«Աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարանները, եւ ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ»,- այսօր ԱԺ նիստում 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Քավ լիցի, չեմ ասում, թե ով ձերբակալվեց, այլեւս ազատության մեջ չպետք է հայտնվի, բայց իմ ընկալումն այն է, որ քննչական եւ օպերատիվ մարմիններն իրենց գործունեությունը լուսաբանելիս պիտի սկսեն ավելի շատ հենվել դատավճիռների, քան նախնական գործողությունների վրա, որոնց դատական ելքը ոչ ոք չգիտի։ Քննչական մարմիններն ու դատախազությունը կառավարությանը, Ազգային ժողովին, հանրությանը հաշվետու լինելիս պետք է հենվեն ոչ թե այն վիճակագրության վրա, թե քանի գործ է հարուցվել կամ ուղարկվել դատարան, այլ քանի գործով է դատավճիռ կայացվել»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ