«Ես առաջարկել եմ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ապահովել բնակարանի հարցը եւ ֆունդամենտալ լուծել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա ներկայացրեց, թե կոնկրետ ինչ է առաջարկել ու ինչ պատասխան ստացել. «Քանի որ 2020-ի պատերազմից հետո մենք ունեցել ենք 20 հազար արցախահայեր, ովքեր եկել են այստեղ եւ չեն կարողացել իրենց բնակությունը հաստատել՝ չունենալով բնակարաններ, ես, այդ օրինակն ունենալով, առաջարկեցի, որ եթե մենք ամեն տարի ուղարկել ենք Արցախին կոնկրետ դրամական միջոցներ, պիտի համարենք, որ մենք շարունակում ենք արցախահայերին օգնել: Քանի որ Արցախի կառավարությունը, ցավոք, լուծարված է, այդ միջոցները պիտի տրամադրվեն՝ արցախահայերի բնակարանային հարցերը լուծելու համար: Օրինակ, 2022-ին 144 մլրդ դրամ է հատկացվել, 2023-ին՝ 136 մլրդ դրամ: Բնակարան ձեռք բերելու համար ես առաջարկում էի ամեն ընտանիքի տալ 20 մլն դրամ, այսինքն՝ մոտ 50 հազար դոլար, բայց պայմանով, որ դրանք պիտի գնվեն կամ կառուցվեն մարզերում՝ Երեւանից դուրս, եթե մենք ուզում ենք, որ մարզերն էլ համաչափ զարգանան»:
Նա նշեց, որ 2020-ի պատերազմից հետո հավաստագիր է ստացել 3763 արցախցի, բայց բնակարան է ձեռք բերել 1735-ը, այսինքն, դա արդյունավետ լուծում չէ. «Սա ողբերգական թիվ է: Եթե արտագաղթել են, սա ողբերգություն է, այսինքն, Հայաստանը չի կարողանում ապահովել, որ մեր քույրերն ու եղբայրները մնան, իսկ միայն այս տարվա սեպտեմբերի 19-ից հետո մոտ 3000 հոգի արդեն արտագաղթել են, դա պաշտոնական թիվն է: Ես տեսնում եմ, որ պետական հստակ քաղաքականություն կա, որ արցախցիները չմնան Հայաստանում, որովհետեւ եթե դու ուզում ես մնան, երկու հարց պետք է լուծես՝ բնակարան եւ աշխատանք, ուրիշ բան պետք չէ: Բայց այս երկու հարցերում էլ ունենք խնդիրներ»:
Թագուհի Թովմասյանին արցախցիները պատմել են, թե ինչ դժվարություն են ունենում՝ աշխատանքի տեղավորվելիս. «Ասում են՝ մեզ պարտադրում են, ասում են՝ ՀՀ քաղաքացի դարձեք, որ ձեզ աշխատանք տանք: Այն փոքրիկ հիշողությունը, որ մնացել է, Արցախի անձնագիրն է, որտեղ գրված է Արցախում իրենց բնակության մասին, այդ անձնագրերից փափուկ ուժի կիրառմամբ իշխանությունները ստիպում են, որ հրաժարվեն, որպեսզի ունենան աշխատանք: Սա նշանակում է, որ այն բոլոր լոզունգները, խոսույթները, որ տարածվում են, թե ամեն ինչ անում են արցախահայերի համար՝ չկա այդպիսի բան: Կոնկրետ իմ առաջարկը մերժում են: Դա նշանակում է, որ մենք չենք լուծելու այդ հարցը: Հիմնավորման մեջ ասում են՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետական աջակցության մի շարք ծրագրեր քննարկում են կառավարությունում: Դրանք առավել արդյունավետ եւ նպատակային կիրառելու համար, կարծում ենք, նախեւառաջ անհրաժեշտ է կատարել կարիքների գնահատում: Այսինքն, մինչեւ հիմա դեռ կարիքների գնահատում տեղի չի ունեցել»:
Կարդացեք նաև
«Civic.am»-ի լրագրողն ասաց, որ Գյումրիում էլ անօթեւաններ կան, 30 տարի չի լուծվել այդ հարցը՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Դուք ներկայացնում եք ՔՊ-ի կայքը, լուծե՛ք այդ հարցը: Կառավարության բոլոր պրոբլեմները մե՞նք պիտի լուծենք: Այսինքն` արցախահայերին, որ իրենց բնակարաններից միայն բերել են բանալիները, ասենք՝ դուք մնացեք, սպասեք հերթի մեջ, որովհետեւ մենք 30 տարվա գյումրեցիների հա՞րց ունենք: Բա ինչի՞ ենք աշխարհի առաջ գոռում, թե մենք արցախցիների համար լավագույն պայմանները ապահովել ենք: Չհաշված, որ այդքան ահռելի գումարներ են մտնում Հայաստան՝ արցախցիների հումանիտար օգնության եւ չկա որեւէ վերահսկողություն, թե այդ գումարներն ինչպես են ծախսվում: Իմ առաջարկի մերժումը ես գնահատում եմ հստակ քաղաքական վերաբերմունք, այն է՝ արցախահայերին չեն ուզում ապահովեն բնակարաններով, որպեսզի արցախահայերը հիմնական բնակություն չհաստատեն Հայաստանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կան “գյուղացի” և “գեղցի” հասկացությունները։ Հիմա դիմում եմ երկրորդ կատեգորիայի ներկայացուցիչներին. ով՞ էք դուք, որպեսզի պայմաններ դնեք ձեր գեղցի քաղաքականությունից տուժած ստեփանակերտցու առաջ, որ նա կամ անծանոթ ու խուլ մի գյուղում է բնակվում և այնտեղ տուն գնելու իրավունք ստանում (!), կամ՝ մնում անտուն։
Մենք ունենք մեր տները Ղարաբաղում, դրանք մերն են եղել ու մնալու են, որովհետև հողն է մերը։ Մենք հետ ենք գնալու՝ Աստված այդ հողը մեզ է տվել։