Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ, որ մարդիկ մարդ մնան ու սիրով մնան». Գոհար Պետրոսյան

Դեկտեմբեր 06,2023 15:00

Մեր այցելության օրը Գոհար Պետրոսյանի արվեստանոց, որը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Հացիկ գյուղում, Գոհարը գեղանկարչության դաս էր անցկացնում 11-ամյա Գայանեի հետ։

Գոհարն ունի խոսքի և լսողության խնդիրներ, բայց իր դրական էներգիայի և արվեստի միջոցով կարողանում է հեշտությամբ շփվել իր արվեստանոցի այցելուների և սաների հետ։

Գոհար Պետրոսյանի «Աշխարհի ստեղծում» գործը

Կավը կավին էր կպել, ձայն էր եկել, և Գոհարը որոշել էր, որ իր պատրաստած հրեշտակները պետք է զանգ լինեն։ Շիրակի մարզի Հացիկ գյուղում բնակվող 38-ամյա նկարչուհի-կերամիստ Գոհար Պետրոսյանի պատրաստած զանգ-հրեշտակները սիրված են մարդկանց կողմից։ Գոհարն ասում է․ «Իմ հրեշտակները դեմք պիտի ունենան»։ Դրանով նաև նրա հրեշտակները տարբերվում են մյուսներից։

Գոհարն ինքն էլ է տարբերվում իր հանգստությամբ, բարությամբ, ընկերասիրությամբ, աշխատասիրությամբ և, ամենակարևորը, կամքի ուժով։

Նկարիչ-կերամիստուհի Գոհար Պետրոսյանին ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ-ից դուրս։ Մեր այցի պահին արվեստանոցի սեղանին խնամքով կողք կողքի շարժված էին կավից հրեշտակներ, եղևնիներ։ Գոհարն ասաց, որ ուղարկելու են Ֆրանսիա՝ Ստրասբուրգ, որ իր գործերը ներկայացվեն ամանորյա տոնավաճառում։

Գոհարն իր սաների՝ Աշոտի, Բելլայի և Լուիզայի հետ նոր արվեստանոցի մուտքի մոտ

Հարյուրավոր ցուցահանդես-վաճառքներ, փառատոններ, մրցույթներ․ Գոհար Պետրոսյանն իր արձանիկներով արդեն հասցրել է սիրվել ու վարակիչ օրինակ դառնալ շատ երիտասարդների համար։ Ամեն տարի Ուկրաինայից, Վրաստանից, եվրոպական երկրներից հազարավոր այցելուներ գալիս են նրա արվեստանոց, շփվում Գոհարի հետ, ծանոթանում նրա աշխատանքներին։

Welcome to Gohar’s art studio_AM from EU NEIGHBOURS east on Vimeo.

Գոհարը ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի ակտիվ մասնակից է և «Կենտրոնական Շիրակ» ՏԱԽ-ի (տեղական ակտիվ խմբի) անդամ։ Նա մեզ ասաց՝ «Կենտրոնական Շիրակ» Տեղական ակտիվ խմբի անդամ լինելն իրեն հնարավորություն է տվել շփվել մարզի այլ դերակատարների հետ և ստանալ աջակցություն, որպեսզի հիմնի իր նոր արվեստանոցը։

Թութակը Գոհարին «պուպուշ է» ասում:

ԵՄ ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը, անհավասարությունն ու խոցելիությունը գյուղական համայնքների ներառված, կայուն և մասնակցային զարգացմամբ։ Այն խթանում է զբաղվածությունը, գյուղական տնտեսության զարգացումը, համայնքների հզորացումը, բնակչության կենսապայմանների բարելավումն ու ճկունությանը՝ միաժամանակ պաշտպանելով շրջակա միջավայրը, ապահովելով գենդերային հավասարությունն ու նպաստելով կանանց հզորացմանը։

Գոհարը որոշել է հայկական տարազը ներկայացնել աշխարհին

Եվրամիության աջակցությամբ Գոհարը Հացիկ գյուղի իրենց տանը կից նոր խեցեգործական արվեստանոց է հիմնել։ 2006-ից Գոհարենց ընտանիքը Գյումրուց տեղափոխվեց Հացիկ գյուղ։ Գյումրիի 3 սենյականոց բնակարանը նրան հարմար չէր, քանի որ նա միշտ ձգտել է դեպի բնություն, դեպը հողը։ Այդ ժամանակ չէին էլ կարող մտածել, որ տարիներ անց Գոհարն այս գյուղի հիմնական գրավչությունն է դառնալու, նոր ու ավելի մեծ արվեստանոց հիմնելու։

Ահա այսպես են պատրաստվում Գոհարի կավե արձանիկները։

Տարիների ընթացքում՝ արվեստանոցի այցելուների, Գոհարի վարպետության դասերի մասնակից երեխաների թվի աճին զուգընթաց՝ արվեստանոցի տարածքը սկսեց չբավականացնել։ Եվրամիության աջակցությամբ՝ Գոհարի հիմնած նոր արվեստանոցում նա մի սենյակում կարող է կավով իր աշխատանքները պատրաստել, տեղադրված են նաև սարքավորումները, մյուս սրահում կարող է անցկացնել վարպետության դասեր։ Աշխատանքները եզրափակիչ փուլում են։ Արդեն գարնանը կարող է լիովին տեղափոխվել այնտեղ։

Գոհար Պետրոսյանի արվեստանոց երեխաները գալիս են վարպետության դասերի՝ նկարչության և կավագործության, այցելուներն էլ կարող են նկարազարդել կավե հրեշտակներն ու նռները։

Գոհարենց ընտանիքը 2006-ին Գյումրիից տեղափոխվել է Հացիկ գյուղ:

Գոհարը դեռ մանկապարտեզից շատ էր սիրում աշխատել ծեփամածիկով։ Երբ 4-րդ կուրսի ուսանող էր, քանդակագործ Զավեն Կոշտոյանին խնդրել էր, որ իրեն քանդակել սովորեցնի։ Կավի հետ աշխատանքով Գոհարը սկսեց հետաքրքրվել 2013-ին, երբ Իտալիայի հյուպատոսարանին կից խեցեգործության արվեստանոցում նկարազարդող էր։ Այդ ժամանակ էլ հայրիկի հետ որոշել է, որ պետք է իր բրենդը հիմնի։

Գոհարը սիրում է դիմանկարներ․ նրա բրենդի պատկերն իր դիմանկարն է:

2015-ից Գոհարն ունի իր բրենդը՝ «Գոհար», իսկ բրենդի պատկերը՝ իր դիմանկարն է։ Գոհարը սովորել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում, միշտ սիրել է շփվել հայտնի արվեստագետների հետ, հայրը նրանք տարել է անվանի արվեստագետների մոտ վարպետության դասերի։ Այժմ արդեն Գոհարն ինքն է անվանի․ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից ստացել է ժողովրդական վարպետի վկայական՝ խեցեգործության ոլորտում։

Գոհարի քույրը՝ Հասմիկ Պետրոսյանն ասում է՝ տարիներ առաջ չէին պատկերացնի, որ Գոհարն իր բիզնեսը կունենա։

Իր արվեստանոցի սեղանի գիրքն է ականավոր հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի ժողովածուն։ Իսկ աշխատելիս Գոհարը սովորաբար Կոմիտաս է լսում։ Նա ամեն մեկին թույլ չի տալիս, որ իր աշխատանքներին մոտենա։ Մեզ թույլ տվեց։ Հարցրի՝ Գոհար, որո՞նք են քո սիրելի աշխատանքները։ Քույրիկի օգնությամբ, կեսն էլ թղթի վրա գրելով՝ Գոհարը պատասխանեց․ «Հացիկի տեսարաններով սալիկների վրա նկարազարդված էտյուդները, հրեշտակները»։

Գոհարն՝ իր նոր խեցեգործական արվեստանոցում

Գոհարը նաև որոշել է հայկական տարազը ներկայացնել աշխարհին։ Երկար ուսումնասիրել է հայկական տարբեր բնակավայրերի տարազները, որպեսզի դրանք ճշգրիտ ներկայացնի, ազգագրագետ ընկերների հետ է խորհրդակցում։ Ներկայացնում է Գյումրու, Երևանի, Արցախի, Սյունիքի և այլ բնակավայրերի տարազները։

Գոհարի սաները մշտապես շրջապատում են նրան:

Գոհարն ուսանող ժամանակ ծաղրածուներ շատ էր սիրում ու շատ նկարներ, խամաճիկներ ունի։ Իր սիրած ծաղրածու-խամաճիկն իր արվեստանոցում էր։ Նա միշտ տխուր ծաղրածուներ է պատկերել, մի առիթով ասել է՝ երևի թե ինքս ինձ եմ նմանեցնում։ Նրա սիրելի զբաղմունքներից է նաև հին պահարանների նկարազարդումը։ Ուսանող ժամանակ իրենց տան հին պահարանը որոշել էր նկարազարդել հայկական ժայռապատկերներով։ Երբ վերջերս Գենտի համալսարանի դասախոսներից մեկն այցելել էր Գոհարի արվեստանոց, խնդրել պահարանը վաճառել իրեն, Գոհարը չէր համաձայնել։

Գոհար Պետրոսյանը՝ Հացիկ գյուղում իրենց տան բակում

Գոհարի քույրը՝ Հասմիկ Պետրոսյանը, որ մասնագիտությամբ վերականգնող բժիշկ է, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ընտանիքի համար սա վերականգնման գործընթաց է, որը դեռ ընթացի մեջ է։ Նա ասաց՝ Գոհարը երկու տարեկանից սկսել է նկարել։ Հասմիկն ասաց, երբ նայում է երեխայի զարգացումը՝ իր բոլոր ոլորտներում, երբ երեխային ասում ես նկարի՝ 2 տարեկան երեխան չի կարողանում նկարել, իսկ Գոհարը նկարում էր․ «Մենք հասկացանք՝ քանի որ ինքն ունի լսելու, խոսքի խնդիր, ինքը պիտի իր խոսքը մարդկանց հասցնի ոչ խոսքային միջոցով։ Այս ամենին Գոհարը հասավ իր աշխատասիրության շնորհիվ։ Թեկուզ 8, 10, 20 տարի առաջ, որ ասեին՝ Գոհարն իր բրենդը, իր բիզնեսը կունենա, չէի պատկերացնի»։

Գոհարի աշխատանքները ներկայացվել են Ստրասբուրգի ամանորյա տոնավաճառում։

Գոհարն ուրախանում է նաև ուրիշների, իր ընկերների հաջողությամբ։ Նրա արվեստանոցում հատուկ ընկերների աշխատանքների անկյուն է ստեղծել։ Մեզ հետ զրույցի, մեր այցելության ընթացքում Գոհարը մշտապես շրջապատված էր իր սաներով, մեկը մյուսի հետևից վարպետության դասի էին գալիս։

Գոհարը գեղանկարչության դաս է անցկացնում 11-ամյա Գայանեի հետ։

Զրույցի ավարտին Գոհարին հարցրի՝ քո աշխատանքներով ի՞նչ ես ցանկանում փոխանցել աշխարհին։ Գոհարն ասաց․ «Ուզում եմ, որ մարդիկ մարդ մնան ու սիրով մնան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սույն հոդվածը պատրաստվել է EU NEIGHBOURS east ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031