանը պատասխանեց. «Նման տեսակի աշխատանք է իրականացվում կառավարության հետ փոխադարձ համաձայնությամբ: Եվ նման հարցադրումները ԱԺ այս հարթակից ընդունելի չեն, որովհետեւ այդ տեսակի կազմակերպությունների հետ պետությունն ունի հատուկ համագործակցության շրջանակ: Դա գործադիր մարմնի, ՀՀ կառավարության հարաբերություններն են: Երբ դա մատնանշում են ԱԺ ամբիոնից, այն էլ կոնկրետ դեպքով դրանից 2 տարի անց, ես ուղղակի չեմ ուզում հակադրեմ ու դա ավելի սրեմ: Բայց այդ տեղեկատվության հասանելիության, դրա օգտագործման, նման ձեւակերպման նաեւ բարեվարքության հարց կա»:

Ճշտեցին՝ ընդունելի՞ է այդ մոտեցումը՝ ասել՝ այս մարդու հետ եթե աշխատում եք, մենք ձեզ հետ չենք համագործակցի՝ Հայկուհի Հարությունյանն ի պատասխան հերքեց՝ ասելով, որ այդպես չի եղել. «Համագործակցության համար ընտրված շրջանակի շրջանակներում ներկայացվել են մտահոգություններ՝ կոնկրետ վարքագծի դրսեւորմամբ: Ես ինձ երբեւէ թույլ չէի տա պետության հեղինակությունը այդչափ եւ այդ տեսակի հարաբերությունների մեջ արատավորել»:

Հարցին՝ ձեր վրա ճնշումներ եղե՞լ են իշխանությունների կողմից՝ Հայկուհի Հարությունյանը պատասխանեց. «Գործունեության սկզբում նախկին գոյություն ունեցող մշակույթի փորձով որոշակի վարքագիծ դրսեւորվել է, բայց դա անմիջապես կանխվել է, եւ ես շնորհակալ եմ եւ իմ շնորհակալությունը նաեւ գործադիրի հետ ունեցած վերջին հանդիպմանն եմ հայտնել, որ նման վարքագիծը չի կրկնվելու»: Երբ ճշտեցին՝ ի՞նչ վարքագիծ է եղել՝ նա պատասխանեց. «Դա Սովետական միության տարածված զանգի ձեւն էր: Ես կարծում եմ, հենց դրա պատճառով էր նաեւ, որ հենց զանգի տեսքով հարցը որպես միջազգային կազմակերպության վերաբերյալ իմ գործունեության բնութագրում դրսեւորվեց»:

Թե ում կողմից էր եղել՝ փակագծերը չբացեց. «Մեկ դեպք է եղել, որից անմիջապես հետո ես տեղեկացրել եմ: Գործադիր մարմնին տեղեկացնելուց հետո դա բացարձակապես կրկնություն չի ունեցել: Ես ահազանգել եմ եւ չի կրկնվել, այսինքն, կոռուպցիան արմատախիլ անելու այդ քաղաքական կամքը եղել է»:

Լրագրողները փորձեցին հստակեցնել՝ զանգել, ի՞նչ են ասել, ասել են՝ «չբզբզա՞ք»՝ նա պատասխանեց. «Չէ, բացարձակ: Կոպիտ ասած համագործակցության առաջարկ էր, որը մերժվել է: Կոնկրետ կայացվող որոշման շրջանակներում էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031