ԱԺ նիստում 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին։
«Երբ որ ասում եք՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են, այստեղ հետաքրքիր մանիպուլյացիա կա։ Դուք խոսում եք ոչ թե բացարձակ թվից, պարոն Խաչատրյան, դուք խոսում եք համամասնությունից։ Բյուջեի բոլոր ծախսերը միասին 100 տոկոսն են, եւ եթե որեւէ ծախս մի տեղ ավելանում է, նշանակում է որեւէ ծախս ինչ-որ մի տեղ այդքանով պակասելու է։ Այսինքն՝ եթե պաշտպանության ոլորտի ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ 0,3 տոկոսային կետով պակասել են, նշանակում է՝ 0,3 տոկոսով ավելացել են այլ ոլորտի ծախսեր։ Եվ շատ մեծ հարց է՝ արդյոք կրթության կամ գիտության վրա կատարվող ծախսերը պաշտպանունակության բարձրացմանն ուղղվա՞ծ չեն»,- ասաց Թունյանը։
Նա նշեց, որ եթե անհրաժեշտ լինի, պաշտպանության ոլորտի ծախսերը տարվա ընթացքում էականորեն կավելանան։ «Եվ երբ դուք ասում եք՝ սահմանին զոհ ունենք, սակայն կառավարությունը պաշտպանունակությունը բարձրացնելուն ուղղված քայլեր չի ձեռնարկում, պաշտպանության հանձնաժողովի փակ քննարկումից հետո նման հայտարարություն անելն ինձ համար անհասկանալի է։ Գոնե դուք այդ ինֆորմացիայի հասանելիություն ունեիք եւ պետք է իմանայիք, թե իրականում ինչ է կատարվել»,- հավելեց Թունյանը։
Անդրադառնալով Սնուփ Դոգի համերգի համար ծախսված գումարին՝ Թունյանն ասաց․ «Շատ հետաքրքիր է, երբ Սնուփ Դոգին համեմատում եք արեւի տակ աշխատող մեր հայրենակիցների հետ։ Ոչ մեկը ՀՀ-ում բոցավառված չէ Սնուփ Դոգի համար միլիոնավոր դոլարներ ծախսելու ցանկությամբ։ Եթե որեւէ ծախս կատարվում է, այդ ծախսի տակ դրվում է հստակ հաշվարկ։ Այսինքն՝ հաշվարկն այն է, որ դրա հետեւանքով կգեներացվեն եկամուտներ, տուրիզմը կխթանվի, երկրի ճանաչելիությունը կբարձրանա, կվճարվեն հարկեր, որի արդյունքում 60 աստիճան շոգի տակ աշխատող համաքաղաքացին ավելի բարձր եկամուտ կստանա եւ կարող է ստիպված չլինի 60 աստիճանի տակ աշխատել, որովհետեւ հետաքրքիր հարմարանքներ կլինեն գլխին»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ