Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՄՊԿ պահնորդի սպանության համար ադրբեջանցի զինծառայողի պատիժը խստացվեց․ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 06,2023 13:20

ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած և ԶՄՊԿ պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի պատիժը խստացվեց։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանցի երկու զինծառայող՝ Ագշին Բաբիրովը և Հուսեյին Ախունդովը։ Քաղաքացիների կողմից նախ հայտնաբերվել եւ իրավապահներին էր ներկայացվել Ագշին Բաբիրովը, որը հայտնել էր, որ ՀՀ միայնակ չէր ներխուժել։ Օրեր շարունակ Հայաստանի իրավապահները, ԱԱԾ-ն չէին կարողանում հայտնաբերել դիվերսանտին, որը այդ ընթացքում հասցրեց սպանություն իրականացնել։ Ապրիլի 12-ին սպանվեց ԶՄՊԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մեր երկրի տարածքում սպանություն իրականացրած ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են բնակիչներն ու ներկայացրել իրավապահներին։

Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով, իսկ Հուսեյին Ախունդովը մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու և ԶՄՊԿ պահնորդին սպանելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։

Տուժող կողմը համաձայն չէր առաջին ատյանի դատարանի վճռի հետ և բողոք է ներկայացրել՝ պահանջելով ցմահ ազատազրկման դատապարտել Ախունդովին, որը բավարարվեց։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031