Այսօրվանից մսամթերքի իրացման շուկայում ուժի մեջ մտած նոր կարգավորումը, համաձայն որի՝ եթե շուկայում հայտնաբերվի ոչ սպանդանոցային մորթի միս, ապա կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու եւ ոչնչացվելու է, ոտքի է հանել Շիրակի մարզի մսագործներին ու մսավաճառներին։
Նրանք բողոքի ցույց անցկացրեցին Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց, ներս մտան՝ փորձելով հանդիպել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, սակայն մարզպետը, ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ, նրանց չընդունեց։
«Մենք էս երկրում մենակ տուգանքի ապրա՞նք ենք, ո՞ւր են սպանդանոցները Շիրակի մարզի, որ ստիպում եք սպանդանոցային մորթ անել։ Հլը վերցրեք հեռախոսը, զանգեք սպանդանոց, տեսե՞ք պատասխանող կա՞։ Կովս դաշտում տրաքել է, զանգում եմ սպանդանոց, չեն պատասխանում»,- բողոքեց մսագործներից մեկը։ Մեկ ուրիշն էլ հավելեց․ «Նիկոլին պտի զանգես, որ Նիկոլն ապահովի»։
Բողոքավորները նշում էին, որ Շիրակի մարզում գործող երկու սպանդանոցները իրենց գյուղերից մեծ հեռավորության վրա են, նորմալ չեն գործում․ պայմաններ չկան, և միսը սպանդանոց տանելու դեպքում՝ իրենք տուժում են․ կենդանուն վերցրած՝ շուրջերկրյա ճանապարհորդություն են անելու։
«Եկեք գյուղերը, լացդ կգա, շուտով կդատարկվի Շիրակի մարզը, ի՞նչ են ուզում գյուղացիներից, անապատում ենք ապրում, անասուն ենք պահում, չենք կարողանում իրացնել։ Թող տանեն, մորթեն, բերեն, մեր ուզած տեղը իջեցնեն, ոչ թե 40 կիլոմետր կտրենք, գնանք, չգիտես էլ՝ մորթիդ հերթը երբ է հասնում։
Կարդացեք նաև
Թող սպանդանոցը վերացնեն կամ վերահսկեն, ինչպես որ մեր հետևից են ընկել, նույն ձևի թող նրանց հետևից ընկնեն։ Մինչև ժամը 13․00-ը որ ղասաբն էդ մի անասունը մորթի, բերի, էլ ես ե՞րբ վաճառեմ, ժամը 16․00-ից Գյումրիում մարդ չկա, դռները փակում են մարդիկ։ Սրանք գիտեն՝ սա Երևան է, Հայաստան ասելով՝ միայն Երևանն են պատկերացնում։ Սպանդանոցը մի մեքենա ունի, տաս հատ զանգ է եկել իրենց, էդ տարբեր տեղերից որ անասունները հավաքեն, բերեն, քանի՞ օր կանցնի։
Եկեք գնանք սպանդանոց, թող մեզ միս տա, չկա միս, մեզ խաբում են», -դժգոհում էին մսագործները։
Նրանից մեկն էլ պատմեց, որ զանգահարել է սպանդանոց՝ մորթի համար, ասել են 20 հազար դրամ փող պիտի տաս։
«100 կիլոգրամանոց կենդանուն մորթելու համար 20 հազար դրամ որ քեզի տամ, 10 հազար դրամ ավտոյին տամ, տակն ի՞նչ կմնա։ Էս օրենքը հանել են՝ առանց մեր հետ քննարկելու, խելքերը չի հասնում, գային մի հատ գյուղացիների կարծիքը իմանային, գային շուկայի վաճառողների կարծիքը իմանային, ոչ մեկի կարծիքը չիմացան, նստան ու օրենք ընդունեցին»,-դժգոհում էին մսագործները։
Նրանցից մեկը նշեց, որ իրեն 7 անգամ արդեն գաղտնի տուգանել են։
«Խաբում, ասում էին՝ ակտ չէ, տուգանք չէ, բայց փոստով ստացել եմ, որ ամեն անգամ 25 հազար դրամ տուգանվել եմ»,-ասաց մսավաճառներից մեկը։
Շիրակի մարզում երկու սպանդանոցներ կան՝Հայկաձորում և Մարալիկում, որոնք, մսագործների պնդմամբ՝ ստանդարտներին չեն համապատասխանում։
Մսագործներին ընդունեց Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանը՝ նշելով, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը խոսել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի հետ, դեռևս հստակ պատասխան չկա, և որ մարզպետը նրանց կարող է ընդունել երկուշաբթի օրը։
Այս պատասխանը բորբոքեց ցուցարարների կրքերը։ Նրանք սկսեցին քննադատել Շիրակի մարզպետին, որ ժամանակ չի տրամադրում իրենց լսելու։
«Մենք թատրոնի աշխատող չենք, որ հասել ենք էստեղ, դուք էլ չենք ընդունում։ Սրանից կարևոր թեմա կա՞ Շիրակի մարզում, որ մարզպետը զբաղված է։ Թողնենք մինչև երկուշաբթի աշխատենք՝ մինչև որ լուծվի հարցը։ Ամենքս 10 հոգի մարդ ենք պահում, վարկեր տակ ենք, ի՞նչ է ուզածներդ»։
Բողոքավորները քննարկում էին ճանապարհ փակելու հարցը։ Նրանցից մի քանիսն էլ կոչ էին անում՝ բացարձակ չվախենալ ու շարունակել աշխատանքը։
«Ո՞ւր է Ախուրյանում սպանդանոց, որ ինձ սպանդանոց եք առաջարկում, քանի՞ գյուղ ունի Ախուրյանը։ Ամոթ չէ՞, չեք թողնում ժողովուրդն ապրի, մեղք ենք էլի, էլ թալանվելու տեղ չունենք, ընկել եք ժողովրդի ջանը»,- բացականչում էր մսագործներից մեկը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ