Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանը։ Նշենք, որ Հայկուհի Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն էր նախորդ 4 տարիներին, նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է։
Հայկուհի Հարությունյանն իր ելույթում ասաց, որ ուզում է ներկայացնել 4 հաջողության պատմություն։ «Հաջողության պատմություն առաջին՝ ներդրված եւ արդյունավետ կիրառված բարեվարքության ստուգման համակարգը, որը դատավորին, դատախազին, հակակոռուպցիոն քննիչներին պաշտոնի նշանակելուց առաջ ապահովում է աշխատանքային գործունեության, նախկին, ներկա հարստության եւ կապերի ուսումնասիրությունը, համոզում է, որ նրանք չեն օգտագործել իրենց անձնական կապերն իրեն օգտին կամ իրենց օգտին որոշումների կայացման ու հարստացման համար։ Այս տարիների ընթացքում հանձնաժողովի կողմից տրված մոտ 1000 եւ ավելի եզրակացությունները որոշումների կայացման այնպիսի սխեմա ու ազդեցություն են ապահովել, որ նույնիսկ հանրապետության նախագահի առարկությունների հիման վրա դատավորների թեկնածուները հանվել են նշանակման ենթակա ցուցակներից»,- ասաց նա։
Երկրորդ հաջողության պատմությունը, Հայկուհի Հարությունյանի խոսքով, հայտարարագրման էլեկտրոնային նոր հարթակն է։
«Հաջողության պատմություն երրորդ՝ 2022 թվականին առաջին անգամ Հայաստանում ընդունվել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնագիրքը։
Կարդացեք նաև
Հաջողության պատմություն չորրորդ՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաց կառավարման գործընկերության գլոբալ գագաթաժողովի ընթացքում հանձնաժողովի գործունեությունն ու ջանքերն արժանացել են շնորհակալության։
Իսկ ի՞նչ է տեսել ՀՀ քաղաքացին կամ ի՞նչ է փոխվել նրա կյանքում։ Փաստեր, որոնք ուղղակի ազդեցություն են ունեցել ՀՀ քաղաքացու կյանքի որակի փոփոխության վրա։ Քաղաքացին տեսել է, որ ՀՀ-ում պետական պաշտոնի եւ բիզնես գործունեության համատեղումն անթույլատրելի է։ Առաջին անգամ ՀՀ-ում հանձնաժողովն իրավական գնահատական է տվել այս երեւույթին, որը նաեւ իրավական հետեւանք է առաջացրել պաշտոն զբաղեցնող սուբյեկտների համար։
ԱԺ նախկին պատգամավորներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ կայացված եզրակացության մեջ հանձնաժողովը առաջին անգամ արձանագրել է, որ պետական պաշտոնի եւ բիզնես գործունեության համատեղելիության հետեւանքով աստիճանաբար զարգանում է այն միտումը, որ ձեւավորվում են ֆինանսական մեծ կարողություններ ունեցող անձնական ու կորպորատիվ շահեր սպասարկող գործարարական խմբեր եւ հովանավորչական ցանցեր, որոնց գործունեությունը դուրս է գալիս գործարարության սահմաններից եւ սերտաճում է քաղաքական գործունեության հետ։ Նման վարքագիծը հանձնաժողովն անթույլատրելի է համարել՝ գտնելով, որ այս սխեմայի միջոցով միաժամանակ հնարավոր է դառնում ազդեցություն ունենալ եւ հեշտությամբ վերահսկել քաղաքական գործընթացները»,- ասաց նա։
Ըստ Հայկուհի Հարությունյանի՝ բիզնեսի եւ պետական պաշտոնի համատեղելիության վերաբերյալ հանձնաժողովը նման 5 այլ վարույթներ էլ է նախաձեռնել։ Դրանց արդյունքներից մեկը հանգեցրել է դատավորի պաշտոնեական լիազորությունների դադարեցմանը։
Նա հավելեց՝ կոռուպցիայի կանխարգելման օրակարգը մտել է նաեւ հանրակրթական հաստատություններ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ