Ազգային ժողովի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Եղոյանը դիմեց հանձնաժողովի նախկին նախագահ, թեկնածու Հայկուհի Հարությունյանին․ «Վերջին օրերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չի ցանկանում ձեզ ընտրել իբր այն պատճառով, որ դուք կարգապահական կամ վարչական վարույթներ եք հարուցել ՔՊ խմբակցության որոշ պատգամավորների դեմ։ Ես առաջարկում եմ ասել, թե ՔՊ 70 պատգամավորից քանի՞ անձի նկատմամբ է ձեր պաշտոնավարման ընթացքում հարուցվել կարգապահական կամ վարչական վարույթ եւ ո՞րն է եղել այդ վարույթներից ամենաէական խախտումը եւ ամենազգալի տույժը»։
Հայկուհի Հարությունյանն ասաց, որ հանձնաժողովը պատգամավորների նկատմամբ կարգապահական վարույթն հարուցելու լիազորություն չունի, խոսքը վերաբերում է վարչական վարույթներին՝ շահերի բախման կամ անհամատեղելիության վարույթներին։ «Այո, նման տեսակի վարույթներ հանձնաժողովը հարուցել է։ Պատգամավորի նկատմամբ հարուցվել է շահերի բախման վարույթ, հարուցվել են ավելի քան 5 վարույթներ անհամատեղելիության հիմքով՝ բիզնես գործունեության հետ կապված։ Եթե չեմ սխալվում մինչեւ 25 պատգամավորի նկատմամբ վարույթներ են հարուցվել՝ տարբեր հիմքերով։ Կարծում եմ՝ նույն չափով կամ ավելին եղել են նաեւ հայտարարագրման ենթակա տվյալների սխալների մասով։ ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների անհամատեղելիության հարցը մանրամասն ուսումնասիրվել է, եւ գործունեության պարբերական վերահսկումը դարձել է հանձնաժողովի գործունեության անմիջական առարկա»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։
Արման Եղոյանը հարցրեց․ «Կարո՞ղ են արդյոք ձեր հարուցած այդ վարույթներն ազդեցություն ունենալ այսօրվա մեր քվեարկության վրա»։ Հայկուհի Հարությունյանը հարցրեց․ «Կարծում եմ՝ քվեարկության արդյունքներն արդեն ուղիղ հարցի պատասխանը կտրամադրեն»։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հարցրեց․ «Տիկին Հարությունյան, այսինքն՝ դուք այս պահին ԱԺ ամբիոնից հարցականի տա՞կ եք դնում ԱԺ պատգամավորների քվեարկության բարեխղճությունը եւ դա կապում եք ԱԺ պատգամավորի՝ իր նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս կամ այն վարույթի հե՞տ»։ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ իր պատասխանը կարող է ձեւակերպել քվեարկության արդյունքների հիման վրա։
Կարդացեք նաև
Հակոբ Արշակյանը շարունակեց․ «Ես ուզում եմ, որ դուք ուղիղ պատասխանեք՝ արդյոք դուք կարծում եք, որ պատգամավորներն առաջնորդվելու են ոչ թե իրենց տրված ժողովրդական մանդատով, արդարամտությամբ, իրենց երդմանը համապատասխան, այլ անձնական սիմպատիաներով կամ անտիպատիաներո՞վ»։ Հայկուհի Հարությունյանը պատասխանեց․ «Ես լիահույս եմ, որ քվեարկության արդյունքներն այդպիսի դրսեւորումներ չեն ունենա»։
«Տարակուսում եմ ձեր տված պատասխանից»,- արձագանքեց Հակոբ Արշակյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ