Ազգային ժողովի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը դիմեց հանձնաժողովի անդամի թեկնածու, նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին․ «Արդյոք դուք երբեւէ միջազգային որեւէ կազմակերպությանն ասե՞լ եք, որ այդ կազմակերպության կամ նրա առանձին ծրագրի հետ չեք համագործակցի, եթե այդ կազմակերպությունը շարունակի աշխատել հայաստանյան փորձագետի հետ։ Եթե այս հարցի պատասխանը «այո» է, արդյոք սա տեղի է ունեցել միայն մեկ փորձագետի առնչությամբ, թե՞ մեկից ավելի դեպքերում։ Որքանով ես տեղյակ եմ, USAID կազմակերպության հիմնական կազմակերպությունից ճյուղավորվող մեկ այլ կազմակերպության ֆինանսավորման մասին է խոսքը։ Այսինքն՝ ՀՀ պաշտոնյան շփվել է օտարերկրացիների հետ եւ նրանց ասե՞լ է՝ հայաստանյան այս փորձագետը եթե շարունակի ձեզ մոտ աշխատել, Կոռուպցիային կանխարգելման հանձնաժողովը կդադարեցնի համագործակցությունը կամ այդ կազմակերպության հետ, կամ դրա առանձին ծրագրի հետ»։
Հայկուհի Հարությունյանն ի պատասխան ասաց․ «Դրսեւորված վարքագիծը միայն կոնկրետ ԱՄՆ զարգացման ծրագրի միայն այդ փորձագետի մասով չէ, Եվրոպայի խորհրդի հետ էլ ենք խնդիրներ ունեցել»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ուզում է ավելի ժողովրդական ու պարզ լեզվով կրկնել հարցը․ «Եղե՞լ է դեպք, որ դուք զանգահարել եք կամ ինչ-որ ձեւով խոսել եք, ասել եք՝ եթե այս մարդն այստեղ աշխատի, մենք ձեզ հետ չենք աշխատի»։
«Ես խմբակցության հետ հանդիպման ժամանակ էլ եմ ասել՝ ոչ, զանգ եւ նման ձեւակերպում իմ կողմից չի եղել։ Կառավարությանը եւ կոնկրետ կազմակերպությանը ներկայացվել են խնդիրները» ,- ասաց Հայկուհի Հարությունյանը։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը շարունակեց․ «Հետագայում այդ մարդը տեղափոխվել է մեկ այլ բաժին, դրանից հետո դուք նորից կապնվել եք ու ասել եք՝ նույնիսկ այդ բաժնում այդ մարդը պետք է չաշխատի։ Եվ եթե աշխատի, մենք չենք համագործակցի։ Ընդհանուր նման երեւույթ տեղի ունեցել է, թե՞ ոչ»։
«Նման ձեւակերպումով՝ ոչ։ Կրկնում եմ՝ դա չի եղել միայն մեկ դեպք։ Ֆինանսավորող կազմակերպության եւ ՀՀ կառավարության համագործակցության հարցը կոնկրետ նամակով կոնկրետ ձեւակերպումներով ներկայացվել է։ Այդ կազմակերպության գործունեությանն այդ չափ իմ միջամտությունը վերագրելը եւս խնդիր է, խնդրում եմ կազմակերպել հանդիպում, որտեղ նաեւ կազմակերպությունը հասցեատեր կլինի նման հարցադրմանը պատասխան տալու համար»,- արձագանքեց Հայկուհի Հարությունյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
հենց մենակ այս կորդինացված հարձակումը ՔՊ-ի կողմից Հայկուհու դեմ միանշանակ փաստում է, որ նա շատ ճիշտ է աշխատել։